Նոր շտեմարան, նոր հարցեր ու հարցականներ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 24, 2012 16:25
Վերջին տարիների քննական ամառները հագեցած էին սուր ու անախորժ բանակռիվներով. «փակ» թեստերի հեղինակ-կազմողները համառորեն պաշտպանում էին իրենց կազմածները, «դրսի» մասնագետները ոչ պակաս համառությամբ նրանց մեղադրում էին ոչ արհեստավարժ հմտության կամ մանկավարժական անընդունելի մոտեցումների մեջ:

Ի վերջո որոշվեց վերադառնալ հարցարանների բաց-հրապարակային ձևերին: Գնահատման և թեստավորման կենտրոնը փութեռանդորեն ստեղծեց աշխատանքային խումբ, որն էլ դեկտեմբեր-մարտ ամիսներին դպրոցականի առջև դրեց «Հայոց լեզու և հայ գրականություն» չորսմասանի շտեմարանը՝ շուրջ 5.000 միավոր առաջադրանք-վարժություններով:

Չզլանանք ասելու, որ շտեմարանի հեղինակային խումբը համեմատաբար մի կարճ ժամանակաընթացում կարողացել է, իրոք, հմտալից ու մեծածավալ գործ կատարել: Դրա արժեքը տեղ-տեղ նվազում է թերևս անխուսափելի թերացումներով ու սխալներով, որոնք մի զգալի չափով կարող ենք բացատրել (ոչ թե՝ արդարացնել) նույն ժամանակի սղության գործոնով:

Հիմա, երբ չափազանց քիչ ժամանակ է մնում, հույժ կարևոր է մատնանշել շտեմարանում տեղ գտած այն վրիպումները, որոնք կարող են ընկնել պետական ավարտական և միասնական քննությունների թեստերը՝ տեղիք տալով տհաճ միջադեպերի: Հասկանալի է, որ շտեմարանի 4-րդ մասի վերջում զետեղված «նկատված վրիպակներին» անդրադառնալու իմաստ չկա (բացառությամբ սխալ «ուղղումների»), մանավանդ որ դրանց զգալի մասը զուտ դիպվածային – տեխնիկական է և չի խանգարում առաջադրանքների ճիշտ լուծմանը: Այն էլ է հասկանալի, որ մատնանշելիք սխալները կարող են արդեն տեղ գտած լինել (վաղուց ի վեր կազմված-առանձնացված) բուն քննական թեստերում, և այսուհանդերձ դրանց հրապարակումը, կարծում եմ, կարող է կանխել գնահատված միավորների անարդար հաշվարկը:

Անցնենք կոնկրետ դիտարկումներին՝ ըստ թեմատիկ ստորաբաժանումների:

Ա. Հնչյունաբանություն:

Ուղղագրության առաջին ենթաբաժնում ընդհանուր առմամբ դյուրընկալելի բառեր են ներկայացված՝ բացառությամբ թերևս անտեղի սպրդած «մրճակերտ»-ի (I մաս, էջ 10, վարժ. 43, այսուհետև նույն հերթականությամբ կնշվեն միայն թվանշանները՝ I, 10-43). բառս բացակայում է հանձնարարված բառարաններում:

Առարկելի է «Անկախ Պետությունների Համագործակցություն» (III, 16-3) բառակապակցության ներկայությունը: Առարկելի ո՛չ նրա համար, որ դրա՝ բոլոր բաղադրիչների մեծատառով գրության ձևը ճիշտ չէ: Ամենևին: Առարկելի է, քանի որ ոչ մի կերպ չես կարող բացատրել աշակերտին (և առհասարակ որևէ մասնագետի), թե ինչու՛ լեզվի պետական տեսչության կողմից հաստատված «Բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածության մասին» որոշման 2-րդ կետի գ. ենթակետի համաձայն՝ պետությունների խմբերի, դաշինքների, միավորումների անուններում (օրինակ՝ Արաբական պետությունների լիգա, Բրիտանիայի ազգերի համագործակցություն և այլն) միայն առաջին բաղադրիչն է սկսվում մեծատառով, իսկ, ա՛յ, Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ բոլորը մեծատառով (տե՛ս «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու», 2006, էջ 290): Ինչու՞ է բացառություն արվել: Հարցը, որ հնչեցվել է մշտապես (հիշյալ որոշումը ուժի մեջ մտնելուց դեռ շատ առաջ), այդպես էլ մնացել է անարձագանք, անմեկնելի: Այնպես որ, ու՞մ և ի՞նչ հիմունքով պահանջ ներկայացնես այդ անվանումը շտեմարան ներքաշելու համար: Բայց ո՞ր մեղքի համար կամ ո՞ր տրամաբանությամբ աշակերտից պահանջես, որ ԱՊՀ-ի բոլոր բաղադրիչները մեծատառով գրելն է ճիշտ, իսկ կողքի վարժությունում «Ազգերի բրիտանական համագործակցություն»-ը՝ միայն այսպես:

Ուղղագրությանը վերաբերող կողմնակի սխալներից նշենք հետևյալները.

ա) Դիոնիսիոս (III, 76-18).  ճիշտը՝ Դիոնիսոս:

բ) ԲաշԱպարան (IV, 18-8). ճիշտը առանց գծիկի է՝ Բաշ Ապարան:

գ) «Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչոք չի ճանաչում (III, 227-251), Ոչոք, ոչո՛ք չգիտե »… (III, 228-253). և՛ գծիկն է սխալ, և՛ շեշտի տեղը:

դ)  Իսահակյանի տողում՝ «Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր», ընդգծվածը մեկ ն-ով պիտի լինի, այլապես խախտվում է քառավանկ չափը: Հեղինակի հսկողությամբ լույս տեսած ժողովածուներում՝ սկսած առաջին հրատարակությունից (տե՛ս Ավ.Իսահակյան, Ընտիր յերկեր, հ.1, 1939թ., էջ 278) բառս այդպես է՝ դյուցազների (հմմտ. աստղ-աստղեր, կայսր-կայսրեր): Հետագա հրատարակություններում (այդ թվում և Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորում, էջ 486), ցավոք, նույն սխալագրությունն է:

ե) Զարմացնում է Հայր Մարդպետ անվան գրության երկձևությունը. շտեմարանի III մասի էջերում (161, 196, 198, 199) ճիշտ ձևն է, իսկ IV-ում համառորեն կրկնվում է սխալաձևությունը՝ Հայր մարդպետ (204-205):

«Վանկ, շեշտ, հնչյունափոխություն» ենթաբաժնում տարաբնույթ սխալներ կան:

Նախ անհասկանալի է՝ ինչու են ուղղել I, 38-49-ի պատասխանը: Հնչյունափոխության քանի՞ դեպք կա սրբապղծություն (սըրբ < սուրբ, պըղծ < պիղծ), թղթապանակ (թըղթ < թուղթ), ծնրադրել (ծըն-րա < ծու-նըր, դըր < դիր), դիմադրություն (դիմ < դեմ, դըր < դիր) բառերում հարցի պատասխանը, իրոք, «ութ» է և ոչ՝ «յոթ»:

Սխալ է III, 30-58-ի պատասխանը, քանի որ տրված չորս նախադասություններից երեքում հնչյունափոխված բառ կա (1. «ճանապարհը տնից գոմն էր», 2. «խրվում էին գետնի մեջ», 3. «երկար պիտի մնար»), ուստի և պատասխանը պիտի լինի՝ «3) երեքում»:

Պետք է ուղղել նաև IV, 27-28-ի պատասխանը, քանի որ տրված բառերում կա ու ձայնավորի յոթ (ոչ թե վեց) հնչյունափոխություն. քթըմպան (< ումպ), թթվածնային (<թթու), չվացուցակ (<չու), մսատվություն (<մսատու), բազմանշանակ (<բազում), խմիչք (<խում), ձնագնդի (<գունդ):

«Ո՞ր նախադասության մեջ հնչյունափոխված բառ կա» (III, 29-51) հարցը երկու լուծում ունի՝ ոչ միայն մատնանշված 1)-ը («մամռոտած»), այլև 3)-ը («տանուտերը»), չէ՞ որ տուն > տան ձայնդարձը նույնպես հնչյունափոխության (պատմական) դրսևորումներից է:

Ուղղախոսության հարցերից խոսելիս պիտի ասել, որ շտեմարանում խիստ միագծորեն են հետևել ո-ի և ե-ի արտասանության կանոններին: Միայն մեկ օրինակ բերենք՝ IV, 20-7-ը, որտեղ պարտադիր է համարվել «քսաներեք, աներևակայելի, տասներեք, մակերիկամ» բառերում թավ գրված ե-ի արտասանությունը: Իրողությունը այլ է, ինչի մասին խոսվում է թե՛ գիտական, թե՛ ուսումնական գրականության մեջ: Հենց միայն վկայաբերենք հայերենի քննության  «Ուղեցույցի» հեղինակներից Յու.Ավետիսյանի և Հ.Զաքարյանի հետևյալ ճիշտ դիտարկումը. «Ներկայումս ան– նախածանցով առանձին  բառերում ե-ն ունի երկակի արտասանություն՝ է և յէ, ինչպես՝ անյէկամտաբեր // անէկամտաբեր, անյէրևակայելի // անէրևակայելի, քսանյէրեք // քսանէրեք, հիսունյէրկու // հիսունէրկու» և այլն («Հնչյունաբանություն», 2008, էջ 17): Այսպես է նաև ոօ-ի դեպքում:

Նույնպիսի միակողմանի չափանիշն է բանեցվում առանձնացված մի շարք բառերի շեշտադրությունը որոշելիս: Ուսումնասիրություններում, դասագրքերում մշտապես հիշատակվել է, որ երկակի արտասանություն ունեն երորդ մասնիկով կազմված թվականները, մի քանի այլ բառեր՝ այսպես, այդքան, դարձյալ, գոնե, գուցե, մանավանդ, նույնքան, նույնպիսի, նույնպես և այլն (տե՛ս, օրինակ, վերը հիշատակած «Հնչյունաբանությունը», էջ 61; Գ.Ջահուկյան, Ֆ.Խլղաթյան, Հայոց լեզու, 9-10, 1994, էջ 80; Ս.Աբրահամյան, Հայերենի կետադրություն, 2002, էջ 67): Այնինչ շտեմարանում շեշտադրությանը վերաբերող մի քանի վարժությունների լուծումը կախված է բերված բառերի միայն մե՛կ շեշտադրումը ճիշտ համարելու պարտադրանքից (IV, 24-12, 25-19 և այլն):

Անընդունելի է նաև մի շարք փոխառյալ բառերի ուղիղ ձևերի ճիշտ արտասանությունը արհեստականորեն կապել դրանց «բնագրային» (՞) շեշտադրության հետ, ինչպես դա տեսնում ենք III, 24-20, IV, 25-17, 25-20 վարժություններում: Ճիշտը այն է, որ դրանք հայերենի սեփականություն են դառնում հենց վերջնավանկ շեշտադրություն ունենալով: Եվ հետո. քի՛միա, տե՛խնիկա կամ մեխա՛նիկա արտասանելով՝ ես, ի՞նչ է, պահպանում եմ դրանց «մայրենի», այն է՝ հունարենի շե՞շտը … Պարզ չէ՞, որ դա ռուսերենից եկածն է: Նույն ռուսերենի շեշտադրությունը չէ՞ օ՛պերա ձևում, որի փոխատուն իտալերենն է, իսկ վերջինիս համար էլ՝ լատիներենը: Հիմա, ի՞նչ է, պիտի պարզեմ, թե այս մեռած լեզվում ո՞ր վանկն է շեշտադրվել … Անհեթեթություն է, պարապ զբաղմունք: Մնում է հիշեցնել «Ուղեցույցի» հրահանգը՝ բացառել «օտար ծագմամբ հասարակ և հատուկ անունների շեշտադրությունը» (էջ 5):

IV, 26-24 վարժության նախադասության մեջ կա վերջին վանկը չշեշտվող ոչ թե հինգ (պատասխանն է), այլ վեց բառ՝ աստղերը, վե՛ր կաց, մավր, պատասխանը, դուռն, գարունը (դեռ չհաշված «կանչում է» բառաձևը):

«Ո՞ր պնդումն է սխալ» (III, 20-24) հարցը երկու պատասխան ունի. և՛ մատնանշված 4-ը («Հայոց լեզուն ունի 31 բաղաձայն»), և՛ 1-ը՝ «Հայոց այբուբենը 5-րդ դարում ունեցել է 36 տառ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանել է մեկ հնչյունի» (միայն մտաբերենք ե, է տառերը և ու հնչյունը, որը առանձին գրանիշ՝ տառ, չի ունեցել):

Բ. Բառագիտություն:

Իմաստաբանության ենթաբաժնում հարցեր են ծագում:

ա) Մի՞թե քաղցրաբարո-ն հոմանիշ է համեստ, խոնարհ ու հեզ բառերին
(I, 42-19), իսկ առաստաղ՝ ձեղուն-ին ու տանիք-ին (II, 43-24): Եվ հակառակը՝ բագին-ն ու եկեղեցի-ն, որ հոմանիշ են տաճար-ին, չե՞ն կազմում հոմանշային զույգ (III, 36-19):

բ) Ո՞վ չգիտի, որ խոյակ-ն է քանդակազարդ սյունագլուխ-ը և ոչ թե մույթ-ը (ըստ I, 49-64-ի): Մի ուրիշ տեղ էլ (III, 12-57) այս մույթհենասյուն է համարվում, թեև այն՝ իբրև ճարտարապետական եզրաբառ, ավելի ստույգ բացատրություն ունի՝ կամարակալ: Իսկ ջոկ-ը, որ բոլոր հայտնի բառարաններում «ձիերի խումբ, երամակ» է նշանակում, շտեմարանում, չգիտես ինչու, փղերի խումբ է (II, 49-64):

գ) Ինչու՞ է փոխվել I, 57-112 վարժության նախկին ճիշտ պատասխանը՝ «2) երեքը» դարձնելով «1) երկուսը». այդ ո՞ր նշանավոր բառարանում է գրանցված, թե շուն ու կատվի ընկերություն-ը նույնպես դարձվածք է: Իսկ «Աստղերը երկնի անհուն խորքերից Անհուն հայացքով զարթնեցին նորից» երկտողում ընդգծված «անհուն»-ը մի՞թե գործածվում է փոխաբերական իմաստով (III, 43-71): Սրան հաջորդող վարժ. 72-ում էլ փոխաբերական իմաստ է վերագրված «միամիտ բացատրություն» բառակապակցությանը, երբ ո՛չ Աղայանի բառարանը, ո՛չ քառահատոր ակադեմիականը այդպիսի նշում բնականաբար չունեն: Եվ ընդհակառակը՝ «Դանդաղ քայլում է մեծ բանաստեղծը» նախադասությունում, որտեղ մեծ-ը նշանակում է «ականավոր, աչքի ընկնող, նշանավոր, տաղանդավոր», ըստ շտեմարանի՝ փոխաբերական իմաստով չէ գործածված (IV, 36-39):

Շատ հարցականների ու մտորումների տեղիք է տալիս բառակազմության ենթաբաժինը: Այստեղ այնպիսի առաջադրանքներ կան, որոնք շատ հեռու են դպրոցի շրջանակներից, իսկ առանձին դեպքերում դրանք պարզապես անլուծելի են:

Նախ անհասկանալի է՝ ինչու է փոխվել I, 70-67-ի պատասխանը: Հարցը սա է. «Տրված բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ –իչ վերջածանցը և բառ կազ­մել (առանց երկրորդ ածանցի)»: Բերենք տրված բառերը՝ միաժամանակ լուծելով առա­ջադրանքը. «Լուսավորչական, ինքնուսույց, մարզպետարան, նվագավար (>վարիչ), մատնահարդար (>մատնիչ), արտահայտություն, հոգեհմա (>հմայիչ), զանգահարել (>հարիչ), սպառնալիք, ցանուցիր (>ցրիչ)»: Ստացվեց 5 բառ, ինչը որ ճիշտ և սկզբնապես գրանցված պատասխանն է:

Մի ուրիշ տեղ (I, 67-50) պիտի որոշվի, թե «նվիրակ, խաժակ, դանակ, էակ, գանձանակ, դայակ, մանուշակ, վրիպակ, կրակ, հրապարակ» բառերից քանիսու՞մ կա –ակ վերջածանցը: Պատասխանն է՝ «երեքում»: Իրականում երկուսն են՝ էակ, վրիպակ: «Խաժակ»-ը բարդ է՝ «խաժ աչքեր ունեցող», «գանձանակ»-ում՝ «-անակ»: Մնացածները փոխառյալ ամբողջական բառեր են:

Սխալ վերլուծությունների ենք հանդիպում III մասում. 59-84 վարժությունում ներգոյական բառի արմատը ոչ թե նշված գո-ն է, այլ հենց գոյը, իսկ 59-87-ում օդերևութաբանբան-ը ոչ թե արմատ է, այլ միմիայն՝ ածանց: 32-69 վարժությունում դիմորդը պիտի գտնի, թե «շարքերից քանիսի՞ բոլոր բառերի (բառաձևերի) երկրորդ արմատում հնչյունափոխություն կա»: Պատասխանն է՝ «1) մեկի», և անկասկած նկատի է առնված «ջրածնային, ալեծփուն, պատասխանատվություն» բառաշարքը: Բայց չի՞ կարելի ավելացնել 2-րդը՝ «նկարագրություն, թերագնահատել, մանկապատանեկան» շարքը: Առաջադրանքը կազմողը հավանաբար թերագնահատել բառում թեր-ը ածանց է դիտել: Անշուշտ, իրավունք ունի: Բայց քերականագիտության մեջ կա նաև թեր-ը արմատ համարելու նույնքան հիմնավորված մոտեցում, ինչը, ի դեպ, արձանագրված է Ս.Գալստյանի «Դպրոցական բառակազմական բառարանում» (էջ 63-64): Հիմա ինչպե՞ս կողմնորոշվի աշակերտը: Նա գո՛րծ չունի: Վարժություն կազմո՛ղը պիտի ճիշտ կողմնորոշվեր և հետևելով գոնե «Ուղեցույցի» հրահանգին՝ չընդգրկեր տարակարծությունների տեղիք տվող հարցադրումներ:

Այս ամենը դեռ փոքրիկ պատահարներ է նրա համեմատ, ինչ հանդիպում ենք շտեմարանի 4-րդ մասի առաջադրվող գլուխկոտրուկներում:

Տարօրինակը ո՞րն է: Այն, որ գրեթե հարակից էջերում բառակազմական վերլուծությունների միանգամայն հակադիր մոտեցումներ են պարտադրվում: Տեսե՛ք, միջակ աշակերտին էլ է պարզ, որ անապատ բառը ածանցավոր է, որ ապատ՝ «շեն, բնակելի վայր», գործածված է անգամ մեր ժամանակների գրողների գործերում (Ավ.Իսահակյան՝ «Քո հայրը ուներ ավան ու ապատ», Պ.Սևակ՝ «Պետք չեն արցունքներ …, թող հոսի քրտի՜նք … ապառաժները դարձնելով հնձան …, անապատները՝ շենապատների բաց ցուցահանդես»), որ այն պարզ երևում է Վաղարշապատ, Սարդա­րապատ անուններում …: Այսքանից հետո մի զարմանալի հետևողակա­նու­թյամբ 46-30 և 50-58 վարժություններում անապատ-ը ամբողջական արմատ է ներկայացվել:

Սա՝ մի կողմից:

Մյուս կողմից՝ ճիշտ հակառակը. որոշ առաջադրանքներում աշակերտին ներքաշում են պատմական ստուգաբանության խորխորատները՝ պարտադրելով, որ նա սխալ համարի, ասենք, դեղնակարմրավուն = դեղ(ի)ն + ա + կարմ(ի)ր + ավուն (50-53) բառակազմական վերլուծությունը: Ինչու՞. երևի այն պատճառով, որ Աճառյանը իր «Արմատական բառարանում» ցույց է տվել դեղին-ի (նաև «դեղձի, դեղձանի, դաղձի» …) նախնական դեղ արմատը: Բայց չէ՞ որ նույն տեղում էլ Աճառյանը խոսում է «դեղինի» (նաև մյուսների)՝ իբրև առանձին ամբողջական արմատների մասին (տե՛ս I հ., 647-652 էջեր):

Հապա մյու՜սը … Ուղղակի հրա՛շք վերլուծություն. հակառակորդ = հակ + առ + ակ + որդ (50-55): Դե թող աշակերտը քրքրի Արմատականը՝ իմանալու, որ առակ՝ հին հայերենում «օրինակ» նշանակությունը ունեցող բառի շատ ավելի վաղնջական ձևը առ + ակ (ակն) է, և ուրեմն սխալ պիտի համարի թեկուզ հակառակորդ վերլուծությունը:

Այո՛, այդպիսին է կազմողի կամքը: Նա կամենում է, որ հաջորդ վերլուծությունը արդեն սխա՛լ համարես՝ հանդիպակաց = հան + դիպ (դեպ) + ա + կաց (50-54): Ինչու է սխալ՝ քո գործը չէ: Եվ արդեն պետք չէ դիմել Աճառյանին՝ վերջնականապես պարզելու, որ հանհամ ածանցի տարբերակներից է, ուստի և բառի վերլուծությունը ճիշտ է: Ճիշտ է, բայց քանի որ կազմողը ասում է՝ սխալ է, դու էլ պիտի նույնը ասես, որպեսզի միավոր չկորցնես …

Իրո՛ք. ի՞նչ է կամենում հիշյալ առաջադրանքների կազմողը: (Կազմողը, ցավոք հայտնի չէ: Հայտնի է միայն շտեմարանի այդ պրակի պատասխանատու անձը՝ առաջատա՛ր թեստաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:

Այո, դժվար է կռահել, թե ի՛նչ են կամենում նրանք, քանի որ ամեն մի պրակի նախաբան «Երկու խոսքում» ասված է. «Շտեմարանում ընդգրկված են հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության ծրագրային նյութերին համապատասխանող առաջադրանքներ» …

Գ. Ձևաբանություն:

Այստեղ հարցականները բարեբախտաբար քիչ են:

ա) Անհաջող կամ հստակ չեն առանձին առաջադրանքների ձևակերպումները: Սրանցից մի քանիսը խանգարում են ճիշտ պատասխանը գտնելուն: Օրինակ՝ III, 93-19-ի հարցը պիտի տրվի ոչ թե «Ո՞ր նախադասության մեջ կապ չկա», այլ «կապ կամ կապական բառ չկա» ճշգրտումով, քանի որ աշակերտը իբրև ճիշտ պատասխան կարող է ընտրել նաև «Ես գիտեմ՝ մի օր պիտի չքանաս ինչպես մի երազ …» նախադասությունը: Կամ՝ «Կապի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ» (IV, 68-83) հարցի ճիշտ համարվող «Կապերը նախադասության անդամ չեն դառնում» պնդումը ի վերջո սխալ է, քանի որ կապվող բառի հետ միասին կապերը դառնում են նախադասության անդամ. «Սեղանի վրա ծաղկաման կա»: Ուստի պիտի ճշգրտել՝ «Կապերը առանձին նախադասության անդամ չեն դառնում»:

բ) Գրեթե բոլոր դասագրքերում է ասված, որ հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականում չ– մասնիկը դրվում է պիտի (պետք է) եղանակիչի վրա. ուստի «Ո՞ր նախադասության մեջ ժխտական խոնարհման սխալ ձև կա» (I, 93-53) հարցը մեկի փոխարեն երկու պատասխան ունի. և՛ մատնանշված «նման չի» ձևը, և՛ «պետք է չհավատաս»-ը:

գ) «Ծռմռել, ցատկոտել, ժանգոտել, ջարդոտել, փշոտել, պատռտել, գզգզել, թրատել, խշխշալ» (IV, 62-50) շարքում բազմապատկական բայերի թվաքանակը, ըստ տրված պատասխանի, յոթն է. ընդգծվածներին անշուշտ ավելացված է «թրատել»-ը, որը երկակի նրբիմաստ ունի՝ «կտրել, կտրտել»: Բառս, սակայն, պիտի հանել. այն զուրկ է սովորական բազմապատկական  բայերի ձևաբանական հատկանիշներից:

Դ. Շարահյուսություն:

Նախադասության կապակցության եղանակներին վերաբերող առաջադրանքների մի մասում անորոշություն կա, հստակության պակաս: Այդուհանդերձ, կարծեք, դժվար է խոսել ակնհայտ սխալների մասին: Դրանք, սակայն, ի հայտ են գալիս այլաթեմա վարժություններում: Կազմողները ասես մոռանում են, որ եթե մի բան պահանջվում է աշակերտից, ապա իրենք բազմապատիկ ավելի զգոն պիտի լինեն: Այնինչ «այդ բոլորը կատարվեց» անհամաձայնության սխալը IV, 140-48 առաջադրանքում կրկնվում է ճիշտ … 5 անգամ: Նույն պրակի մի այլ էջում (199-50) խնդրառության կոպիտ սխալ կա. «Աբովյանը համաձայն է այն կարծիքի հետ»:

Շատ ավելի ցուցադրելի օրինակ է III, 133-20-ում տեղ գտած սխալը: «Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ չկա» հարցի ճիշտ պատասխան է մատնանշված սա. «Նա բացեց իր աշխարհը հույզերի, որ իրենից հետո կոչվեց և կոչվելու է իր իսկ անունով՝ դուրյանական»: Իրո՛ք որ համաձայնության սխալ չկա, բայց սպրդել է շարադասակա՛ն սխալ … Ասա ու՞ր ես խցկել այդ չարաբաստիկ «հույզերը», չէ՞ որ դրանք չկային էլ բնագրում. նա «բացեց իր աշխարհը, որ իրենից հետո …» և այլն (տե՛ս Պ.Սևակ, Երկերի ժող., հ. 5, էջ 156):

Նման «պատահարները», անկասկած, հեշտ ուղղելի են: Իսկ ահա նախադասության կառուցվածքի մի տեսակ կա, որը, հրամցնելով աշակերտին, հավելյալ խնդիրներ ենք ստեղծում: Որպես նմուշ վերցնենք մեկը. «Նա այն մարդկանցից է, որ, հասնելով մեծ փառքի, բնավ չեն մեծամտանում» (II, 137-11): Այս տիպի նախադասությունները շտեմարանում դրված են հենց համաձայնությանը վերաբերող վարժություններում և քերականագիտական ընդունված մոտեցմամբ համարվում են անսխալ կառույցներ: Բայց տեսեք՝ ինչ է ստացվում: Բերված օրինակում ընդգծված որ-ը միանշանակորեն հարաբերական դերանուն է: Ուստի, որպես նախադասության անդամ, ենթակա է: Հետևաբար այդ ենթական (եզակի՛ ենթական) և ստորոգյալը՝ չեն մեծամտանում, իրար չեն համաձայնում թվով … Խելոք աշակերտը այդպես էլ կդատի. ի՞նչ ենք պատասխանում նրան: Ավելի լավ է՝ մենք էլ խելացի լինենք և առայժմ նրան դեմ չտանք այդ կարգի նախադասություններ:

Նախադասության տեսակներին ու անդամներին աղերսվող հարցականները (եթե զանց առնենք միայն I, 111-13 վարժության ճիշտ պատասխանի անտեղի փոփոխությունը) գերազանցապես վերաբերում են IV պրակի էջերին:

ա) 77-11 վարժության «բարդ նախադասության վերաբերյալ պնդումներից որու՞մ սխալ կա» հարցի ճիշտ պատասխանը ոչ թե 3)-ն է («Երկրորդական նախադասությունները հաճախ փոխարինում են գերադաս նախադասության որևէ անդամի»), այլ 4)-ը («Բոլոր բարդ նախադասությունները փոխակերպվում են պարզի»):

բ) Չի՛ կարելի դպրոցականից պահանջել, որ «Ժամանակը քիչ էր, հետևաբար սկսեցինք արագ պատրաստվել» (80-30) նախադասությունը անվերապահորեն անվանի բարդ համադասական: Չի կարելի, քանի որ քերականագետների մի մասը այդպիսիք բարդ ստորադասական է համարում (տե՛ս այդ մասին՝ Ա.Պապոյան, Խ.Բադիկյան, ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, 2003թ., էջ 372-375):

գ) Շատ տարօրինակ սխալ է սպրդել 82-40 առաջադրանքում, որտեղ «հաստատվում է», որ պայմանի պարագան կարող է դրվել «միայն կապական կառույցով»: Շարահյուսությունից խոսող ցանկացած դասագրքում կամ ուսումնասիրության մեջ բերվում են նաև (և ավելի շատ) գործիական հոլովով դրված օրինակներ. «Միայն դասերից չբացակայելով հաջողություն կունենաս», «Դու այս գործը կհասցնես՝ միայն գիշերները չքնելով» և այլն:

դ) Մի այլ առեղծվածի ենք հանդիպում «Օդը, սակայն, այստեղ ցուրտ էր, գետինը՝ խոնավ, բուսականությունից զուրկ» (98-136) նախադասության անդամների շարահյուսական վերլուծության մեջ: Ըստ այդմ՝ բուսականությունից-ը անջատման խնդիր է: Այ՛ քեզ նորություն. նույնիսկ բուհական դասագրքերում խոսք չկա ածական բառի («զուրկ») խնդիր լրացում ունենալու վարկածի մասին: Պարզապես սա այն դեպքն է, երբ «բուսականությունից զուրկ»-ը շարահյուսական մեկ միավորի արժեք ունի (այս մասին տե՛ս Ս.Աբրահամյան, Հայոց լեզվի շարահյուսություն, 2004թ., էջ 32) և տվյալ նախադասությունում այն ստորոգելի է («գետինը բուսականությունից զուրկ է»):

ե) Վերջապես, եթե դպրոցական դասագրքերում չի առանձնացվում միասնության խնդիրը, աշակերտը ինչպե՞ս պիտի այն հայտնաբերի «Ընկերներիս հետ գնացել էի Աղավնաձոր» նախադասությունում (90-94):

Փոխակերպումների մասին: Միշտ է ասվել, որ փոխակերպումների նպատակը պիտի լինի ճկուն ու ոչ միաձև մտածելու կարողության արմատավորումը: Բայց երբ աշակերտին պարտադրում ենք խորանալու լոկ փոխակերպման տեխնիկայի մեջ, ստանում ենք գուցե և «ճշգրիտ», բայց առավելապես անբարեհունչ ու դժվարամարս նմանակներ: Ցավոք, այդպիսիք քիչ չեն շտեմարանի էջերում: Միայն մեկ-երկու օրինակ՝ «Եթե դու ինձ չլսես, կկործանես ինքդ քեզ > Քո՝ ինձ չլսելու դեպքում կկործանես ինքդ քեզ» (II, 144-13), «Դուք, որ դավեցիք մեզ՝ ձեզ հավատարիմ զինակիցներին, արժանի եք ամենածանր պատժին > Դուք՝ մեզ՝ ձեր (!) հավատարիմ զինակիցներին դավողներդ, արժանի եք ամենածանր պատժին» (IV, 128-7): Եվ իրո՛ք. մենք բոլորս արժանի ենք ամենածանր պատժին, որովհետև արդեն քանի տարի է՝ շարունակաբար, ավելի ու ավելի մեծ եռանդով դավում ենք մեր երեխաներին, նրանց սարսափ պատճառում արհեստական քերականության այլակերպումներով, ուստի և դավում ենք հենց հայո՛ց լեզվին … Ո՞ր մի հայը (բացի, իհարկե, մեր ամենազոր թեստաբաններից) կարող է բա՛ն կազմել ու հասկացնել այստեսակ «հայերենով». «Ըստ հանցագործների՝ աշխատակիցներից մեկի աջակցությամբ թանգարան սողոսկելու վարկածի՝ քննիչը կազմեց կասկածյալների նախնական ցուցակը» (IV, 128-8):

Մեր օրերի ամենից հեղինակավոր լեզվաբաններից Գ.Ջահուկյանը դեռ տարիներ առաջ  էր զգուշացնում. «Փոխակերպումը ընդհանրապես անթույլատրելի է այն բոլոր դեպքերում, երբ կա մտքի խճողման, երկիմաստության, սերտորեն կապված անդամներն իրարից հեռացնելու վտանգ» (Հայոց լեզու, 9-10 դաս., 1994թ., էջ 175): Հենց այդպես էլ անում ենք. այնպիսի նախադասություններ ենք ընտրում, որ «փոխակերպումով» հնարավորին չափ խճողենք ու ծանրացնենք մտքի արտահայտումը՝ դրանով իսկ ասես հրճվելով մասնագիտական հնարքներով ու կանխավայելելով առաջադրանքը լուծել փորձողի շփոթմունքը:

Տձև ու անճոռնի փոխակերպումների ծնունդը ոչ միայն լեզվի կանոնավորության ու պարզության ընդհանրության սկզբունքների ոտնահարումն է, այլև ամենահայտնի ու սովորական կանոնների անտեսումը: Առաջադրանք կազմողը, ինչ է, չգիտի՞, որ փոխակերպումը բացառվում է, մասնավորապես այն դեպքերում, «երբ որոշիչ երկրորդականը կապված է ուր, որտեղ, հաճախ էլ երբ հարաբերական դերանուններով» (Գ.Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու, 1984թ. էջ 354): Այդպիսի մի նմուշ է սա. «Նրանցից քանի՞սն ընկան այն լայնատարած դաշտում, ուր հայրենիքի ազատության համար անզիջում պայքար էր ծավալվել > Նրանցից քանի՞սն ընկան հայրենիքի ազատության համար անզիջում պայքար ծավալված լայնատարած դաշտում»: Փոխակերպված տարբերակում աչք է ծակում ոչ միայն լեզվաոճական անհարթությունը, այլև իմաստային անհամարժեքությունը:

Միանգամից նշենք նաև, որ 5 փոխակերպումներից կազմված այդ՝ IV, 129-9 վարժության ճիշտ պատասխանը (անկախ վերը բերածից) ոչ թե «չորսը», այլ «երեքը» պիտի լինի (քանի որ 5-րդ նախադասության մեջ «խիղճը» դարձել է «սիրտը», իսկ 2-րդում՝ «չեն գնահատել > չգնահատող):

Պետք է ուղղել նաև IV, 134-25 առաջադրանքի պատասխանը. սխալ են փոխակերպված ոչ թե երկուսը, այլ երեքը (1-ը, 3-ը, 4-ը): Իսկ IV, 140-46 առաջադրանքում տրված անուղղակի խոսքի փոխակերպված չորս տարբերակներից ճիշտ համարված երրորդում նույնպես սխալ կա («վաղուց՝ դեռ նրա գալուց առաջ > դեռ վաղուց՝ Ձեր գալուց առաջ»):

Ե. Կետադրություն:

Կետադրության վարժություններում կարծես միայն մի երկուսում սխալ կա: Երրորդ մասի 164-19-ի պատասխանում՝ 1) 2, 3, 5, 6, 7, պիտի ավելացվի 8-րդ կետը, իսկ IV, 145-4-ի ճիշտ պատասխանը կլինի 4-ը (ոչ թե՝ 3-ը):

Կետադրության բուն բաժիններում գործը որքան արված է խնամքով և ուշադիր, այնքան էլ մյուս հատվածներում «մոռացել» են դրա մասին: Հիշատակենք սոսկ մի քանիսը՝ I, 16-87, 106-32.4, II, 117-2.1, 121-23.1, 208-58, 221-120.գ, 226-146, IV, 92-102.3, 182-36, 233-232: Առանձին դեպքերում անճիշտ կետադրությունը կարող է ապակողմնորոշել տվյալ առաջադրանքը լուծելիս. «Ո՛չ մի ծաղկով գարուն կգա (թե՞ չի գա), ո՛չ մի գույնով՝ ծիածան» (III, 95-31), «Որպես մարդ նա հարգված էր, բայց որպես բժիշկ նրան այնքան էլ չէին սիրում» (III, 133-22):

Զ. Գրականություն:

Շտեմարանի առաջին երկու մասերում եղած բացթողումների մասին բանավոր փոխանցումով տեղյակ էի պահել, բայց դրանց մի մասը այդպես էլ տեղ չի գտել «Նկատված վրիպակներում»: Օրինակ՝ մատնանշել էի, որ I, 203-28 առաջադրանքի «Պնդումներից քանիսու՞մ սխալ կա … «Սասունցի Դավիթ» ճյուղի վերաբերյալ» հարցումի պատասխանն է ոչ թե «երեքում»,  այլ «երկուսում» (ա և բ):  Մյուս երկուսը ճիշտ են: Այսպես՝ «Բերդի գլխից իրեն ցած նետած Խանդութի ընկած տեղում երկու աղբյուր է բխում». համահավաք բնագրում՝ «Էս անգամ Խանդութ էլավ բերդի գլուխ ու էնտեղեն իրեն թալեց … Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու աղբյուր կը թալի» («Սասունցի Դավիթ», 1981թ, էջ 289): Մյուսը՝ «Չներելով Մհերին իր հետ մենամարտելու և իրեն ամոթով թողնելու համար՝ Դավիթը անիծում է նրան՝ ասելով, որ լինի անմահ ու անժառանգ», նույնպես ճշտորեն արձագանքում է բնագրին.
«-Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր, ինձի ամանչեցրիր, Կանչեր եմ քաղցրիկ աստված, Անմահ ըլնիս, անժառանգ» (նույն տեղում, էջ 285):

Հաջորդ սխալը ձևակերպմանն է վերաբերում. «Մհերը զայրանում է, որ մի ալևոր իր ձիու վրա մի երիտասարդ աղջիկ է տանում» (I, 203-29): Նորապսակ Դավիթը ընդամենը 7 տարով էր հեռացել. ե՞րբ դարձավ «ալևոր»: Բնագրում շատ պարզ է ասված. «Տեսավ թուխմորուս մարդ մի …» (նույն տեղում, էջ 283):

Հաջորդը դարձյալ էպոսից  է, «ո՞ր հերոսի խնդրանքով է Կապույտ ծովի մոտ Աստված բխեցնում Կաթնաղբյուրը» (II, 200-20): Միանգամից երկու սխալ կա հարցման մեջ.

ա) Ծովինարի խնդրանքով Աստված աղբյուրը բխեցնում է ծովի մեջ, ոչ թե «ծովի մոտ» («Աստծու հրամանով ծովըն բացվավ, Մի շատ համեղ ջուր դուրս էկավ … Մի բուռ լիքը ջուր խմեց, Մեկ էլ՝ մի բուռ կիսատ: Աղբուրըն ցամաքավ», էջ 9-10):

բ) Այդ աղբյուրը կապ չունի Կաթնաղբյուրի հետ. վերջինս «Նորագեղա դաշտի մեջն էր: Թագավորն էնտեղ ուներ ամառանոց, … էնտեղ կգտնվի Կաթնով Աղբուր» (էջ 8):

Շտեմարանի 2-րդ մասում (207-50) «չնախատեսված» թյուրիմացություն կա «Մեծապատիվ մուրացկանների» վերաբերյալ. «Ատ չըլլար, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողներ չունին իրենց պատկերը …» խոսքերը վերագրված են լուսանկարչին, այնինչ դրանք Մանուկ աղան է ասում:

Շիրվանզադեի «Արտիստից». «Լևոնը անհույս սիրահարված էր Լուիզային, որն իր սիրո ցույցերով հրապուրած էր պատանուն և բորբոքում նրա զգացմունքները» (III, 206-142): Կոպիտ բնութագրում է, նման բան չկա վիպակում: Բավարարվենք թեկուզ դասագրքի գնահատականով. «Նրան անկեղծորեն համակրում է նաև հարևանուհի Լուիզան: Պատանին սիրահարված է նրան և այդ համակրանքն ընդունում է փոխադարձ սիրո տեղ» (Վ.Ներսիսյան, Լ.Մնացականյան, Հայ գրականություն, 10-րդ դաս., 2009թ., էջ 179):

Անճիշտ ձևակերպումներ կան IV մասում:

ա) «Եպիսկոպոսները Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին հորդորում էին հոգ տանել հայոց գրերի գյուտի մասին» (193-13). դուրս է գալիս, որ եպիսկոպոսները շատ ավելի մեծ նախանձախնդրություն են հանդես բերել: Խորենացու ասածից նման հետևություն չես անում. « … բոլոր եպիսկոպոսները ժողովվել են մեծն Սահակի և Մեսրոպի մոտ, հայերեն գրերի գյուտի մասին հոգալու»:

բ) Որքանո՞վ է ստույգ, որ եթե «Հարդագողի ճամփորդներ» բալլադում Չարենցը անդրադառնում է «գեղեցիկի, կատարյալի փնտրտուքին», ապա հաստատ չի անդրադարձել «լավ, բարի գործի անմահության գաղափարին» (226-192):

գ) «Գևորգ Մարզպետունի» վեպի հեղինակային խոսքը որպես ուղղակի խոսք է վերագրված Գուրգենդուխտին (212-120):

Սրանցից զատ պիտի շտկվի 216-139-ի պատասխանը. նույնական են «3) չորսը» և «4) բոլորը»:

Մյուս բաժինների դիտարկումները մի կողմ թողնելով՝ ավելացնենք, որ շտեմարանի պրակներում բավական շատ են տպագրական – տեխնիկական բնույթի փոքր ու մեծ վրիպակները: Դրանց թվարկումը հիմա ավելորդ է, այդուհանդերձ հիշատակենք գրական հանրահայտ տողերին վերաբերող աղավաղումներից մի քանիսը.

ա) I, 77-41. «Եվ այն, ինչ ասելն ահավոր է, գրում են (ճիշտը՝ գրում եմ) այստեղ».

բ) I, 77-41. «Կյանքս էլ թեթև տանուլ տված» … («էլ» չկա).

գ) I, 223-124. «Ձիս ու սուրս թե հերքի (> հերիք) չեկավ, կուտայի քեզի և աղջիկս».

դ) III, 161-8. «Հայոց գետերի հինգ մեծ-մեծ նահատակները» (>նահապետները).

ե) III, 173-27. «Ինձ հառաչել չթողեց» (> չթողին).

զ) III, 177-9-ի 1)-ը. «Երբ որ հոգոց ես կու հանեմ («որ» չկա) և նույնի 4-ը. «Դովլաթն էլթիբար (> էյթիբար) չունե».

է) IV, 65-67. «Իսկ ներսում ներսում մի ասեղ Ասղտում է ննջել առհավետ» … Կետադրությունն էլ է ջնջված. ճիշտը՝ «Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ Ասղտում է – ննջե՜լ առհավետ» …

ը) IV, 142-54. Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» գործի տողերը վատթար ձևով են աղճատված.

թ) IV, 235-243. «Փայտահատը հին երգն էր կրկնում Եվ տաք սղոցն էր (> իր) յուղում իր (> էր) կրկին, Թեղին անտարբեր ականջ է (> էր) դնում» …

Վերջակետ դնելուց առաջ կարելի էր ինչ-ինչ եզրահանգումներ կամ առաջարկներ անել: Բայց դա, երևի, հետագայի խնդիր է, և իմ նպատակը առավելապես գործնական բնույթի է: Նախ՝ ինչպես սկզբում եմ ակնարկել, դիտարկված կամ չնկատված պակասությունները չպիտի ազդեն դիմորդի հավաքելիք միավորների ընդհանուր հաշվարկի վրա: Ապա և՝ բոլորիս ցանկությունը պիտի լինի շտեմարանի հաջորդ հրատարակությունները (ավելացված առաջադրանքներով հանդերձ) տեսնել շատ ավելի անթերի ու նպատակային:

 

Բանասիրական գիտությունների թեկնածու` ՀԵՆՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ        

Դիտվել է 12288 անգամ:
Print Friendly

Leave a Reply