Վթարային շենքի բնակիչն արդեն քաղաքապետարանի հեքիաթներին չի հավատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 29, 2012 7:13

«2007-ից պայքարում եմ Երևանի քաղաքապետարանի կամայականությունների դեմ, բայց անարդյունք»,- «Անկախին» իր բողոքն է հայտնում քաղաքացի Սարգիս Հակոբյանը՝ խնդրելով օգնել պաշտպանելու իր հորեղբոր ոտնահարված իրավունքները:

Հորեղբայրը՝ Կարո Հակոբյանը, 1964 թվականից ապրում է Շինարարների 35 շենքի 11 բնակարանում: 1963 թ. կառուցված չորսհարկանի շենքն այժմ վթարային է: Ընդ որում,  6 մուտքերից 5-ը 3-րդ աստիճանի վթարային են, առաջին մուտքը՝ 4-րդ:

Միայնակ թոշակառու, անժառանգ Կարո Հակոբյանը բնակվում է առաջին մուտքի 4-րդ հարկում: Անզեն աչքով էլ երևում է շենքի արտաքին պատին գոյացած հսկայական ճաքը, որը ցույց է տալիս, որ շենքի ներքևի հատվածը զգալիորեն առաջ է եկել: Կարո Հակոբյանի բնակարանում նույնպես բազմաթիվ ճաքեր են գոյացել: Նրա եղբոր որդին չի չափազանցնում ասելով, որ տարեց հորեղբայրը կարող է ամեն վայրկյան հայտնվել բնակարանի փլատակների տակ:

Բնակարանի խնդիրներից մեկն էլ այն է, որ սեփականաշնորհված չէ: Եղբորորդու խոսքով, հորեղբայրն այդ հարցով չի զբաղվել, այլ կերպ ասած` «գլուխ չի դրել»: «Ես Հայաստանում չէի,- պատմում է նա,- 2006 թ. եկա և փորձեցի ինքս զբաղվել սեփականաշնորհման հարցերով: Բայց պարզվեց, որ հենց այդ տարվանից նոր օրենք է գործում, որ 4-րդ աստիճանի վթարային շենքերը չի թույլատրվում սեփականաշնորհել: Դե լավ, եթե չի թույլատրվում, չի թույլատրվում»:

Սարգիս Հակոբյանը դիմում է պատկան մարմիններին` հորեղբորն օրենքով սահմանված կարգով մեկ այլ բնակարանում վերաբնակեցնելու պահանջով: Սակայն նրան պատասխանում են, որ շենքը 3-րդ աստիճանի վթարային է, և պետք է մինչև 2011 թ. ամրացվի (մինչ օրս չեն ամրացրել): Այդ ինչպե՞ս է պատահում, որ քաղաքապետարանի պատասխաններից մեկում շենքը համարվում է 3-րդ աստիճանի վթարային, մեկ այլ պատասխանում` 4-րդ : «Ամեն ինչ շատ պարզ է, հենց պահանջում ենք բնակարան, ասում են՝ 3-րդ կարգ է, պետք է նորոգենք, հենց պահանջում ենք սեփականաշնորհել, ասում են` 4-րդ կարգ է, չի թույլատրվում: 2006-ից ինձ տանում-բերում են. մե՛կ 3-րդ է, մե՛կ 4-րդ, արդեն հոգնել եմ,- ասում է Սարգիս Հակոբյանը` միաժամանակ հարցնելով,-հիմա մենք ի՞նչ անենք»:

Հարցի պատասխանը նրանք փորձում են ստանալ ամենատարբեր կառույցներից, ընդհուպ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և հանրային խորհրդից: ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ գործն ուսումնասիրվում է:  Հանրային խորհրդից արդեն դիմել են քաղաքապետարան՝ օրենքով սահմանված կարգով Կարո Հակոբյանին բնակարան տրամադրելու պահանջը բավարարելու խնդրանքով: Ի դեպ, Հանրային խորհուրդն առաջարկել է նաև խնդրի վերաբերյալ անցկացնել հանրային լսումներ՝ նշելով, որ ՀԽ-ն  նմանատիպ խնդիրներ արծարծող դիմումներ էլի է ստացել թե՛ Երևանից և թե՛ մարզերից:

Ի դեպ, երեք ամիս առաջ, երբ Սարգիս Հակոբյանը կրկին դիմել է քաղաքապետարան հորեղբոր բնակարանի սեփականաշնորհման հարցով, քաղաքապետարանը հաստատել է սեփականաշնորհման որոշումը: Հաջորդ օրը, երբ նա պատրաստվել է գնալ Կադաստրի պետական կոմիտե՝ սեփականաշնորհման գրքույկը ստանալու, քաղաքապետարանից զանգահարել են և ասել, որ սխալմունք է եղել, չեղյալ համարելով իրենց իսկ որոշումը:

Կարո Հակոբյանի եղբորորդին վրդովված է նաև այն պատճառով, որ հորեղբայրն այդ մեկսենյականոց բնակարանը  ժամանակին ստացել է որպես փոխհատուցում իր 1000 քմ հողատարածքով առանձնատունը պետական կարիքների համար պետությանը հանձնելու դիմաց, սակայն հիմա չի կարողանում անգամ սեփականաշնորհել իր բնակարանը, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս. «Թող էս մարդու սեփական տունը չքանդեին, հողատարածքը չվերցնեին, մեզ պետք չէր էս բնակարանը, որ հիմա էլ էս պատմության մեջ ընկնեինք»,- ասում նա:

Սակայն կա մի հանգամանք, որն ամենից շատ է զայրացնում Սագիս Հակոբյանին. նա պարզել է, որ 2008 թ. նույն մուտքի բնակարաններից մեկը սեփականաշնորհվել է` չնայած 2006-ից  գործող օրենքին, ըստ որի` 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակարանները ենթակա չեն սեփականաշնորհման:  «Բա ո՞նց է պատահել, որ այդ  բնակարանը սեփականաշնորհվել է, բա ինչո՞ւ են խախտել օրենքը»: Այս հարցի պատասխանը նույնպես Սարգիս Հակոբյանի համար շարունակում է մութ մնալ:

Ինչ վերաբերում է հորեղբոր բնակարանին, քանի որ այն սեփականաշնորհված չէ, բնակարանում էլ, բացի հորեղբորից, այլ մարդ գրանցված չկա, ապա վերջինիս մահվան դեպքում բնակարանը կմնա պետությանը. «Ես արդեն ենթադրում եմ, որ նրանք ձգձգում են հորեղբորս բնակարանի հարցը` սպասելով հենց դրան»,-ասում է Սարգիս Հակոբյանը` ուրիշ բացատրություն չգտնելով:

Նրա խոսքով, երբ Լենինգրադյան փողոցում 4-րդ աստիճանի  վթարային շենքերի բնակիչների համար նոր շենքեր են կառուցվել, ինքը դիմել է, սակայն պատասխանել են, որ հորեղբոր շենքն առայժմ ընդգրկված չէ այդ ծրագրում: Այս պահին նույն նպատակով տասնչորսհարկանի մեկ այլ շենք է կառուցվում Սիսակյան փողոցում, սակայն կրկին Շինարարների 35 շենքի 1-ին մուտքի բնակիչների համար տեղ չկա:

Խնդիրն այն է, որ շենքի միայն առաջին մուտքը չեն կարող քանդել, քանի որ այն մեջտեղից «կար» ունի, և քանդելու դեպքում պետք է քանդեն հենց այդ տեղից, այսինքն` առաջին մուտքի հետ նաև կողքի երկու մուտքերը, որոնք 3-րդ աստիճանի վթարային են: Դա, բնականաբար, լրացուցիչ գլխացավանք է քաղաքապետարանի համար, քանի որ վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար քաղաքապետարանի միջոցներն առանց այն էլ սուղ են, և 3 ընտանիքի համար քաղաքապետարանը չի գնա նման ծախսի` վերաբնակեցնելով նաև կողքի 3-րդ աստիճանի վթարային 2 մուտքերի բնակիչներին:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ են խնդրին, և Կարո Հակոբյանն ընդգրկված է առաջնահերթ վերաբնակեցման ենթակա բնակիչների ցուցակում: Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` հարցը կլուծվի, երբ նույն համայնքում կառուցվի այդ նպատակով նախատեսված հերթական նորակառույցը: Չնայած քաղաքապետարանի աշխատակցի լավատեսությանը, թե դա տեղի կունենա մեկ տարուց, Սարգիս Հակոբյանը նույն լավատեսությամբ տրամադրված չէ: Ինչպես ասում են` տառապանքը փորձ ունի. «2006-ից նույն բանն են ասում` ընդգրկված է առաջնահերթ ցուցակում, շուտով կլինի… Էդ հեքիաթին էլ չեմ հավատում»,- ասում է նա:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply