Ի՞նչ կլինի խաբված գնորդների ճակատագիրը, եթե խաբեբաների թիկունքում Հովհաննես Հովսեփյանն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 23, 2012 20:15

Այսօր` մայիսի 23-ին խմբագրություն էր զանգահարել «Գապբնակշին» ընկերության կողմից խաբված գնորդներից Հայկուհի Հ.-ն (անունը փոխված է կնոջ ցանկությամբ), ով տեղեկացրեց, որ իրենք լուրջ մտավախություն ունեն, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության փաստով հարուցված քրեական գործի քննությունը որեւէ կերպ առաջ չի գնում:

Խոսքը Արամի 72/80 հասցեում «Գապբնակշին» ընկերության կառուցված շենքի մասին է: Ընկերության բաժնետերեր Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարյանը շենքի 172 բնակարանների համար առուվաճառքի պայմանագրեր են կնքել մոտ 700 անձանց հետ: Գնորդներից յուրաքանչյուրը վճարել է մի քանի տասնյակ միլիոն դրամ` քաղաքի կենտրոնում բնակարան գնելու համար, արդյունքում հարյուրավոր մարդիկ են խաբվել, իսկ սեփականատերերը ահռելի գումարներ էին յուրացրել եւ փախուստի դիմել: Մարտի 5-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել «Գապբնակշին» եւ «Նարեկ–Դավիթ» ՍՊԸ–ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանին, ում դեմ մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի, նա 407 մլն 413 հազար դրամ է կորզել քաղաքացիներից:

Գործի քննությամբ զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը: Խաբված գնորդները լուրջ կասկածներ ունեն, որ քրեական գործը փորձում են տանել այնպիսի ուղղությամբ, որ Պապոյանն ու իր գործընկերները համեմատաբար մեղմ ու ոչ համարժեք պատժի արժանանան: Ընկերության բաժնետերերը լուրջ թիկունք ունեն: Մասնավորապես շրջանառվում է Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անունը։ Դեռ ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հովսեփյանն ընթացք չի տվել «Գապբնակշինի» դեմ քաղաքացիների ներկայացրած բողոքներին, իսկ այժմ էլ փորձում է իր կապերն օգտագործելով ոչ միայն ընկերության բաժնետերերին ազատել պատասխանատվությունից, այլեւ օգնել, որ չվերադարձնեն գնորդներից վերցրած գումարները: Որոշ տեղեկությունների համաձայն, նա ինքն էլ մի քանի տուն է գնել Արամի 72/80 նորակառույց շենքում, սակայն ի տարբերություն հարյուրավոր անձանց, ստացել է բնակարանների բանալիները:

Դեռեւս փետրվարին «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Անահիտ Բախշյանն ահազանգում էր, որ Հովհաննես Հովսեփյանն ու կինը` Էվելինա Միրզաբեկյանը, մեկ քմ-ի համար վճարելով ընդամենը 500 դոլար եւ պարտավորվելով վճարել 175 մլն դրամ` դարձել են 5 բնակարանի տեր այն դեպքում, երբ շարքային քաղաքացիները վճարել են քմ-ի համար 1100 դոլար եւ ավելի:

NEWS.am

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply