Արթուր Աբրահամը մրցակցին հաղթեց նոկաուտով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 19, 2009 14:33

IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Բեռլին քաղաքում անցկացրած հանդիպումում նոկաուտով հաղթեց աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեյն Թեյլորին: Բռնցքամարտիկները մրցում էին «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակում:

12-րդ ռաունդի վերջում Արթուրը հուժկու հարվածով մրցակցին տապալեց ռինգի հատակին : Այս հաղթանակից հետո Աբրահամը վաստակեց 3 միավոր: Մրցաշարում միավորներով առավելության հասած բռնցքամարտիկը ստանում է 2 միավոր: Պարտություն կրած բռնցքամարտիկին ոչ մի միավոր չի շնորհվում: Մրցամարտից հետո Արթուրը հայտնել է, որ Թեյլորը լավ է անցկացրել հանդիպումը, սակայն ինքն ավելի ուժեղ է գտնվել: Ի դեպ, մրցամարտից հետո ամերիկացի պրոֆեսիոնալը հայտնվել է հիվանդանոցում: Մարզիկի պրոումոթեր Լու Դիբելլան հայտնել է, նա մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, քանի որ ուղեղի ուժեղ ցնցում է ստացել: Կատարվածի առիթով Արթուրն ասել է, որ ինքը ցավում է և մաղթում, որ մրցակիցը շուտափույթ ապաքինվի: Նա նաև նշել է, որ բոլոր հակառակորդների հետ հանդիպումներն անցկացնում է ուժերի ամբողջ ներդրումով:

Արթուրի հաջորդ մրցամարտը կանցկացվի հունվարի 23-ին ամերիկացի Անդրե Դիրելլի հետ:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply