Ինչո՞ւ են հանդուրժողություն պահանջողներն էլ անհանդուրժող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2012 1:31

Վաղվա «Դեմ առ դեմ» բանավեճը (դրա թեման DIY ակումբի պայթեցմանն առնչվող զարգացումներն են) կազմակերպելու ընթացքում մեր լրագրողը գործիչներից մեկից մեղադրանքներ է լսել «Առավոտի» այն հրապարակման առնչությամբ, որտեղ պնդում կար, թե DIY ակումբում կախված է եղել Աթաթուրքի նկարը: Հիշեցնենք, որ նման պնդում էր արել «Նախնյաց հետքերով» հ/կ նախագահ Արման Մխիթարյանը:

Ի դեպ, նշենք, որ երբ DIY ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան կամ նույն ինքը՝ Ծոմակը Tert.am-ին տված հարցազրույցում հերքել էր Աթաթուրքի նկարի մասին պնդումը, «Նախնյաց հետքերով»-ի ներկայացուցիչը որպես ապացույց մեջբերել էր մի հրապարակում, որը լույս է տեսել վերջին շրջանի իրադարձություններից շատ ավելի վաղուց՝ 2011 թվականի օգոստոսի 23-ին: Այստեղից պարզ է դառնում, որ DIY ակումբում բարի մոտ փակցված են եղել թղթադրամներ, «որտեղից հնարավորինս «անկեղծ և առինքնող» ժպիտով մեզ էր նայում ինքը` թուրքերի հայրիկ Աթաթուրքը»: Իհարկե, թղթադրամի վրա պատկերված դիմանկարի մասին չափազանցություն էր ասելը, թե «կախված էր Աթաթուրքի նկարը»: Բայց ամեն դեպքում՝ պնդման պատասխանատվությունը այն անողինն է՝ ոչ լրագրողինը:

Եվ սա նման առաջին դեպքը չէ: Ժամանակին, երբ մեր կայքն առաջիններից մեկը հաղորդեց DIY-ի պայթեցման մասին, միջանկյալ նշելով այն, ինչ հետո եւ հաստատվեց, թե պայթեցման պատճառն այն է, որ այս ակումբում հավաքվողների մեջ լինում են նաեւ միասեռականներ՝ մեկը մեկնաբանություն էր փորձել թողնել. «Դուք ապուշ եք, միայն հետևյալ մտքի համար: Միասեռականներ ամեն տեղ էլ կան, նշանակում է պետք է ամեն ինչ պայթեցնե՞լ»: Մեկնաբանությունը չի հրապարակվել, քանի որ խախտել է «Հրապարակման կանոնները (եւս մեկ անգամ հիշեցնենք՝ չեն հրապարակվում այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են մասնավորապես անձնական վիրավորանքներ, հարձակումներ են հեղինակի նկատմամբ):

Սակայն ուշադիր ընթերցեք վերոհիշյալ տեքստը, ու փորձեք հասկանալ՝ ինչի՞ց էր մեզ մեղադրողը եզրակացրել, որ մենք պայթեցման կողմնակից ենք: Աստված մի արասցե:

Օրինակները կարող էինք շարունակել: Լրագրողը Վիոլետ Գրիգորյանի՝ ասուլիսում ասած խոսքն է մեջբերում. «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն թանգարանը պայթեցնեն, այնտեղ միասեռական արվեստի նմուշներ կան, եւ Փարաջանովը միասեռական էր», եւ մեկը հենց մեր լրագրողին ուղղված վիրավորական մեկնաբանություն է փորձում հրապարակել. «Փառաջանովի միասեռական գործողություններին նեկա՞ եք եղել»:

Այս ոչ այնքան գրագետ տեքստի հեղինակը բավական հայտնի անձնավորություն է, անգամ մտավորական: Բայց ոչ նա, ոչ էլ «Դեմ առ դեմ»-ի վերոհիշյալ հրավիրյալը կարծես թե չեն զանազանում լրագրողի խոսքը, դիրքորոշումը, կարծիքը, նրանից, ինչ նա ներկայացնում է, լուսաբանում, փոխանցում:

Մենք ներկայացրել ու ներկայացնում ենք այս պատմության բոլոր կողմերի տեսակետները: Եվ երկու կողմն էլ, փաստորեն, գրեթե նույնքան անհանդուրժող են, որ խոսափող է տրամադրվում նաեւ մյուս կողմին: Բնավ ու երբեք չէի ուզենա հավասարության նշան դնել այն պայմաններում, երբ մի կողմն իր անհանդուրժողությունն արտահայտում է հրկիզումներով ու բռնությամբ: Բայց ամենաարտառոցն այն է, որ բազմազանության նկատմամբ հանդուրժողություն ակնկալողներն էլ փաստորեն չեն հանդուրժում, որ ներկայացվի նաեւ չհանդուրժողների տեսակետը:

aravot.am

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply