Ինչու էին մանդատներ պետք ընդդիմությանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 24, 2012 14:47

«Եթե քաղաքական ուժը չի վերցնում իր մանդատները, կարելի է ասել, որ այդ քաղաքական ուժը չի ճանաչում այս ընտրությունները»,- մի անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ դա  շատ կարևոր գործոն է: Նույն տրամաբանությամբ, եթե քաղաքական ուժը վերցնում է մանդատները, նշանակում է` իրականում համաձայն է ընտրությունների արդյունքներին, անկախ այն հանգամանքից, թե ինչ կգոռա հրապարակում կամ բարձր ամբիոններից:

Կուսակցությունների խորհրդարան անցնելու համար նախատեսված 5 տոկոսանոց և դաշինքների համար նախատեսված 7 տոկոսանոց արգելքը հաղթահարած և ոչ մի քաղաքական ուժ վայր չդրեց իր մանդատները ու չբոյկոտեց խորհրդարանական ընտրությունները: Ստացվում է` նրանք համաձայն են ընտրությունների արդյունքներին, չնայած շատերը, հիմնականում ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժերը, նշում են ընտրակեղծիքների ու խախտումների մասին:

Մի անգամ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն այդ երևույթը բնութագրեց այսպես. «Ընդդիմությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին և լեգիտիմացրեց ընտրությունների արդյունքները»:

Այս հարցում բոլորովին այլ կարծիք ունեն «մանդատ վերցնողները»: ՀԱԿ-ը, օրինակ, ընտրություններին անմիջապես հաջորդած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վերցնում է իր մանդատները` չնայած ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց. «Եթե որևէ քաղաքական ուժ մեծամասնության քվեն ստանա, թեկուզ ստանա ամբողջ հասարակության աջակցությունը, միևնույն է, ՀՀԿ-ն ոչ միայն կապահովի իր մշտական մեծամասնությունը, այլև իր ուզած կուսակցությանը կամ կուսակցություններին կնշանակի ընդդիմության դերում: Մենք պետք է նրանց դեմ կռվենք բոլոր ճակատներում` փողոցներում և խորհրդարանում, բոլոր հրապարակներում»:

Ստացվում է, որ եթե մեծամասնության քվեն ստանաս, չես կարող պահպանել, բայց այլ բաներ անել կարո՞ղ ես: Սա պարադոքս է ու ակնհայտ քաղաքական աճպարարություն: Ինչևիցե, նույն ՀԱԿ-ի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ` Նիկոլ Փաշինյանը, մանդատները վերցնելու հանգամանքը նույն հանրահավաքի ժամանակ փորձեց բացատրել  այսպես. «ՀԱԿ խմբակցությունը, այո’, պետք է գնա խորհրդարան և խորհրդարանական ամենօրյա պայքար մղի քաղաքական իրավիճակի փոփոխության համար: Հեղափոխական նպատակը նոր շարժիչ և մոտիվացիա է ստանում ի դեմս ՀԱԿ խորհրդարանական խմբակցության, և նրա բոլոր հնարավորությունները պետք է ծառայեցվեն քաղաքացիական հեղափոխության նպատակներին: ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը պետք է աշխատի խորհրդարանում, պետք է Հայաստանի քաղաքացիներին ու ՀՀ Սահմանադրությունը պաշտպանի խորհրդարանում»:

Նույն կամ գրեթե նույն «դրդապատճառն» ունի «Ժառանգություն» կուսակցությունը:

Պարզվում է` մանդատների քանակը ՀՅԴ-ի համար էական չէ: Ավելին` ՀՅԴ-ի շարքերը հիմա ավելի են համախմբվել: Համենայն դեպս, միասնական շտաբի` ընտրություններին հաջորդած նիստերից մեկի ժամանակ այսպես  է արտահայտվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` քաղաքական պայքարի մասին մեզ մոտ «պրիմիտիվ պատկերացում» կա: «Ո՞վ ասաց, որ եթե մտնում ենք ԱԺ, ապա բացառում ենք փողոցը: Մենք անելու ենք քայլեր թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս»:

Ռուստամյանը նշեց, որ արդեն այսօրվանից իշխանությունը նոր մեթոդներ է մշակում, իսկ իրենք պետք է բացահայտեն դրանք, այս իմաստով ևս կարևոր է խորհրդարանում լինելը: Խորհրդարանում ընդդիմադիր ուժերը, նրա հավաստիացմամբ, համագործակցելու են իշխանության դեմ պայքարում: Մի՞թե: Իսկ նախորդ խորհրդարանում, որտեղ ՀՅԴ-ն ուներ 3 անգամ ավելի շատ պատգամավորներ, ինչպե՞ս էր պայքարում իշխանությունների դեմ:

Պետք է, վերջիվերջո, հասկանալ, որ խորհրդարանական ընդդիմությունն այլևս ոչինչ չի կարող անել ո՛չ քվեարկությամբ, ո՛չ իր սահմանադրական իրավունքները պաշտպանելով, որովհետև նույնիսկ 44 տոկոս ու ավելի չի կազմում, որ մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը չաշխատի, կամ չի կազմում նույնիսկ այնպիսի փոքրամասնություն, որ հնարավորություն ունենա օրենքների վրա վետոյի իրավունք կիրառել: Խորհրդարանական ընդդիմությունն այժմ, լավագույն դեպքում, եթե բոլորն իրար հետ լինեն` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»,   մոտ 20 մանդատ ունի: Այդ պարագայում  նա չի կարող անգամ որևէ օրինագծի  կապացությամբ դիմել Սահմանադրական դատարան ու պահանջել քննել այդ նախագծի սահմանադրականությունը: Որովհետև, ըստ օրենքի, դրա համար պահանջվում է 27 պատգամավորի ստորագրություն:

Այս պարագայում այդ երեք ուժերը միասին կարող են միայն մեծ սկանդալներ սարքել:

Բոլորովին այլ կլիներ պատկերը, եթե ԲՀԿ-ն դառնար ընդդիմություն: Բայց ինչպե՞ս կարող է օլիգարխ ղեկավար ունեցող և վերջին 5 տարիներին «խիստ իշխանական» ուժը, որն այժմ էլ բանակցություններ է վարում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու շուրջ, լինել ընդդիմադիր: ԲՀԿ-ն չի կարող ընդդիմադիր լինել, որովհետև ոչ միայն ղեկավարն է օլիգարխ, այլև կուսակցության բամաթիվ անդամներ, որոնք հաստատ ԲՀԿ-ին անդամակցել են ոչ ինչ-որ հրապարակում իշխանություններին վատաբանելու համար, այլ իշխանության հասնելու նպատակով:

Եվ քանի որ ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունից Պողոս-Պետրոս դուրս չի գա, ինչո՞ւ  էին պետք ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» խորհրդարանական մանդատները, և արդյոք ճիշտ չէ՞ր լինի հրաժարվել այդ մանդատներից ու պայքարը շարունակել փողոցում:

«Թե որ կուսակցության համար ինչն էր ճիշտ կամ սխալ, դա իմ գործը չէ, ես կուսակցության ղեկավար չեմ: Բայց խորհրդարանում կան կուսակցություններ, որոնց թվարկեցիք, և առնվազն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կդասավորվեն ու կներկայանան որպես ընդդիմադիր կուսակցություններ: Ինձ թվում է` նրանք իրենց թեկնածուին կառաջադրեն նախագահական ընտրություններում: Եվ նրանք մինչև եկող տարվա փետրվար խորհրդարանում իրենց ներկայությունը փաստացի կուղղեն  նախագահական կամպանիային: Այսինքն` խորհրդարանը կօգտագործվի այնպես, ինչպես օգտագործվում են ԶԼՄ-ները, հրապարակը, ցույցերն ու երթերը, որպեսզի հիմնավորեն իրենց տեղը նախագահական ընտրությունների շեմին և ընտրություններում փորձեն ստանալ ավելի շատ ձայներ: Այսինքն` նախաձեռնություններ միշտ էլ կնետվեն ասպարեզ, բայց այդ նախաձեռնությունները կունենան քարոզչական նպատակ ու նշանակություն, որովհետև խորհրդարանական աշխատանքներում մասնակցություն ունենալ, որպեսզի որոշումներ ու իրավիճակ փոխեն, նրանք ուղղակի չեն կարող. համապատասխան ուժ և բավականաչափ թվով ներկայացուցիչներ չունեն»,- այս առիթով ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Մարդիկ նախագահի աթոռակռվին են պատրաստվում: Բայց դե իշխանական ճամբարում էլ քնած չեն…

 

Դիտվել է 1597 անգամ:
Print Friendly

Leave a Reply