ՀՀ նախագահը ճիշտ է արել, որ չի գնացել Չիկագո

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 18:14


Չիկագոյում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովը, որին Հայաստանի նախագահը չի մասնակցել, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, տարածաշրջանային երկու կարևոր արդյունք է արձանագրել, որոնք ուշագրավ են. “Առաջինն այն է, որ Վրաստանի առջև սկզբունքորեն հնարավորություն բացվեց անդամակցելու ՆԱՏՕ-ին: Չնայած մեծ ուշադրություն դրա վրա չդարձվեց, բայց, իրականում, սա կարևոր և սկզբունքային որոշում է: Իհարկե ժամկետները դեռևս չեն նշվում, բայց այն, որ ՆԱՏՕ-ն հնարավորություն տվեց Վրաստանին ինչ-որ մի ժամանակ , ապագայում,անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին, դա նշանակում է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը փոխվում է”:
Երկրորդ կարևոր արդյունքն, ըստ Սաֆրաստյանի, այն է, որ ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում հատուկ տեղ հատկացվեց Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, և ակնհայտորեն նույնպես նախապատվությունը տրվեց տարածքային ամբողջականության սկզբունքին:
Սաֆրաստյանը նաև միանգամայն արդարացված է համարում ՀՀ նախագահի որոշումը` չմասնակցել այդ գագաթաժողովին. “ Ես կարծում եմ, որ նախագահը շատ ճիշտ արեց, որ չգնաց Չիկագո, քանի որ ՆԱՏՕ-ի այդ ձևակերպումը, փաստորեն, հակասում է Մինսկի խմբի կողմից ընդունված այն սկզբունքին, երբ Հելսինկյան վերջնական ակտի բոլոր երեք սկզբունքները համարվում են համահավասար, իսկ ՆԱՏՕ-ն, ինչպես նշեցի, նախապատվությունը, ցավոք սրտի, տվեց տարածքային ամբողջականության սկզբունքին, և, պատկերացնու±մ եք` ինչ կլիներ, եթե Հայաստանի նախագահը ներկա լիներ Չիկագոյում և ընդունվեր այդ փաստթուղթը այն ձևակերպմամբ, ինչպես որ ընդունվեց, և, բացի այդ, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, մեր նախագահին հնարավորություն չէր տրվի ելույթ ունենալ”:
ՆԱՏՕ-ի այս դիրքորոշման և քաղաքականության վերաբերյալ բանախոսի անձնական գնահատականն այն է, որ ՆԱՏՕ-ն սկսում է ավելի խորը ներգրավվել Հարավկովկասյան գործերի մեջ. “Սա կապված է այն հանգամանքի հետ, որ, կարծես թե, Բալկանյան թերակղզում ՆԱՏՕ-ն հիմնականում իր նպատակներին հասել է, նաև կապված է այն հանգամանքի հետ, որ ՆԱՏՕ-ն, այս գագաթաժողովում ընդունված որոշումով, 2014 թ.-ից վերջացնում է իր առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև դա կապված է այն հանգամանքի հետ, որ Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի են ունենում շատ կարևոր աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց ՆԱՏՕ-ն ուշի-ուշով հետևում է, և այս երեք հանգամանքները, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի “աչքերում” Հարավային Կովկասի դերը բարձրացնում են, և նա արդեն համապատասխանաբար արձագանքում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նշանակության բարձրացմանը:
Սաֆրաստյանը նաև տեղեկացրեց, որ գագաթաժողովում ստորագրված այս փաստաթղթերը պարտադիր կատարման ուժ չունեն, դրանք ընդամենը արտահայտում են ՆԱՏՕ-ի ընդհանուր մոտեցումները, սակայն նա մտավախություն հայտնեց, որ Ադրբեջանը սա կարող է իր քաղաքականության համար որպես հիմնավորում օգտագործել, և այդ հիմնավորումը կօգտագործի Մինսկի խմբում ընթացող բանակցություններում, ինչպես նաև մտավախություն կա, որ նաև օգտագործելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ավելի մեծ դերակատարում է ստանում որպես Իրանի հետ սահման ունեցող երկիր, կարող է ավելի ուժեղացնել իր ճնշման քաղաքականությունը Հայաստանի և Ղարաբաղի վրա`անընդհատ կազմակերպելով տարբեր տեսակի պրովոկացիաներ սահմանի վրա, ուստի բանախոսը գտնում է, որ այս առումով ՆԱՏՕ-ի փաստաթուղթը սխալ էր:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply