Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է ՀԱԿ-ի դիմումը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 25, 2012 13:08
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` մայիսի 25-ին քննում է Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:
Գործով որպես պատասխանող ճանաչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդել է դատարանին` կարճել հայցը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, սակայն ՍԴ-ն մերժել է Մուկուչյանի միջնորդությունը եւ որոշել դիմումը քննել բանավոր կարգով: Սահմանադրական դատարանում գործով որպես զեկուցող են ճանաչվել ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն ու Ֆելիքս Թոխյանը:
Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ում ներկայացնում են փաստաբան Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Վերջինս իր խոսքում արձանագրել է, որ ընտրությունների մասնակիցների թիվն ուռճացված է: Նա ծիծաղելի է համարել 1,5 միլիոն մասնակիցների թիվը` նշելով, որ ընտրություններին լավագույն դեպքում մասնակցել է առնվազն 1 մլն 80 հազար մարդ:
Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով ՍԴ են դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված վեց թեկնածուներ, որոնցից հինգը` Հայ ազգային կոնգրեսից` Մանուել Գասպարյանը (թիվ 3), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7), Լեւոն Զուրաբյանը (թիվ 9), Գագիկ Ներսիսյանը (թիվ 17) եւ Դավիթ Մաթեւոսյանը (թիվ 38), նաեւ թիվ 37-ում ինքնառաջադրված Սամվել Հարությունյանը: Նրանց դիմումները քննարկվելու են հունիսին:






Facebook
Tweet This
Email This Post
