Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2012 13:53

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության օրն է, 1918 թվականին այս օրը` մայիսի 28-ին, Հայաստանը հռչակվեց որպես հանրապետություն: Ճիշտ է, դա երկար չտևեց, ընդամենը 2.5 տարի, բայց շատ բան տվեց մեզ և հիմք հանդիսացավ մեր մյուս երկու հանրապետությունների կերտման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպեցին և պատմության դասերի, մեր ձեռքբերումների ու բացթողումների մասին իրենց մտքերով կիսվեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն ու պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը:

Վերջինս իր խոսքն սկսեց պատմական այդ  տարեթվի կարևորության և նշանակության մասին հիշեցնելով ու մանրամասնելով. “Հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր աղետներով, կորուստներով հանդերձ, շատ կարևոր տեղ է զբաղեցնում, որովհետև ավելի քան հինգ դար առաջ կորցրած անկախությունը, թեկուզև խիստ կրճատված սահմաններով, թեկուզև Բաթումի պայմանագրի նվաստացուցիչ պայմաններով, այնուամենայնիվ, վերականգնվեց: Ավելին ասեմ, եղեռն տեսած և իր ավելի քան կեսը կորցրած ժողովուրդը, փաստորեն, իր մեջ ուժ գտավ, որպեսզի կարողանա ձեռնամուխ լինել սեփական պետականության վերականգնմանը:

Պատմաբանը, նկատելով այն ժամանակավա մեր ղեկավարների թույլ տված սխալները, այնուամենայնիվ հիշեցրեց, որ նրանց շնորհիվ էր, որ մենք ունեցանք անկախություն. “ Ճիշտ է, շատ են հայհոյել առաջին հանրապետության ղեկավարներին, բայց փառք ու պատիվ նրանց, որ այդ ծանր պայմաններում իրենց մեջ ուժ գտան իրենց ուսերին վերցնել այդ բեռը, որովհետև դա շատ նվաստացուցիչ բեռ էր, և հռչակել Հայաստանի առաջին հանրապետությունը: Դրա համար մենք պարտական ենք ամենից առաջ մայիսյան հերոսամարտերին”:

Հարությունյանը հիշեցրեց նաև, թե ինչպես էին կանայք մթերքներ հասցնում ճակատ, իսկ հոգևորականությունը ինքն էր ժողովրդին կոչ անում, որ դուրս գա ռազմադաշտ ևկռվի. “Սա իրոք համաժողովրդական պատերազմ էր, և թուրքերը բառիս իսկական իմաստով ահաբեկված մինչև Աղին կայարանը փախան, և նրանից հետո էլ դեռ կփախչեին, եթե մեր ղեկավարությունն ավելի խելոք գտնվեր”:  Բանախոսն իր խոսքում մեղմորեն մեղադրեց նաև Դրոյին. ըստ պատմաբանի, եթե նա Ղարաքլիսիային ճակատամարտում մի քիչ ավելի հեռուն նայեր և ավելի ճիշտ որոշում կայացներ, ապա այդ ճակատամարտը միանգամայն այլ` ավելի նպաստավոր ելք կունենար:

Շարունակելով իր գործընկերոջ խոսքը` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ իր հերթին շեշտեց օրվա կարևորության մասին ու նշեց այն պատմական դասերը, որ քաղել է հայ ժողովուրդը մայիսյան հերոսամարտերից. “Առաջին` ամենակարևորը համազգային միասնության հաղթանակն էր:  Ուստի այստեղ ամենակարևոր դասը ազատ և անկախ ապրելու, ժողովրդավարական արժեքները վերականգնելու դասն էր”:

Մյուս կարևոր դասը Մինասյանը համարեց պետականության ծնունդը, պետական կառուցվածքի ստեղծումը, ինչը հնարավորություն տվեց, որպեսզի ստեղծվի նաև մեր երկրորդ հանրապետությունը` Խորհրդային Հայաստանը, իհարկե, ոչ որպես լրիվ անկախ հանրապետություն: Այնուհետև հենց այս հիմքի վրա էլ ստեղծվեց մեր երրորդ` ներկայիս հանրապետությունը: ԵՊՀ պրոֆեսորը մայիսյան հերոսամարտերի և պատմական այս դասերի հիմքի վրա ստեղծված է համարում նաև արցախյան հաղթանակներն ու Արցախի Հանրապետության կազմավորումը:

Խոսելով մեր երրորդ հանրապետության պահպանման ու զարգացման մասին` երկու բանախոսներն էլ կարևորեցին երկրի տնտեսության հզորացման դերը` շեշտելով, որ Հայաստանը պետք է լինի ոչ թե սպասարկող և սպառող երկիր, այլ արդյունաբերող և արտահանող երկիր: Այս ֆոնի վրա պատմաբան Բաբկեն Հարությունյան էլ նկատեց, որ Առաջին Հանրապետության կործանման պատճառներից մեկն այն էր, որ տնտեսությունը քայքայված էր. “Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի երրորդ հանրապետության ապագան ուժեղ տնտեսության մեջ է”:

Դիտվել է 2360 անգամ:
Print Friendly

Leave a Reply