Շուրջ 200 ընտանիք մտովի տոնում է նոր բնակարանամուտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 28, 2012 7:00

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հանրակացարանային շենքերը շուրջ 30 տարի է` բնակեցված են: Սկզբնական շրջանում շենքերում ապրել են Աբովյանի շինտրեստի, չափիչ սարքերի և «Սիրիուս» գործարանների աշխատակիցները, իսկ հետագայում արդեն, Խորհրդային կարգերի փլուզումից հետո, բնակարանները սեփականաշնորհվել են:

Այժմ չորս հանրակացարանային շենքերից ամեն մեկում ապրում է մոտ 50 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրը երազում է րոպե առաջ դուրս գալ այդ «ճահճից» և ապրել մարդավարի:  Շենքերն արդեն բավականին երկար ժամանակ վատ վիճակում են, իսկ 2-ը համարվում են 4-րդ կարգի վթարային: Մարդ տհաճությամբ է մտնում այդ շենքերը, քանի որ մուտքերը ոչ միայն շինարարական, այլև հիգիենիկ և կոմունալ առումներով են ծայրաստիճան անհարմարավետ: Ձմռան ամիսներին կոյուղաջրերից գոյացած սառույցները գրեթե անհնարին են դարձնում մուտքը դեպի բնակարաններ: Իսկ միջանցքների խավարը անտեսանելի է դարձնում առնետներին ու առաստաղից կախված հոսանքալարերը:

Բնակիչները բողոքում են իրենց հարմարություններից: Չորս որդու մայր տիկին Ալինան երազում է նոր ու հարմարավետ բնակարան ունենալու մասին: «Նույնիսկ քնելն է այստեղ դժվար, էլ ուր մնաց կենցաղային գործերը: Խնջույքների ու փոքրիկ առիթների մասին էլ մոռացել ենք, մի կերպ Նոր տարի ենք նշում: Շատ փոքր է ախր, չենք կարողանում հարմարվել»,- դժգոհում է նա: Տիկին Ալինան ասում է, որ բնակարանային  մակերեսի ընդլայնման հարցով դիմել է քաղաքապետարան: Խնդրել է հարևան ազատ բնակարանն իրեն տալ, տղաներն էլ կաշխատեն ու գումարը կփակեն, բայց քաղաքապետարանը մերժել է ու մի քանի շաբաթ անց վաճառել մի այլ ընտանիքի: «Չորս զինվոր եմ մեծացրել, չորսն էլ սահմանամերձ գոտիներում են ծառայել, հայրենիք են պաշտպանել, չէ՞ր հասնում այդ չորսին գոնե մի փոքրիկ բնակարան, այն էլ նվեր չէի ուզում, ուղղակի ժամանակ տային գումարը մարելու համար»:

Մի անգամ էլ առաջարկով է գնացել` բնակիչներից գումար հավաքել և քաղաքապետարանի աջակցությամբ գոնե կարգի բերել մուտքերն ու մաքրել բակը: «Կռիսներն արդեն մեզանից չեն էլ վախենում, սովորել են մեզ, ասեցի գոնե էդ անցքերը փակենք ու միջանցքները լուսավորենք: Չհամաձայնեցին: Ասեցին` ի՞նչ ես ուզում մեզանից, գնա, ինչ ուզում ես` արա: Կուզես կռիս քշի, կուզես բեր տանդ պահի»,- վիրավորված պատմում է վթարային շենքի բնակչուհին:

Նրա հարևանուհի տիկին Մարգարիտան, որ դպրոցում է աշխատում, ուսուցչուհի է, նույնպես չի համակերպվում: «Մենք մեր հնարավորություններով բնակարանում սանհանգույց ենք կառուցել, փոփոխություններ ենք արել, բայց միևնույն է, տարածքը շատ փոքր է, շենքն էլ` վթարային, մի օր սա էլ կփլվի, կմնանք դրսում: Ախր այսպես հնարավոր չէ ապրել, ես պարզապես խնդրում եմ, թող բոլոր լրատվամիջոցներն անդրադառնան այս հարցին, քանի որ այն, իսկապես, գլոբալ է և անհապաղ լուծում է պահանջում: Այստեղից մարդկանց տարհանել է պետք, սա իսկապես վտանգավոր է մարդկանց համար»:

Բնակիչների հավաստմամբ` ձմռանը շատերն են թողնում իրենց բնակարաններն ու հեռանում վարձով ապրելու, քանի որ այդ ամիսներին հանրակացարանում ապրելը վտանգավոր ու գրեթե անհնարին է:

Այս և մի քանի այլ խնդիրների շուրջ խոսեցին ոչ միայն բնակիչները, այլև Աբովյանի քաղաքապետի առաջին օգնական Մանուկ Հակոբյանը: Հարցը, թե հնարավո՞ր է, որ Աբովյանում ևս վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվեն, ինչպես Երևանում, շատ զայրացրեց պրն Հակոբյանին: «Որտե՞ղ եք այդպիսի բան լսել, նման բան չկա, այստեղ էլ, բնականաբար, լինել չի կարող: Այդ շենքերի բնակիչներից յուրաքանչյուրն իր տան տերն է, ինքը թող որոշի` որտեղ ապրի, քաղաքապետարանը նրանց բնակարաններով ապահովելու պարտավորվածություն չունի: Եվ բացի այդ, դրանք այնքան էլ վթարային չեն,- ասաց նա և ավելացրեց:- Ես լրագրող ընդունելու ժամանակ չունեմ, խնդրում եմ, հենց հիմա դուրս եկեք իմ աշխատասենյակից և այլևս ինձ չանհանգստացնեք»:

Հարցի պատասխանը, սակայն, այլ էր քաղաքապետարանի կոմունալ և անշարժ գույքի կառավարման բաժնում: Համաձայն ՀՀ կառավարության 2009 թ. որոշման` քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ են հատկացվում, նրանք էլ սպասում են կառավարության որոշմանն ու իրենց հերթին:

Չնայած տարբեր արձագանքներին` շենքի բնակիչները հույս ունեն և սպասում են  իրենց վաղվա օրվան, հատկապես` նոր բնակարաններին:

Ռուզան ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply