Նելլի Դուրյան. «Աղջիկների նման վարքագիծը շատ հազվադեպ է հանդիպում»

Հարցազրույց | | May 24, 2012 14:56

Թիվ 102 դպրոցի մոտ տեղի ունեցած դեռահաս աղջիկների ծեծկռտուքի դեպքն արագ տարածում գտավ համաշխարհային ՅՈՒԹՈՒԲ սարդոստայնում: Դեպքը բացահայտվել է օրերս, այս ընթացքում տեղի է ունենում նախաքննությունը:

Տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես Երևանի թիվ 102 դպրոցի բակում  դպրոցահասակ աղջիկները անպատվում են իրար ամենալկտի հայհոյանքներով, ապա ծեծում իրար, իսկ նրանց կողքին գտնվող տղաները, որոնցից շատերի հասակը դեռ կարճ է աղջիկներից, կողքից հրճվում են։ Դա շարունակվում է 4 րոպեից ավելի։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանից թարմ տեղեկատվություններ ճշտեցինք թե՛ աղջիկների դեպքի, թե՛ դպրոցներում տեղի ունեցող «վերջին զանգի» արարողությունների մասին:  «Դեպքի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ գալուն պես, մենք կտեղեկացնենք»,- այսպես սկսվեց մեր զրույցը:

Տիկին Դուրյան, ծեծկռտուքի մասնակից աղջիկներին ի՞նչ պատիժ է սպասում:

– Նախ` տեղի ունեցածում առկա են խուլիգանության տարրեր: Գիտես, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ պատժի կարժանանան, քանի որ ընթանում է նախաքննություն, բայց աղջիկներն անպայման հաշվառման կվերցվեն:

Բայց նմանօրինակ այլ տեսանյութեր էլ կան ինտերնետում, չէ՞:

– Գուցե կան, բայց դրանք դեռ ուսումնասիրվում են, նոր բան չկա:

Իսկ նման դեպքերը վերջին շրջանում ավելացե՞լ են: Ըստ Ձեզ, հասարակությո՞ւնն է սկսել ավելի շատ խոսել այս մասին

– Ես հակված եմ երևի ավելի շատ երկրորդ տարբերակին և համոզմունք եմ հայտնում, որ աղջիկների կողմից նման վարքագիծը շատ հազվադեպ է: Ընդհանուր առմամբ, նման դեպքերը բացահայտելու և կանխելու  համար միայն ոստիկանության գործողությունները քիչ են, անհրաժեշտ է սերտ համագործակցություն դպրոցի և ծնողների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխել երեխայի վարքագիծը: Դրա համար բարի կամքի դրսևորումներ են պետք:

Տիկին Դուրյան, տպավորություն է ստեղծվում, որ նմանօրինակ դեպքերը բացահայտվում են հենց տեսանյութեր հայտնվելուց հետո

Դե, դա տպավորություն է: Շատ-շատ դեպքեր են լինում, որ մենք ինքներս բացահայտում ենք: Ուղղակի տարբերությունն այն է, որ հաճախ այդպիսի դեպքեր բացահայտելիս մեծ աղմուկ չենք բարձրացնում: Անչափահասների խնդիրն անչափ նուրբ է. պետք է ամեն դեպքում հաշվի առնել այն, որ գործ ունենք երեխաների հետ, որոնք ինչ-որ բան անում են, նոր միայն մտածում:

Շատ զգույշ ենք այդ առումով: Երեխայի դեմքը, օրինակ, ցույց չենք տալիս, անուն-ազգանունը չենք հայտարարում: Կարծում եմ` աղջիկների հետ կաշխատեն մեր մասնագետները և ամեն ինչ կշտկվի, երեխաները, ի վերջո, կհասկանան, թե ինչ են արել:

Լսել եմ, որ մայիսի 25-ից հունիսի 3-ը կազմակերպվելու է «Զգուշացե՛քերեխաներ են» խորագրով տասնօրյակ, ո՞րն է նպատակը:

– Այն նվիրված է վերջին զանգի օրը երթևեկության անվտանգության ապահովմանը: Խնդրում եմ ծնողներից, որ այդ օրը ղեկը չհանձնեն անչափահաս երեխաներին: Իսկ վարորդներին կոչ եմ անում լինել առավել զգոն, խուսափել շտապողականությունից, երեխաներ տեսնելիս կանգնել և ճանապարհը զիջել նրանց: Ասեմ, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով գնում ենք դպրոցներ, հանդիպում երեխաների, մանկավարժների, տնօրենների հետ և զգուշացնում նրանց հնարավոր խնդիրների մասին:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ.  Ոստիկանության գնդապետը վստահեցրեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անելու է, որ վերջին զանգի օրը` սկսած վաղ առավոտից, տոնակատարություններն ավարտվեն առանց ավելորդ միջադեպերի և դժբախտ պատահարների:

Դիտվել է 2789 անգամ:
Print Friendly

Leave a Reply