Րիո-դե Ժանեյրոյում բախվել են թմրաբիզնեսի և ոստիկանության ներկայացուցիչները. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2009 12:27

Բրազիլական Րիո-դե Ժանեյրո քաղաքում թմրանյութերի վաճառով զբաղվողների խմբավորումների և ոստիկանության բախումներից արդեն զոհվել է 16 մարդ: Քաղաքում անկարգությունները սկսվել են շաբաթ օրը, երբ հանցագործները հրդեհել են 8 ավտոբուս, իսկ մրցակից այլ խմբի հետ մղվող կրակահերթից վայր է ընկել ոստիկանական ուղղաթիռը:

Ուղղաթիռի օդաչուն կարողացել է վթարային վայրէջք կատարել ֆուտբոլի դաշտում, որից հետո այն հրդեհվել է և պայթել: Ոստիկանության 2 աշխատակից զոհվել են, ևս 4-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:

Երեկ ոստիկանությունը Րիո-դե Ժանեյրոյի հետնախորշերում իրականացված հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել է 2 հանցագործի, որոնք զինված դիմադրություն են ցույց տվել: Առգրավվել է 300 կգ մարիխուաննա տեսակի թմրանյութ և 2 հրազեն: Տեղի իշխանությունները 2 հազար ռեալ (1180 դոլար) դրամական պարգև են խոստացել ոստիկանական ուղղաթիռի վրա կրակողների մասին տեղեկություն հայտնելու համար:

Հանցագործության նման ալիքը, որ հանգստյան օրերին բռնկվել է 2016-ի օլիմպիական խաղերի կենտրոնում, բնակիչների մոտ հուզումներ է առաջացրել և քաղաքի իշխանությունները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել` հասարակական կարգի պաշտպանության համար:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply