Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում ի հիշատակ Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր և մարդասեր Կլարա Բարտոնի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 24, 2012 11:57
Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին:
 Տեղի ունեցավ նաև 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն և հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ:
 Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, ինչպես նաև հիշատակի անվանական բացիկ: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հուշամեդալներով պարգևատրեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին, բարտոնագետ Քևին Փաթիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ինչպես նաև ի նշան հայ-ամերիկյան բարեկամության՝ ԱՄՆ դեսպանության միջոցով ոսկե մեդալներ կհանձնվեն ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
 Բացվեց նաև ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Այնուհետև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողի ամփոփման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողություն:
Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply