«Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ հատվածներ Մեյերհոլդի կյանքից»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 24, 2012 13:43
Նարեկացի արվեստի միությունում շարունակվում են դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ շարքի հանդիպումները հայ և համաշխարհային թատերագրության հանդիսատեսին քիչ ծանոթ պիեսների հետ: Այս անգամ` մայիսի 25-ին, ժամը 19:00-ին, լսարանի համար մեկնողաբար կընթերցվի ծագումով ռումինացի` ֆրանսախոս հեղինակ Մաթեի Վիզնեիչի (ծն.`1956թ.) «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ հատվածներ Մեյերհոլդի կյանքից» մեկ արարով ժամանակակից պիեսը (2005 թ.):
Պիեսում ներկայացվում են հորինված դրվագներ ռուս թատրոնի ականավոր գործիչ Վ. Մեյերհոլդի կյանքից` նրա անցած ստեղծագործական ուղին ու կրած զրկանքները Սովետական Ռուսաստանի համատեքստում, կառավարության ճնշումներն ու մեղադրանքները, գրաքննության մամլիչի պարտադրած սահմանափակումները, բանտարկությունը:
Պիեսի հայերեն թարգմանության հեղինակն է Սերոժ Մելիք-Հովսեփյանը, ով լինելով «Ագորա» թատերախմբի գեղարվեստական ղեկավարը` այժմ աշխատում է պիեսի թատերական բեմադրության վրա: Մայիսի 25-ի ընթերցման համադրող ռեժիսորն է Նանոր Պետրոսյանը, դերերում հանդես կգան Վահագն Թևոսյանը, Հայկ Զորիկյանը և Լեռնիկ Բալյանը:
Մաթեի Վիզնեիչը ծննդով ռումինացի թատերագիր է, բանաստեղծ և լրագրող: Ռումինիայում ապրելու տարիներին նրա գրած բոլոր 20 պիեսները արգելվել են պետական գրաքննության կողմից, որն էլ պատճառ է դարձել, որ Վիզնեիչը ապաստան խնդրի Ֆրանսիայի կառավարությունից և բնակություն հաստատի այնտեղ 1987 թվականին: Կոմունիզմի անկումից հետո նրա ստեղծագործական ժառանգությունը մեծ ճանաչում է ստացել երկրում. 1989թ.-ից ի վեր Բուխարեստի տարբեր բեմերում բեմադրվել են նրա ավելի քան 30 գործեր: Մաթեի Վիզնեիչի հեղինակած բազմաթիվ գործերից 20-ը բեմադրվել են Փարիզի հեղինակավոր թատերական ընկերությունների կողմից, իսկ նրա «Պահանջվում է ծեր ծաղրածու» գործը բեմադրվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Դանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Թուրքիայում, Բրազիլիայում, Ռումինիայում, Մոլդովայում և Վրաստանում:
«Դրամատուրգիայի մեկնողական ընթերցումներ»-ը Նարեկացի արվեստի միության մշտական շարքերից է, որի շրջանակներում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը դերասանական լրիվ կազմով ընթերցվում են հազվադեպ կամ երբևէ չբեմադրված թատերական պիեսներ: Մեկնողական ընթերցումների թատրոնը թատերարվեստի կամերային տեսակներից է, որ այլ կերպ անվանվում է ընթերցանության թատրոն (Reader’s theatre) և/կամ բերանացի մեկնության թատրոն (Oral Interpretation): Ի հակադրություն ավանդական թատրոնի, այստեղ հիմնական շեշտը դրվում է ձայնարտահայտչականության և մտքի փոխանցման վրա` երկրորդելով թատերական բեմադրությունների այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են տեսարանները, դեկորացիաները, բեմական հանդերձանքը և այլն: Մեկնողական ընթերցումների թատրոնում դերասանները կարող են հանդես գալ առանց տեքստը նախապես սերտելու և գրական ստեղծագործությունը ներկայացնում են գրքից ընթերցելով՝ կանգնած կամ նստած:






Facebook
Tweet This
Email This Post
