Ու՞ր մնաց երբեմնի անաղարտ մայրենին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 27, 2012 7:00

Նույնիսկ համապատասխան կառույցներն են զլանում կանխել համատարած գռեհկաբանությունները

Այսօր Հայաստանում բացի աշխատանքի տեղավորման ու կադրային բազմաթիվ գործակալությունների հետ համագործակցելուց, գործատուներից շատերը  համապատասխան աշխատակիցներ փնտրելու նպատակով դիմում են առավել մատչելի տարբերակների` հայտարարությունները տեղադրելով նաև համացանցում:

Ինչո՞վ է այդ տարբերակն առավել գայթակղիչ: Նախ` գործատուն, առանց երկար-բարակ երկմտելու, իր պահանջներն անմիջապես անվճար  տեղադրում է որևէ սոցիալական ցանցում` թողնելով հետադարձ կապն ու ծայրահեղ դեպքում` էլեկտրոնային հասցեն: Եթե նախկինում աշխատանքի գործակալությունների դերը, ինչպես գործազուրկների, այնպես էլ գործատուների շրջանում մեծ էր, ապա ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, էլեկտրոնային հասարակության ձևավորման արդյունքում  համացանցը առաջ անցավ: Այժմ գործատուի և աշխատանք փնտրողների համար առավել արդյունավետ է դարձել ուղիղ կապի միջոցով միմյանց մասին տեղեկանալը:

Մեզանում այժմ շատ կայքեր կան, որոնց միջոցով մարդիկ կարող են աշխատանք գտնել և թափուր հաստիքներ զբաղեցնել: Համացանցի միջոցով այսօր շատ գործազուրկներ են աշխատանք գտնում, և դա զբաղվածության ապահովման տեսանկյունից դրական  երևույթ է, սակայն զավեշտալին այն է, որ շատ գործատուներ չարաշահում են հայտարարություններ տեղադրելու հնարավորությունն ու երբեմն  և անպարկեշտ առաջարկություններ անում:

Շատերիս հայտնի List. am էլեկտրոնային կայքը, որը հայտարությունների տեղադրման տեսանկյունից ամենավարկանիշային կայքն է, օրական հարյուրավոր հայտեր է ընդունում, որոնցից շատերը` բավական տգետ ու գռեհիկ բառապաշարով:  Հարցն այն է, որ տվյալ էլեկտրոնային կայքը նախագծողներն ու վերահսկողները ամենևին էլ չեն խմբագրում հայտարարության բովանդակությունը, և յուրաքանչյուր հայտ, առանց տառ անգամ փոփոխելու, մեքենայորեն տեղադրվում է ցանցում: Առավել զավեշտալին այն է, որ անգրագետ հայտ ներկայացրած հայտատուները սովորաբար աշխատակիցների այնպիսի բացառիկ նախապայմաններ են նշում, որ ծիծաղ են հարուցում:

Օրինակ` մի գործատու իր գրասենյակի համար քարտուղարուհի է փնտրում` պարտադիր նախապայման նշելով նրա ազատ ոճով հագնվելը, գեղեցիկ կազմվածք ունենալը և  բարդույթներ չունենալու հանգամանքը: Իսկ վերջերս էլ զետեղվել էր մի հայտարարություն, որում մի միջին տարիքի տղամարդ սիրուհի էր փնտրում` ամսական 300-350 հազար դրամ աշխատավարձով, նույնիսկ նշել էր աշխատավարձի հետագա բարձրացման փաստը: Որպես հետադարձ կապ թողել էր միայն էլեկտրոնային հասցեն ու հրահանգել, որ պայմաններին չհամապատասխանող թեկնածուները չգրեն:

Այդ կայքում են հայտնվում նաև այսպիսի հայտարարություններ. «մանեմ գալի վարսահարդար ախչիկեք»:

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը թերևս այն կառույցն է, որին լիազորված է պահպանել անաղարտ մայրենին և ամբողջությամբ վերահսկել դաշտը: Թեպետ ինտերնետային ոլորտը նույնպես տեսչության հսկողության տակ է, ինչպես մեզ հետ զրույցում նշեց  տեսչության լեզվական վերահսկողության բաժնի պետ Եսայի Թադևոսյանը, համացանցում արձանագրված լեզվական խախտումները կամ գռեհկաբանությունները վերահսկելը բավական դժվար գործ է, և կառույցի ուժերից վեր է այս ոլորտի նկատմամբ հսկողություն սահմանելը: Նրա հավաստմամբ, գուցե խախտումներին անդրադարձ արվեր, եթե դրանք տեղ գտնեին, օրինակ, մամուլում: Ինտերնետային ոլորտը հսկողությունից դուրս է, և հնարավոր չէ իրավախախտներին դատական կամ վարչական պատասխանատվության ենթարկել: Հսկողություն սահմանելու համար, պրն Թադևոսյանի խոսքերով, պետք է հատուկ ծրագիր մշակել, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է ժամանակ ու անհրաժեշտ աշխատուժ:

Փաստորեն,  համացանցում անպատժելիության մթնոլորտ  է, և դժվար է  լծակներ կիրառել մայրենին անաղարտ պահպանելու և անգրագիտությունը կանխելու ուղղությամբ: Մնում է միայն նման գործատուներին հորդորել աշխատակից փնտրելիս  լինել  հնարավորինս պարկեշտ և վերջ դնել թեթևաբարո արտահայտություններին:

 

Լ.Ն

Դիտվել է 1694 անգամ:
Print Friendly

Leave a Reply