Բջջային կապի կայանը` մեր տանիքին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 26, 2012 7:00

Կարո՞ղ եք այսօր պատկերացնել կյանքն առանց բջջային կապի: Թերևս մեզանից յուրաքանչյուրն է զարմանում ու մտածում, թե ինչ էինք անում առաջ, երբ  չկար բջջային հեռախոս, մինչդեռ այսօր այն առաջին անհրաժեշտության իրերից է: Երբ հեռախոսդ ինչ-որ տեղ մոռանում ես, անհագստություն է մեջդ մտնում, քանի որ առանց հեռախոսի այլևս դժվար է պատկերացնել մեր կյանքը:

Իսկ  կապն ապահովելու նպատակով բջջային օպերատորներն իրենց կայաններն են տեղադրում բնակելի, սոցիալական ու արտադրական շենքերի տանիքներին: Դա հնարավորություն է տալիս հավասարաչափ  տարածել բջջային «լուսավորությունն» ու ապահովել բջջային սարքավորումների  անխափան աշխատանքը:

Շատերը, ովքեր ստիպված են նման կայանի  հարևանությամբ բնակվել, համարում են այն վտանգավոր, բողոքում ինքնազգացողությունից: Այսպիսի մտքերը գործընթացները չպատկերացնելու հետևանք են: Հիմնականում սարսափ են ներշնչում տանիքներին տեղադրված  հզոր ալեհավաքները: Ոմանք նույնիսկ համոզված են, որ դրանք «ճառագայթման» աղբյուր են, հիվանդությունների ու թուլության հիմնական պատճառ: Իրականում այդ վախերն ուռճացված են:  Դա կարող է հաստատել անվտանգության հավաստագիրը, որն անպայման տրվում է կապի օբյեկտի ձևակերպման ժամանակ: Միկրոալիքային մակարդակով դրանց ճառագայթման ցուցանիշը վերջին հարկերում զրոյական նիշ է ցույց տալիս: Իսկ հեռախոսը, որից համար է հավաքվում ու զանգ կատարվում, տասնյակ նիշ է ցույց տալիս, այսինքն` տանիքին տեղադրված ալեհավաքն ավելի «անշառ» է , քան ինքը` հեռախոսը:  Բանն այն է, որ հատվածային ալեհավաքի աշխատանքը կարելի է պատկերավոր համեմատել լապտերի լույսի հետ, որի  լույսի սփռման ուղղությունն ուղղորդված է ու չի կարելի թեքել, եթե այն անշարժ է: Այդ «լույսի» ուժգնությունն էլ տարածության հետ թուլանում ու մարում է: Չէ՞ որ լույսն էլ է էլեկտրամագնիսական ճառագայթում, սակայն տեսանելի տիրույթում: Վտանգավոր կարող է համարվել միայն անմիջապես ալեհավաքի դիմաց գտնվող 20 մ տարածությունը:

Շատերն են միկրոալիքային վառարանի հետ համեմատում բջջային կայանի ազդեցությունը: Համեմատությունն անտեղի է, քանի որ բջջային ազդանշանները թվային տեսքով են հաղորդվում, ինչը մեծ հզորություն չի պահանջում: Այլ են  հեռուստատեսային հաղորդիչներն ու բջջային կապի անալոգային տարբերակները, որոնք արդեն կիրառությունից դուրս են եկել: Այնպես որ բջջային կապի կայանների ու ինքնազգացողության մասին պատմությունները մտացածին են: Չէ՞ որ ժամանակին նույն կերպ վախենում էին շոգեքարշից ու աերոպլանից, համարելով դրանք սատանայական գործեր:

Մի անեկդոտ էլ կա դրա հետ կապված.

Մի գյուղում բջջային կապի կայան են տեղադրում: Մարդիկ սկսում են բողոքել գլխացավից, վատ ինքնազգացողությունից ու այդ ամենի  պատճառը համարում են նոր կայանը:

Մեկ ամսից ինժեներներ են գալիս գյուղ: Լսելով պատմությունները` զարմանում են. «Դեռ չենք միացրել, բա որ միացնենք ի՞նչ կլինի»:

Դիտվել է 2170 անգամ:
Print Friendly

Leave a Reply