Արսեն Մխիթարյանը կշարունակի սպասարկել եվրոպական մրցաշարերը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 26, 2012 16:00

Հայաստանում քիչ են այն մրցավարները և տեսուչները, որոնք միջազգային հանդիպումներ են սպասարկում: Թերևս պատճառն այն է, որ մինչև այդ իրավունքին արժանանալն անհրաժեշտ է տարբեր փորձություններ հաղթահարել: Եվ ահա Արսեն Մխիթարյանը, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում օրերս մասնակցելով Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի տեսուչների սեմինարին, հաջողությամբ է հանձնել քննությունները և այսուհետև ևս կշարունակի սպասարկել  միջազգային հանդիպումները: Ի դեպ, նա այս տարի արդեն ներկա է գտնվել  ու սպասարկել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի կանանց և տղամարդկանց մի շարք հանդիպումներ, եվրագավաթների խաղարկության մրցամարտեր: Իսկ առաջիկայում հրավեր է ստացել տեսչական աշխատանք կատարելու հունիսի 3-ին Զապորոժիեում կայանալիք Ուկրաինայի և Իսլանդիայի կանանց հավաքականների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի սկզբունքային հանդիպման ժամանակ: Խաղը կարևոր է այն առումով, որ հաղթողը շարունակելու է պայքարը:

Ինչևէ, վերադարձից հետո հանդիպեցինք երևանցի մասնագետին, որը 2001-ից սպասարկում է հանդբոլի եվրոպական միջազգային մրցաշարեր, նախկինում մարզել է Հայաստանի ազգային հավաքականը, որպես գլխավոր քարտուղար աշխատել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայում, այժմ էլ Աջափնյակի համայնքի համալիր մարզադպրոցի տնօրենն է, և հետաքրքրվեցինք, թե Վիեննայում հե՞շտ էր փորձությունը հաղթահարելը:

«Սեմինարին մասնակցում էին եվրոպական տարբեր երկրների 87 փորձառու տեսուչներ, սակայն նրանցից 14-ը չկարողացան հաղթահարել քննությունը և բավարար գնահատականի չարժանացան: Սկզբում դասախոսություն կարդացին Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի մեթոդական և մրցումների կազմակերպչական աշխատանքների պատասխանատուներ Հելմուտ Հյորիչը և Մարկոս Գլասերը: Տեղեկացվեցին եվրոպական գավաթային մրցաշարերի, հին աշխարհամասի առաջնության որակավորման փուլի մրցամարտերի կազմակերպման, խաղի կանոններում նորությունների  կիրառման և մի շարք այլ հարցերի մասին: Հետո տեսուչները պատասխանեցին թեստերի 30 հարցի, որոնցից յուրաքանչյուրի համար տրված էր 1 րոպե, ընդ որում, նաև գրավոր մեկնաբանություններ էին պահանջվում: Իսկ վերջում անգլերենով 5 րոպեանոց զրույց  ունեցանք  հանձնաժողովի անդամների հետ: Այդ  եղանակով ստուգվում էր տեսուչի ոչ միայն մասնագիտական, այլև օտար լեզվի իմացության աստիճանը»,- ասաց Մխիթարյանը:

Նա նշեց նաև, որ Հյորիչը և Գլասերը, շնորհավորելով շնորհակալություն են հայտնել քննությունը փայլուն հանձնելու համար և հետաքրքվել են, թե ինչու Հայաստանից այլ տեուչներ, նաև մրցավարներ չկան:

Ի դեպ, երկուսի աշխատանքն էլ բարձր է գնահատվում, և Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան հոգում է ոչ միայն գործուղումների ծախսերը, այլև լավ հոնորարներ վճարում: Հայաստանում կան լավ մասնագետներ, թերևս նրանց խանգարում է օտար լեզուների իմացությունը:

Վերջում հետաքրքրվեցինք, թե տեսուչն ինչ կարող է անել, եթե մրցավարները խաղի ընթացքում հաճախակի սխալվում են` բացի վերջում  վատ գնահատական նշանակելուց: «Խաղի ընթացքում տեսուչը որոշումներ չի կարող կայացնել և միջամտել, սակայն կարող է հրավիրել մրցավարներին և խորհուրդ տալ այս կամ այն խաղային իրադրությունների հետ կապված վճիռներ կայացնելիս ուշադիր լինել: Տեսուչը վերահսկում է, որ թիմերը փոխարինումներ կատարելիս սխալներ թույլ չտան, և կարգազանցներն անմիջապես պատժվեն, հետևում է հադիսականների վարքագծին և այլն: Կարճ ասած, խաղի կազմակերպման պատասխանատուն տեսուչն է»,- պարզաբանեց  Մխիթարյանը:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply