Վարչապետը ծանոթացել է Գյումրու «Մուշ-2» թաղամասում իրականացվող մեծածավալ շինաշխատանքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 27, 2012 0:39

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս` հետևել լայնածավալ շինարարակական աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Գյումրու Բուլվարային փողոցը «Մուշ-2» թաղամասին միացնող ճանապարհի շինաշխատանքներին, որի համար հատկացվել է 500 մլն դրամ: 2,5 կմ երկարություն, 7 մ լայնություն ունեցող ճանապարհին կից կառուցվում է նաև պուրակ: Ներկայում ընթացքի մեջ են հողային աշխատանքները, շարվում են եզրաքարերը, որի ավարտից հետո կտեղադրվի խճային հիմք, և կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանը եղել է «Մուշ-2» թաղամասի 1080 աշակերտական տեղով նոր դպրոցի կառուցման շինհրապարակում: Աշխատանքների արժեքը կազմում է 2 մլրդ 12 մլն դրամ: 2-3 հարկանի դպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ 2012 թվականի օգոստոսի 10-ը: Այն բաղկացած է լինելու չորս մասնաշենքերից: Ջեռուցումն իրականացնելու համար կառուցվում է կաթսայատուն, իսկ դպրոցին հարակից տարածքում կիրականացվի կանաչապատում:
Վարչապետը ծանոթացել է նաև «Մուշ-2» թաղամասում կառուցվող բնակարանների շինաշխատանքների որակին: Ներկայում ավարտման փուլում գտնվող 1756 բնակարաններից 585-ը, որոնցից 464-ը երեք սենյականոց, իսկ մնացածը` չորս, այս տարվա մայիսի 25-ին արդեն բաշխվել են կայացած վիճակահանությունների արդյունքում: Մյուս 1174 բնակարանները, որոնցից 528-ը` երկու սենյականոց, 646-ը` մեկ սենյականոց, կբաշխվեն ոչ ուշ, քան այս տարվա հուլիսին: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ իրենց բնակարանային խնդիրներին լուծում տալու համար: Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ կարճատև զրույցում նշել է, որ որոշակի տեխնիկական աշխատանքների ավարտից հետո բնակարաններն ամբողջությամբ պատրաստ կլինեն շահագործման:
Սպասվում է, որ դեռևս լուծում պահանջող 420 ընտանիքների բնակարանային խնդիրներն իրենց լուծումը կստանան ընթացիկ տարում սկսվող լրացուցիչ կառուցվելիք բնակարանների հատկացմամբ:
2010 թ-ին թաղամասում շահագործման է հանձնվել 1056 բնակարան` 22 բազմաբնակարան շենք, որոնցից 1035-ը վիճակահանությամբ բաշխվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների շրջանում: 15 բնակարաններ կառավարության որոշումներով հատկացվել է այլ սոցխմբերում ընդգրկված անձանց:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply