«Կինն ավելին է, քան վերագրում են նրան». Զաբել Բերբերյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 29, 2012 15:00

Աշտարակի խճուղում, որտեղ սկսվում է անվերջանալի թվացող խաղատների շարքը, որպես ամենաիսկական հակապատկեր կարելի է տեսնել  «Աբրահամյան» արվեստի կենտրոնի շենքը: Այն կարծես հիշեցում լինի, թե ինչը պետք է գերակշռող լինի մեր երկրում:

Ներս մտնելով պատկերասրահ`  կարելի է միանգամից զգալ արվեստի ուժեղ էներգետիկան. այստեղ այս պահին ընթանում է կանանց նվիրված ցուցահանդես: Ներկայացված է ինը արվեստագետի հիսուն աշխատանք. Գագիկ Ղազանչյան, Կարեն Պետրոսյան, Մարինա Դիլանյան, Ռոբերտ Էլիբեկյան, Թենի Վարդանյան, Աշոտ Ավագյան, Ալբերտ Հակոբյան, Լիլիթ Սողոմոնյան:

Ցուցահանդեսի, պատկերասրահի վայրի վերաբերյալ հարցերին է պատասխանում «Աբրահամյան» արվեստի կենտրոնի հիմնադիրներից Զաբել Բերբերյանը (մյուս հիմնադիրը Զաբելի ամուսինն է` Նիկոլ Աբրահամյանը):

Տիկին Զաբել, որպես կանոն, կանանց նվիրված միջոցառումները նշում են Մարտի 8-ից Ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Հատո՞ւկ է այդպես որոշվել, որ ցուցահանդեսը չլինի հենց այդ մեկ ամսվա ընթացքում:

-Ամեն տարի Հայաստանում մեծ շուքով, ծաղիկներով,  նվերներով նշում են կանանց տոների միամսյակը, և ստեղծվում է տպավորություն, թե կանանց հիշում են միայն այդ ամսին: Մենք  խորհրդանշական կերպով ցուցահանդեսը բացեցինք  այն օրը, երբ կանանց նվիրված մեկամսյակի ավարտն է նշվում՝ Ապրիլի 7-ին:

Սրանով մենք նաև ցանկացանք ցույց տալ, որ կանանց պետք է հիշել, հարգել և սիրել ողջ տարին: Գաղափարն այն է, որ կանանց տարվա մեջ մեկ ամիս չէ, որ պետք է հիշեն: Կանայք կյանքի  անբաժանելի մասն են, նրանց  հատուկ չպետք է առանձնացնել տղամարդկանցից,  հատուկ ինչ-որ տարբերակում դնել: Անշուշտ, մենք տարբեր ենք, սակայն մեկն ավելի չէ, մյուսը՝ պակաս, կինն ու տղամարդը փոխլրացնող են:

Շատ կարևոր է, որ փորձենք դուրս գալ այս կաղապարներից, սովետական բարքերից. օրինակ`  նույն Մարտի 8-ը,  որում կինը կորչում է: Ծաղիկներ են նվիրում, ցուցադրաբար հարգանք դրսևորում, ասում, թե կինը մայր է, դաստիարակ, ընտանիքի սյուն, սակայն նա ավելին է, քան նշվածները, կինն ավելին կարող է լինել և է:  Սրա կապակցությամբ ընկերներիցս մեկն ասում է, թե փոխանակ ծաղիկ նվիրեն, ավելի լավ է՝ կանանց իրավունքներին նվիրված մի բան անեն: Համամիտ եմ այս կարծիքի հետ:

Փաստորեն, գենդերայիան հավասարության թեմա՞ն եք առանձնացրել:

– Գիտեք, ես  արվեստը չեմ ուզում քաղաքականացնել: Արվեստի մեջ այդ խնդիրները չկան, կա տարբեր տեսակի ներկայացում, սակայն ոչ տարբերություն, ու այստեղ մեկը մյուսից առավել լինելու խնդիր չկա: Այստեղ ավելի հետաքրքիր  է այն, որ Եվային կին արվեստագետներն ու տղամարդ արվեստագետները տարբեր են ներկայացնում:

Ահա Լիլիթ Սողոմոնյանի աշխատանքները.  կարծես մոր ու աղջկա սեր է ներկայացրել: Մոր ու դստեր հարաբերությունները, օրինակ, տղամարդ արվեստագետների աշխատանքներում ես չեմ տեսնում: Կամ կարող ես տեսնել, որ օրինակ`  Էլիբեկյանի աշխատանքները լրիվ  ուրիշ են…  Անշուշտ, կանայք նրանց ընկալումներում տարբեր են, սակայն առանց մեկը մյուսի չի կարող լինել:

Տիկին Զաբել, պատկերասրահը բավականին հեռու է  քաղաքից, այցելուներ արդյոք ունենո՞ւմ եք: Ինչու՞ հենց այստեղ, որտեղ բազմաթիվ խաղատներ կան:

– Այո, պատկերասրահը քաղաքից հեռու է, սակայն պետք է սկսել Երևանից բացի այլ տեղերում էլ մշակույթը զարգացնել: Այն նկարիչների աշխատանքները, որոնք ներկայացված են այստեղ, այլ տեղ չեք տեսնի, և եթե մարդիկ ուզում են տեսնել նրանց աշխատանքները, պետք է գան այստեղ՝ Պռոշյան, անվճար մուտք գործեն,  վայելեն:  Անշուշտ, քիչ են գալիս, սակայն այս արվեստը վայելելու համար կարելի է գալ, հասնել այստեղ:  Բացի այդ, մեր ժողովուրդն իր մշակույթով պետք է ճանաչվի, ոչ թե խաղատներով: Չեմ ասում, թե պետք չէ, պետք է լինի, սակայն ոչ այդքան շատ: Հենց Երևանը վերջանում է, սկսվում է խաղատների շարքը: Երևանն իր ախտերը շրջաններ ուղարկեց: Թերևս մի քանի հատ լինի, բնական է,  բայց այսքա՞ն: Ընտանիքներ են կործանվում դրա պատճառով: Պետք է հակառակը լինի՝ արվեստի կենտրոնները` շատ, խաղատները՝ քիչ:

Առաջիկայում  ի՞նչ ծրագրեր ունեք:

– Հունիսի 1-ին նախապատրաստում ենք մեկ այլ  ցուցահանդես:  Ուզում ենք, որ այս ցուցահանդեսին երեխաները մասնակցեն, սակայն եթե երեխաներ չկարողանան մասնակցել, մեծահասակների՝ երեխաների համար արված աշխատանքները կներեկայացնենք:

Զաբել, իսկ Ձեր մեկնաբանությամբ ինչպիսի՞ն է հայ կինը, և արդյոք Դուք  համապատասխանում եք Ձեր պատկերացրած հայ կնոջ կերպարին:

– Սկսեմ իմ անունից. Զաբելը տատիկիս անունն է, միաժամանակ այն  Կիլիկիո հայ թագուհու  անունն է: Տատիկս որբևայրի է մնացել, երեք երեխա է   մեծացրել միայնակ՝  նրանց  հայ դաստիարակելով: Նա ուժեղ, կայացած կին էր: Ես հորս ընտանիքում  առաջին աղջիկն եմ, և երբ ծնվել եմ, ինձ կնքել են նրա անունով: Կարծում եմ՝ նկարագրական  ինչ-որ բաներ ժառանգել եմ նրանից: Գալով Զաբել թագուհուն՝ կարող եմ ասել, որ նա զորավոր կին է եղել.  ասում են՝ գիշերով դուրս է եկել ծպտված,  օգնություն բաժանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեին:  Անշուշտ, նա իր կողքին ունեցել է ուժեղ տղամարդ,  որը աջակցել է նրան: Հեթում թագավորը, վստահ եմ, իմացել է նրա գործունեության մասին, սակայն դեմ չի եղել: Իմ ամուսինն էլ ինձ թիկունք է կանգնում, իր օգնությունն է բերում, նա ամեն հարցով աջակցում է ինձ:

… Նայում ես ու մտածում՝ ով է հայ կնոջ կերպարը. ով հնազա՞նդ է, ձայն չի՞ հանում, թե՞ նա, ով ուժեղ է, կայացած:

Ես կարծում եմ` այն դերը, որ հիմա վերագրում են կանանց,  ավելի իսլամական մշակույթի ազդեցություն է, քան հայկական. կինը պետք է տանը նստի, երեխա մեծացնի… Բայց չէ՞ որ կինն ավելին է, քան նրան վերագրում են: Ես այդ ավելին եղող հայ կնոջն եմ  ուզում տեսնել:

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 2639 անգամ:
Print Friendly

Leave a Reply