Ո՞ւմ է ձեռնտու լռելը և ոչինչ չանելը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 27, 2012 12:30

Հայաստանի դպրոցներում լուրջ անելիքներ կան մատաղ սերնդին ֆիզիկական կուլտուրային և սպորտին կապելու, վաղ հասակից պատանիների և աղջիկների կենցաղում առողջ ապրելակերպն արմատավորելու ուղղությամբ: Պարզելու համար, թե ինչ է արվում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, զրուցեցինք Հայաստանի «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության խորհրդի նախագահ, մեր երկրի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանի հետ:

Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան 2011-ից անդամագրվել է այդ կազմակերպության միջազգային կառույցին: Ի՞նչ նոր ծրագրեր կան առաջիկայում:

– Արդեն մուծել ենք առաջին անդամավճարը և 2013-ից կմասնակցենք միջազգային կազմակերպության բոլոր մրցաշարերին:

Իսկ 2012-ին այդ անելու հնարավորություն չկա՞:

– Եթե ֆինանսներ լինեին, կարող էինք միջազգային մեկնարկների մասնակցել: Մեր ֆեդերացիան համապատասխան ծրագիր է ներկայացրել ու Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն այն հավանության է արժանացրել: Եկող տարվանից ֆինանսներ տրամադրվելու են, որպեսզի Հայաստանի դպրոցականները մասնակցեն միջազգային մեկնարկների: Ուշագրավ է Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի դրսևորած մոտեցումը, որը խնդիր է դնում, որ միջազգային մեկնարկներին մասնակցեն տարբեր երկրների հաղթող դպրոցների թիմերը: Այդ է պատճառը, որ փոփոխություն ենք կատարել Հայաստանի դպրոցականների խաղերի  կանոնադրության մեջ: Եթե նախկինում Հայաստանի դպրոցականների մարզական խաղերի եզրափակչում թույլատրվում էր մրցասպարեզ հանել մարզերի հավաքականներին, ապա այժմ հանդես են գալիս միայն կրթօջախների թիմերը: Այսինքն` ամեն ինչ համապատասխանեցվել է միջազգային ֆեդերացիայի չոփորոշիչներին:

 Ի՞նչ ընթացքում են դպրոցականների ներհայաստանյան մարզական խաղերը:

– Միջմարզային մրցումներն անցկացվել են: Կկայանա նաև երկրորդ փուլը, հետո` երրորդ փուլը, ապա` եզրափակիչը: Վերջինս նախատեսվում է կազմակերպել մինչև հուլիսի վերջը: Խաղերի ծրագրում այն մարզաձևերն են, որոնք մասսայականություն են վայելում և միջազգային ֆեդերացիան անցկացնում է դրանց մրցումները: Դրանք են` վոլեյբոլը, բասկետբոլը, ֆուտբոլը, հանդբոլը, սեղանի թենիսը և աթլետիկան: Միջազգային ֆեդերացիան անցկացնում է նաև գիմնազիադա: Այդ ստուգատեսի ծրագրով ուժերն են չափում մարմնամարզիկները: Հաջորդ տարվանից Հայաստանի դպրոցականների մարզական խաղերի ծրագրում կավելանա նաև մարմնամարզությունը: Ցավոք, այդ մարզաձևի աշխարհագրությունը Հայաստանում փոքր է: Միայն երկու կենտրոն կա Երևանում, և խմբեր են գործում Գյումրիում, Կապանում:

Որտե՞ղ է այս տարի կայանալու Հայաստանի դպրոցականների մարզական խաղերի եզրափակիչը:

– Որպես կանոն, այն նախկինում անցկացվում էր Դիլիջանում: Պայմաններ կային, որ շուրջ 500 սովորողներ տեղավորվեն կացարաններում, նաև հարմարավետ մարզաբազաներում մեկնարկների մասնակցեն: Դիլիջանը գերադասելի էր նաև այն առումով, որ Լոռու, Կոտայքի մարզերի ներկայացուցիչներն ամեն օր մրցումների էին ներկայանում իրենց բնակավայրերից: Այժմ Դիլիջանի մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Իսկ այդ մարզաբազայում է կազմակերպվում մեկնարկների մեծ մասը: Ստեղծված իրավիճակում մտադիր ենք խաղերի եզրափակիչն անցկացնել Գյումրիում, որի մարզադաշտը վերանորոգումից  հետո լավ տեսք է ստացել:

 Խանգարող այլ հանգամանքներ չկա՞ն:

– Խնդիրներ միշտ էլ ծագում են, դրանք չեն կարող չլինել` կապված թիմերի տեղավորման, գիշերելու, սննդի ապահովման հետ, սակայն ընթացքում լուծվում են: Կարծում ենք` Գյումրիում հարցեր չեն առաջանա, քանի որ կացարաններ ունեցող գիշերօթիկներ, հարմարավետ մարզաբազաներ կան: Մարզագույքի հարցում էլ բարդություններ չկան, պետությունը ֆինանսավորում է: Խնդիրն այն է, որ ամեն ինչի գները բարձրանում են, իսկ միջոցառման կազմակերպման համար ֆինանսներն անփոփոխ են` 15 մլն դրամ, որով նաև պարգևատրումն  է իրականացվում: Աչքի ընկնողներին մեդալներից բացի հանձնվում են մարզական հանդերձանք և գույք:

Կա ևս մեկ դպրոցականների մարզական ստուգատես, որում խաղարկվում է Հայաստանի ԱԺ գավաթը: Այն այս տարի ևս անցկացվելո՞ւ է:

–  Մարզերում այն անցկացվել է: Ազգային Ժողովը ներկայումս կազմավորվում է, և կփորձենք առաջիկայում անցկացնել նաև այդ ստուգատեսի եզրափակիչը: Կարծում ենք, որ նորընտիր ԱԺ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ամենամյա այս ստուգատեսին: Հիշեցնենք, որ ծրագրում այն մրցաձևերն են, որոնք կիրառվում են դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերին. աթլետիկական մեկնարկներ, նետումներ և այլն:

 Վերջին տարիներին հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում մտցվել են շախմատի և ֆուտբոլի պարապմունքներ: Դրանք լիարժե՞ք են իրականացվում, ինչպիսի՞ն է արդյունքը:

– Ֆուտբոլի պարապմունքներ անցկացնելու մասին որոշում է կայացվել, սակայն իրականացումն իրատեսական չէ: Բանն այն է, որ դպրոցներ կան, որոնք անգամ ֆիզիկական կուլտուրայի դահլիճ, բացօթյա խաղահրապարակներ չունեն դասեր անցկացնելու համար: Ինքնին հասկանալի է, որ ֆուտբոլի լիարժեք պարապմունքներ կազմակերպելու մասին խոսք լինել չի կարող: Շախմատը, ի տարբերություն ֆուտբոլի, ֆիզկուլտուրա առարկայի մաս չի կազմում, այն առանձին առարկա է: Շախմատի պարապմունքների համար առանձնահատուկ պայմաններ չեն պահանջվում: Մարզագույքի, համապատասխան մեթոդական գրականության, դասագրքերի հարցն էլ լուծված է: Գլխավորը` ուսուցիչները վերապատրաստվել են և այդ առարկայի դասեր անցկացնելու համար պատրաստ են: Սակայն մի շարք խնդիրներ կան, որոնք երբեմն հաշվի չեն առնվում: Օրինակ` ինչքանո՞վ է նախընտրելի մաթեմատիկայից հետո շախմատի դաս անցկացնելը, կամ հակառակը: Թվում է, թե շատ պարզ իրավիճակ է, սակայն լուրջ խոչընդոտ է, քանի որ երկուսն էլ ծանրաբեռնում են սովորողի ուղեղը: Պետք է ուսումնասիրել և հստակեցնել, թե երբ է նպատակահարմար շախմատի դաս անցկացնել, որ ավելի արդյունավետ լինի: Թերևս աշխույժ դասերից հետո շախմատի պարապմունքի ժամանակ սովորողները կպահպանեն լրջությունը, ավելի կենտրոնացած կլինեն:

 Իսկ ֆուտբոլի պարապմունքների մասին ի՞նչ կասեք:

– Հայաստանում կան դպրոցներ, որոնք ունեն բոլոր պայմաններն այդ մարզաձևի պարապմունքների կազմակերպման համար: Մասնավորապես, Հայաստանի գյուղական բնակավայրերում վիճակն ավելի լավ է, քանի որ տարածքների խնդիր չկա, դպրոցներից տարածքներ չեն խլում: Մինչդեռ մայրաքաղաքում պատկերը տխուր է, քանի որ խաղահրապարակներում ավտոտնակներ են կառուցվել, այլ շինություններ, և, ի վերջո, տուժել են երեխաները:

Առհասարակ ինչքանո՞ վ է Հայաստանի դպրոցներում կարևորվում, պատշաճ վերաբերմունքի, ուշադրության արժանանում ֆիզիկական կուլտուրա առարկան:

 

– Սովորական են դարձել այդ առարկայի դասավանդման  վերաբերյալ քննադատական խոսքերը, միայն թե վատը նշվի: Անկասկած, թերությունները չպետք է շրջանցվեն: Իրականությունն այն է, որ եթե ուսուցիչն իր տեղում է, ապա դասերը լավ են կազմակերպվում, իսկ երբ մասնագետը սրտացավ չէ, բնական է` դրականի մասին խոսք լինել չի կարող: Այսինքն` վիճակը նույնն է, ինչպես մյուս առարկաների դասավանդման դեպքում: Իսկ հիմնական թերությունն այն է, որ կրթօջախները զուրկ են ֆիզկուլտուրայի դասերի համար անհրաժեշտ  տարրական պայմաններից: Եթե ձմռան ամիսներին դպրոցի դահլիճը  հնարավոր չէ օգտագործել, ուրեմն առարկայի նկատմամբ վերաբերմունքն էլ փոխվում է: Դրան հակառակ, այն ուսումնական հաստատություններում, որոնց դահլիճերը ցուրտ եղանակին օգտագործվում են, նաև կահավորված են մարզագործիքներով, ինքնին հասկանալի է, որ առողջության առարկայի դասերն էլ բարձր մակարդակով են անցկացվում:

 Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ 2 տարի առաջ ուսումնասիրություններ կատարվեցին Երևանի կրթօջախներումայդ թվում` դպրոցներում: Ուշադրության կենտրոնում էր այն ամենը, ինչն առնչվում է ֆիզիկական կուլտուրայի դասավանդմանը: Սպորտի, կրթության գերատեսչություններից, սպորտի բնագավառի տարբեր կառույցներից զգալի թվով մասնագետներ էին ներգրավվել այդ աշխատանքներում: Ընդհանուր առմամբ, տխուր վիճակ էր, նաև` դպրոցներում: Վերջիններիս պատկերի մասին տեղեկանք է ներկայացվել Հայաստանի կառավարությանը, սակայն ցայսօր` ոչ մի արձագանք: Ո՞ւմ է ձեռնտու լռելը, ոչինչ չանելը:

– Քաջատեղյակ եմ այդ ուսումնասիրություններին և բացահայտումներին: Փաստորեն, ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է տարբեր կրթօջախներում: Չի ներկայացվել, սակայն, թե ինչ է անհրաժեշտ անել ծառացած խնդիրները լուծելու, թերությունները վերացնելու համար: Նախկինում այդպիսի ուսումնասիրություններից հետո նաև եզրակացություններ  էին արվում, թե ինչ է հնարավոր անել: Վերադասն էլ հարցը քննելուց հետո որոշակի ժամկետներ էր նշում բացթողումները վերացնելու համար: Իսկ Հայաստանի կառավարությունը չանդրադարձավ թերևս այն պատճառով, որ ուսումնասիրությունները ներկայացվել էին, սակայն որոշման նախագիծ չէր պատրաստվել: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչու հարցն ընթացք չստացավ: Ի դեպ, անբացատրելի է, թե ինչու այժմ չի գործում դպրոցներին մարզագույքով ապահովելու ծրագիրը: Նախկինում ամեն դպրոց մարզագույք էր ստանում և թարմացնում իր ունեցածը: Դպրոցը հնարավորություն չունի փոխարինելու մարզագույքը, սակայն այն մաշվում է, շարքից դուրս է գալիս, ինչպես դասագիրքը: Մարզագույքն օգտագործելի է 3-5 տարի: Այդ է պատճառը, որ դպրոցների տնօրենները ստիպված են հարցը լուծելու համար դրամահավաքությամբ զբաղվել, լավագույն դեպքում էլ` դիմել հովանավորներին:

 

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply