Շուշին կրթամշակութային ուսումնական նոր կենտրոն ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2012 12:59

Ս.թ մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ 60 հոգուց բաղկացած պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ,  Շուշիում հանդիսավորությամբ բացեց կրթամշակութային կենտրոնի ուսումնական հատվածը, որը վերակառուցվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը,  պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, Շուշիի բնակիչներ:

Կարմիր  ժապավենը կտրեցին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը, նախարար Նարինե Աղաբալյանը, ծրագրի նվիրատուներից` Օհան Օհանեսյանը:
Շահագործման հանձնված հատվածում կգործեն Մկրտիչ Խանդամիրյանի պետական թատրոնը, «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը, նկարչության, բալետի , ժողովրդական գործիքների, ասեղնագործության խմբակները, մեծահասակների թատրոնը, ինչպես նաեւ տիկնիկային թատրոնը, որն անվանվել է կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունով: Վերջինս ծրագրի նվիրատուներից է եւ տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի ձեռնարկներին:

«Ղարաբաղի ուժը լեռների մեջ է, հայության ուժը` մշակույթի»,- իր խոսքը եզրափակեց Մկրտիչ Մկրտիչյանը կարեւորելով մշակույթի դերը Շուշիի պատմամշակութային ավանդույթների վերածնունդի գործում:

«Միացյալ ուժերով կերտվեց նաև այս հաղթանակը, որի համար հպարտ եմ, շնորհիվ մեր հավատքի եւ նման ձեռքբերումների` Շուշին կվերստանա անցյալի իր փառքը: Ամուր  կառչեք այս հողին, սա է մեր խնդրանքը»,- իր խոսքում ասաց  Արա Բոյաջյանը:

Ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվում է մշակույթի տան 450 հոգու համար նախատեսված  հանդիսությունների սրահը, բարեկարգվում է տարածքը: Աշխատանքները  ֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության կողմից եւ կավարտվեն մոտակա ամիսներին:

Բացման արարողությունից հետո պատվիրակությունն այցելեց Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոց, որի ամբողջական հիմնանորոգումը մոտենում է ավարտին: Ծրագիրն իրականացվում է Մոսկվայի ճաշկերույթ-դրամահավաքի հասույթից եւ ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ: Շուտով կգործեն նաեւ երկու համակարգչային դասասենյակները, որոնք հիմնվել են Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի անհատ նվիրատուների հովանավորությամբ:

Այնուհետ, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելեց Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար, ինչպես նաեւ Շուշիի պատմական Մարիամյան օրիորդաց դպրոց, որը հիմնանորոգվել է ԼՂՀ կառավարության ջանքերով:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply