Ամառ. կանա՛յք, ազատեք ձեր մաշկն ավելորդ շպարից

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 13, 2009 13:43
Սնեժաննա

Առանց մակիաժի. Սնեժաննա

Ամառ է, ու արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա այնպես է ուժեղանում, որ մաշկն իր թարմությունն ու գեղեցկությունը չկորցնելու համար խնամքի համապատասխան մեթոդների կարիք է զգում:
Հատկապես հայաստանյան կլիմայական պայմաններում, երբ ամռանը եղանակը չոր է, իսկ արևը պարզապես այրում է, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ճիշտ օգտագործել բնության երեք ուժերի` արևի, օդի և ջրի էներգիան:
Հայտնի է, որ արևի ճառագայթներն անչափ օգտակար են, քանի որ դրանք ամրացնում և կոփում են օրգանիզմը, օդային լոգանքներն ու զբոսանքներն էլ ընտելացնում են օրգանիզմը ջերմաստիճանի տատանումներին, կարգավորում նյութափոխանակությունը և նյարդային համակարգի աշխատանքը, իսկ ջրային շփումները, լողը, ցնցուղը ևս կոփում են օրգանիզմը, բարձրացնում դիմադրողականությունը և այլն, սակայն… ըստ բժշկական դիտարկումների` դրանց չարաշահումը և ոչ ճիշտ օգտագործումը բերում է օրգանիզմի ֆունկցիաների խախտման, որն էլ առաջին հերթին արտահայտվում է մաշկի վրա:
Որպեսզի ամռանը մաշկը պահպանվի արևի վնասակար ազդեցությունից, պայմաններ ստեղծվի քրտինքային և ճարպային գեղձերի նորմալ աշխատանքի համար, ապահովվի օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր գրգռիչների նկատմամբ, կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը կանանց խորհուրդ է տալիս հետևյալը.
«Ամռանը խուսափեք արևի տակ երկար մնալուց: Ակնոցներ ու թեթև գլխարկ կրեք: Շպարը հասցրեք նվազագույնի, որպեսզի մաշկը շնչի: Հատկապես յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել յուղային քսուքներ, քանի որ դրանք, միախառնվելով առատ քրտնարտադրության հետ, մաշկի վրա առաջացնում են ցան, լաքաներ և այլ տհաճ երևույթներ: Չոր մաշկ ունեցողները պետք է խուսափեն հատկապես դեկորատիվ (տոնային) քսուքների ու դիմափոշու օգտագործումից, քանի որ մաշկը կարող է ջրազրկվել: Խուսափեք նաև սնգույրի (ռումյանա) օգտագործումից, քանի որ արևի ճառագայթները սնգույրի հետ փոխազդեցության մեջ են մտնում, որի հետևանքով բացասական ազդեցություն են ունենում մաշկի վրա: Շատ կարևոր է, որ կանայք ամռանն ուշադրություն դարձնեն քսուքների բաղադրությանը և հնարավորինս խուսափեն վազելինային և գլեցիրինային բաղադրությամբ քսուքներից, քանի որ դրանք արևի ճառագայթների հետ փոխազդեցության հետևանքով կարող են մաշկի վրա առաջացնել հետքեր, ինչպես նաև դրանց պատճառով կարող է մաշկի գույնը մգանալ»
Իսկ ի՞նչ է հարկավոր դեմքի հիգիենան ապահովելու համար:
Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս ամռանը հաճախակի լվանալ դեմքը, քանի որ դա ոչ միայն միկրոբների ու փոշու հեռացման լավագույն միջոց է, այլև կարգավորում է ամառվա ընթացքում մաշկին անհրաժեշտ ջրային բալանսը:
,Մաշկի մակերեսին կուտակված փոշին, մաշկի կիսապոկված թեփուկները, քրտինքն ու ճարպը, միախառնվելով իրար, սննդարար միջավայր են առաջացնում միկրոբների զարգացման համար,-ասում է կոսմետոլոգը:- Կարող եք մաշկը լվանալ նաև տաք ջրով, քանի որ տաք ջուրը լավ է մաքրում ծակոտիները, սակայն խորհուրդ եմ տալիս ամռանը տաք ջրով լվացվել շաբաթական մեկ անգամից ոչ ավել, քանի որ տաք ջրի հաճախակի օգտագործումը նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Փոխարենը խորհուրդ եմ տալիս ամռանը դեմքն ու մարմինը հաճախակի շփել սառը ջրով, ինչը կկարգավորի արյան շրջանառությունը տաք եղանակին, կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը, կամրացնի նյարդային համակարգը: Սառը ցնցուղները հատկապես օգտակար են առավոտյան ժամերին, երբ օրգանիզմի ջերմաստիճանը բարձր էե:
Կոսմետոլոգներն ասում են, որ օճառը մաշկին անհրաժեշտ է, քանի որ դրա ազդեցությամբ մաշկի մակերեսային մասն ուռչում է, եղջրավոր շերտի բշտիկները դառնում են փխրուն և արագ պոկվում են, սակայն միաժամանակ հիշեցնում են, որ օճառը մաշկը չորացնում է, ուստի խորհուրդ են տալիս օգտագործել բարձրորակ, բնական օճառ (պարունակում են բուսական հավելումներ), այն էլ` ոչ հաճախակի:
Հաճախ ենք հանդիպում տնային պայմաններում առաջարկվող մրգային, բանջարեղենային կամ կաթնամթերքի բաղադրությամբ դիմակների պատրաստման եղանակների: Սակայն մինչ օգտագործելը, կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը խորհուրդ է տալիս պարզել, թե արդյոք ձեր օրգանիզմը պատրա՞ստ է ընդունել ելակի, մորու կամ էլ, օրինակ, լոլիկի բաղադրությամբ պատրաստված դիմակներ:
,Բնական դիմակներն, անշուշտ, օգտակար են, սակայն, պետք է հաշվի առնել ձեր մաշկի առանձնահատկությունները,-ասում է նա:- Որպեսզի խուսափեք ալերգիկ երևույթներից, ամռանը դեմքի մաշկը թարմացնելու համար խորհուրդ եմ տալիս օգտագործել երիցուկի, շալֆեի և նմանատիպ այլ հակաբորբոքային բույսերի թուրմով թրջոցներ, կամ էլ պարզապես դեմքը շփել սառույցի կտորներով, ինչն օգնում է վերացնել արևի ճառագայթների հետևանքով մաշկի մազանոթների լայնացումն ու տեսանելի դառնալըե:
Առհասարակ, կոսմետոլոգի կարծիքով` մաշկը երիտասարդ, առողջ ու գեղեցիկ պահելու համար չկա ընդհանուր դեղատոմս, կան ընդհանուր խորհուրդներ: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կին ճանաչի իր օրգանիզմը, հետևի տարրական հիգիենայի կանոններին, հետևի իր սննդակարգին և, իհարկե, լինի նյարդային խաղաղ վիճակում:

Դիտվել է 3338 անգամ:
Print Friendly

Leave a Reply