«Քուչի բազարից» մինչև դիվանագիտություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Գևորգ Ավչյան | May 25, 2012 7:00
Արտաքին քաղաքականությունը նման է «քուչի կռվի»: Դիվանագիտական սուբյեկտները` «քուչի տղերքը» իրար դեմ պատերազմում են` «իրար խփում են», կամ վիրավորում են, ու հերթը հասնում է բանակցություններին` «բազարին»: Այս դեպքում, ինչպես և «քուչի կռվի» ժամանակ, հարցերը լուծվում են ուղեղների մարզանքի և փաստարկների զինանոցի «ճոխության» ու բազմազանության շնորհիվ: Որ կողմը որ ավելի լավ է պատրաստվել, ավելի շատ փաստարկներ ունի, և ում թիկունքին ավելի «խառոշի» հովանավոր կա, նա այդ «բազարից» ավելի շահած դուրս կգա: Կարևոր են նաև «բազարի գնացողի» ֆիզիկական ու ներքին համախմբվածության գործոնները: Ու նաև կարևոր է, թե «մեծ ախպերները»` հովանավորները, ինչքանով են «հարգված ու լուրջ», որպեսզի «բազարի իտոգը» այդ կողմի օգտին լուծվի:
Մի խոսքով` վերջին շրջանում արտաքին քաղաքական հարթությունում տեղի ունեցան մի շարք հանգամանքներ, որոնք այսպես թե այնպես առնչվում են կամ կարող են առնչվել Հայաստանին: Նախ` Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում Չմիավորված երկրների շարժումը (մոտ 120 անդամ) Լեռնային Ղարաբաղի հարցով որոշում ընդունեց, որում նշվում է, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ուժի չկիրառման սկզբունքներով և խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Որոշման մեջ չէր նշվել ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներից մեկին բացատրեց, որ այդ փաստաթուղթն որևէ իրավական նշանակություն կամ հետևանք չի կարող ունենալ Հայաստանի համար:
«Դա խորհրդակցական ֆորմատ է, և մենք անդամ չենք այդ կազմակերպությանը, դիտորդ ենք: Նման կարգի կառույցների դեկլարացիաներն էլ, ընդհանրապես, իրավական ուժ չունեն: Որովհետև չմիացած երկրների շարժման շատ երկրներ այլ ձևաչափերում այլ դիրքորոշումներ են արտահայտել»,- նշել է նա:
Այս որոշումը փոխել չէին կարողացել անգամ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երկու ելույթները: Հիշեցնենք, որ Չմիավորված երկրների շարժմանը Հայաստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով, իսկ այս հայտարարությունը լիիրավ անդամի կարգավիճակով շարժմանը մասնակցող Ադրբեջանն էր կազմակերպել:
Այստեղ մեր միակ հույսն այն էր, որ Չմիավորված շարժման անդամ երկրներն այլ հարթակներում` այլ միջազգային կառույցներում, բոլորովին այլ դիրքորոշում էին ցուցաբերել Արցախի հիմնախնդրի առնչությամբ և ստորագրել տարբեր փաստաթղթերի տակ, որոնցում նշվել է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Ինչևիցե, արտգործնախարարությունն այդպես էլ չհամոզվեց, որ Շարմ Էլ Շեյխում սեփական դարպասները «գնդակ» ընդունեց:
Միջազգային մյուս կարևոր իրադարձությունը օրեր առաջ Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունն էր, որում մեր տարածաշրջանին էլ անդրադարձ կար: Փաստաթղթով կոչ արվեց տարածաշրջանի երկրներին շարունակել քայլերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նշված էր նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության մասին:
Չիկագոյի գագաթաժողովին զուգահեռ, Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին` թե «եթե Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ռազմական ճանապարհն ընտրի, կմիջամտի՞ արդյոք ՀԱՊԿ-ն», ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, և եթե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլեր ձեռնարկվեն, ապա ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին: Այս կապակցությամբ հայ քաղաքագիտական-վերլուծական շրջանակները սկսեցին վերլուծություններ անել:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, թե ակնհայտ է, որ այսօր ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև կան բավական լուրջ խնդիրներ: Խոսքն առաջին հերթին հակահրթիռային պաշտպանության կայանների վերաբերյալ ՆԱՏՕ-ի մտադրությունների և Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից դրան ընդդիմանալու քաղաքականության մասին է: Խնդիրն ավելի ու ավելի է սրվում, և հեռանկարում չի երևում, թե ինչպես կարելի է հաղթահարել հակադրությունը երկու բլոկների միջև:
«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հանգամանքի վրա, որ կար իմպուլս ՆԱՏՕ-ի կողմից և դրան ի պատասխան` կային նաև որոշակի արձագանքներ ՀԱՊԿ-ի կողմից. խոսվում էր Հայաստանին ցուցաբերվելիք հնարավոր աջակցության մասին: Դրա համար, կարծում եմ, այդ գնահատականները, որ հնչեցին ՀԱՊԿ-ից, և այն գնահատականները, որոնք հնչեցին ՆԱՏՕ-ից` կապված Արցախյան հակամարտության հետ, երկուսն էլ իրենց մեջ որոշակի գաղտնի և քողարկված սպառնալիք էին պարունակում այն կողմի համար, որը կփորձի առաջինը պատերազմական գործողություններ վերսկսել Արցախում: Եվ այս հարցում դիրքորոշումների ընդհանուր եզրերը ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև, կարծում եմ, բավականին ակնհայտ են»,- նշեց քաղաքագետը:
Իսկ «ընդհանուր եզրերը», քաղաքագետի համոզմամբ, նրանք են, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է մինչ 2014 թ. դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից, և այդ դեպքում հետպատերազմյան Աֆղանստանում վերահսկողություն իրականացնելու առումով խնդիր կառաջանա: Իսկ ՀԱՊԿ ներուժն այս դեպքում, ինչպես համոզված է Հրանտ Մելիք-Շահնազարյանը, կարող է կիրառվել այդ վերահսկողի դերում, ինչը ՆԱՏՕ-ի համար էլ ընդունելի տարբերակ է:
Սակայն բոլորովին այլ կարծիքի է մեկ այլ քաղաքագետ` «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա դիտարկումների` «Արտաքին քաղաքական հարթությունում, իրականում, ոչինչ էլ տեղի չի ունենում` Հայաստանի համար` փոքրիշատե էական ոչինչ: Այն իրադարձությունները, որոնք այդպես բուռն քննարկվում են հայկական լրատվամիջոցներում, Չիկագոյից սկսած մինչև Բաքվի Եվրատեսիլը, բոլորն էլ իրադարձություն չեն: Ավելի ճիշտ` Հայաստանի արտաքին քաղաքականության իրադարձություններ չեն. պսևդոիրադարձություններ են»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ երեքշաբթի օրը նշեց քաղաքագետը:
Նա նշեց նաև, որ ոչ մի նոր բան չկա Ադրբեջանի կողմից միլիարդավոր միջոցներով «Եվրատեսիլով» քարոզչություն իրականացնելու և Բաքվում կազմակերպված գեյ-շքերթներում: Դրանք նույնպես իրադարձություն են, որոնք ոչ մի էական բան չեն նշանակում, և մի ամիս անց դրանց մասին ոչ ոք ոչինչ չի հիշի: Իրանա-ադրբեջանական սկանդալային, աղմկոտ, միմյանց հանդեպ կեղտ շպրտելու երևույթում նույնպես ոչ մի էական ու նոր բան քաղաքագետը չի տեսնում:
«Ոչ թե աշխարհում ընդհանրապես ոչ մի բան տեղի չի ունենում, աշխարհում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության համար լուրջ նշանակություն ունեցող ոչինչ տեղի չի ունենում»,- պարզաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչևիցե, էական թե ոչ էական, ամեն դեպքում մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը հետաքրքրություն է ներկայացնում միջազգային հանրության համար: Առավել ևս, որ մենք այս տարածաշրջանում հանդիսանում ենք դեռևս չլուծված հակամարտության շահագրգիռ կողմ: Ու որպեսզի արտաքին քաղաքական հարթությունում չլինեն նոր շարմելշեյխներ, հայկական շահերին հակասող հայտարարություններ, բանաձևեր ու փաստաթղթեր, պետք է ուժեղ լինենք, հասկանանք «բազարի գնալուց առաջ» մեր ներքին խնդիրները, ուժեղ ու թույլ կողմերը ու երբեք մեր ձախողումներն անուշադրության չմատնենք, որովհետև այդ դեպքում նոր ձախողումներն անխուսափելի կլինեն:
Ի դեպ` Չիկագոն էլ, Շարմ էլ Շեյխն էլ, Մոսկվան էլ, հեռուստակամուրջն էլ, եթե այսօր էական նշանակություն չունեն, չի նշանակում, թե ընդհանրապես նշանակություն չունեն: Մի օր այդ «մանր-մունր» իրադարձությունները հանրագումարում դնելու են տրամաբանական վերջակետը: Մի՞թե այդ վերջակետի բովանդակությունը մեզնից կախված չէ:






Facebook
Tweet This
Email This Post
