Խոժոռնին կիսված երկու երկրների մեջ. գյուղացիները հայ ու վրացի սահմանապահների ձեռքը կրակն են ընկել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 17, 2009 13:16

Ալեքսանդր Մագդալասովի որդին մտել է հայաստան, որի համար հայտնվել է վրացական բանտում:

Զուգարան գնալու համար Խոժոռնի գյուղի բնակիչ 82-ամյա Մակար Հախվերդյանն ամեն օր ստիպված է լինում հատել հայ-վրացական սահմանը: Հայ-վրացական դեռեւս չճշտված «սահմանի» պատճառով նրա տունն ու բակը բաժանվել են երկու մասի. տունը Վրաստանում է, գոմն ու զուգարանը` Հայաստանում:

Հախվերդյանը սահմանի զոհ դարձած տանն ապրում է 42 տարի, նա եղել է գյուղի անտառապահը, հիմա էլ զբաղվում է հիմնականում անասնապահությամբ. ոչխարներ է պահում: Ասում է, որ իր թարմ ու երիտասարդ տեսքի համար պարտական է բնությանը, իսկ անծանոթներին 80-ամյա կնոջը ներկայացնելիս հումորով ասում է` մայրս է: Վերջին մեկ-երկու ամսում` սահմանի հետ ծագած վեճի արդյունքում, Հախվերդյանը չի կարողանում ոչխարներին գոմից դուրս թողնել, քանի որ հատում են «սահմանն» ու մտնում տան դիմաց` 2 քայլ հեռավորության վրա գտնվող անտառը:

40 տնտեսություն ունեցող Խոժոռնին հյուսիսային Լոռվա սահմանամերձ այն 7 գյուղերից է (մյուս գյուղերն են` Բրդաձորը, Ծոփը, Խոխմելը, Օփրեթը, Ախքյորփին եւ Չանախչին), որը գտնվում է Վրաստանում` մաս է կազմում 10-15 հազար բնակչություն ունեցող Քվեմո-Քարթլի շրջանի: Սակայն հայերով, ադրբեջանցիներով ու, մասամբ, հույներով բնակեցված գյուղը 3 կողմից շրջափակված է հայկական սահմանով:

Այստեղով է անցնում հայ-վրացական սահմանը, եւ սահմանապահների հենակետերը Չանախչի եւ Խոժոռնի գյուղերի մեջ են:
Հայկական սահմանին, բայց Վրաստանի մեջ մտնող այս գյուղերը գնալու համար պետք է անցնել Բագրատաշենի մաքսային անցակետը:

Այս գյուղերը եղել են Հայաստանի կազմում, հետո Հայաստանին միանալու ճանապարհ չունենալու պատճառաբանությամբ` 1935 թվին, տրվել են Վրաստանի խորհրդային միությանը: Փոխարենը` Հայաստանին դրա դիմաց ոչինչ չի տրվել:

Գյուղի 4 անտառապահներին ու անտառապահներից մեկի 22-ամյա տղային սեպտեմբերի 1-ից վրացական սահմանապահները ձերբակալել են մեղադրելով` հայկական սահմանը հատելու մեջ: Մինչեւ այժմ նրանք գտնվում են կալանքի տակ` Թբիլիսիի բերդում:

Վրաստանի քաղաքացի հինգ ձերբակալվածներից չորսը հայ են, մեկը հույն եւ բոլորն էլ Ալավերդու մասնաճյուղի անտառտնտեսության անտառապահներ են:
«Ես մի բան էլ չեմ հասկանում, եթե վրացական անձնագրով մեր անտառապահները հատել են հայկական սահմանը, թող հայերը բռնեին ու տանեին, ոչ թե վրացիները, – ասում է Խոժոռնու հայ-ադրբեջանական դպրոցի տնօրեն Ղարիբյանը, – եթե հայկական կողմն իրեն պարտական չի համարում որեւէ բանով օգնել, թող գոնե միջամտի: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին էլ գյուղապետը նամակով դիմեց, գոնե պատասխաներ, որ ստացել է նամակը, բայց այդ էլ չարեց»:

Նրանց ձերբակալել են այն բանից հետո, երբ հայ սահմանապահներից մեկը զանգել է անտառապահներից մեկին ու ասել` իր հսկողության տակ գտնվող հատվածում ծառ են կտրել: Անտառապահը ընկերների հետ գնացել են ստուգելու, ինչ-որ կետում խախտել են սահմանը ու մտել Հայաստան: Պարզվել է` ոչ մի կտրված ծառ էլ չի եղել:

«Սահմանի բերանին չորսով զրուցել են, էս վրացի սահմանապահներն էլ բռնել-տարել են, թե իբր սահմանը հատել եք, – պատմում է ձերբակալված անտառապահ Թենգիսի հայրը` Ալեքսանդր Մագդալասովը, -մեզ զանգեցին, թե անձնագիրը բերեք, մենք էլ տարանք, բայց դե, էդ էլ չօգնեց, 3 օր Մառնեուլում պահեցին, հետո տարան բերդ, հիմա էլ 2 ամիս նախնական կալանք են նշանակել, մինչեւ դատի օրը»:

Մագդալասովը հույն է, կինը` հայ: Ձերբակալվածներից ոչ մեկի հարազատին մինչ օրս թույլ չեն տվել այցելել բանտարկվածներին, փոխարենը` վերջիններիս անունով հաշվեհամար են բացել, եւ հարազատները գումար են փոխանցում` այնտեղ լրացուցիչ կարիքները հոգալու համար:

Անտառապահ Սարգիս Ղարիբյանի որդին` Սերոբը, ըստ գյուղացիների, չի հատել սահմանը, բայց նրան էլ հոր հետ ձերբակալել են:
«Գոնե թողնեին` տղայիս տեսնեի, ախր, ինքն ինչ մեղք ուներ, 100 մետր հեռու` մեքենայի մեջ է, եղել, ինքը անտառապահների հետ «սահմանը» չի հատել, – արտասվելով պատմում է Սերոբի մայրը` Թագուհի Ասատրյանը, – Մառնեուլում ամեն մեկին պայմանական բաց թողնելու համար 3000 լարի ուզեցին, բայց ես որտե՞ղից տայի 6000 լարի»: 

Թագուհու ամուսինը` Սարգիս Ղարիբյանը, 5 անգամ վիրահատվել է, սրտի հետ էլ խնդիրներ ունի: Թագուհին մնացել է 83-ամյա սկեսուրի` Արաքսի Գասպարյանի եւ դպրոցական տղայի հետ:

Ձերբակալված անտառապահներից երեքը Խոժոռնու գյուղապետի` Մանվել Ղարիբյանի, բարեկամներ են (աղջկա ամուսինը, տղան ու սանիկը): Նա միաժամանակ 4 գյուղերի գյուղապետ է` Գյուլուբաղի (80 հայ ընտանիք եւ մի քանի ադրբեջանական ընտանիք), Ծոփի (100 ադրբեջանական եւ 60 հայ ընտանիք), Բրդաձորի (40 հայ ընտանիք է ապրում) եւ Խոժոռնու:
Ասում է, որ սահմանի հետ կապված վեճը սկսվեց, երբ հայկական կողմը սկսեց ուժեղացնել սահմանի հսկողությունը` ավելացնելով սահմանապահների թիվը: Վրաց սահմանապահներն ավելի քիչ են:

Ղարիբյանը պատմում է, որ երկու օր առաջ գյուղացիներից մեկի կովը հատել էր հայ-վրացական «սահմանը» ու հետ բերելու համար ստիպված են եղել մոտ 30 կմ անցնել հասնել Բագրատաշեն, մաքսատնով մտնել Հայաստան, եւս 30կմ անցնել եւ Վեդու Շամլուխի գյուղի անտառից կովին հետ քշել Վրաստան: Իսկ իրենք նույն ճանապարհով հետ են եկել:

«Եղել է դեպք, երբ Հայաստանի սահմանապահ զորքերից նույնիսկ եկել ու ասել են, թե «իրենց» սահմանին եղած կովի աթարները Խոժոռնու կովերինն է, իբր մեր կովերը սահմանը հատել են, – ասում է գյուղապետը, – Ախր, ինչ գիտեն, կարող է Ջիլիզայինն է»:

Նա ասում է, որ եթե հայկական կողմից շարունակվի այս շրջափակումը, գյուղը կզրկվի արոտավայրերից, որի հետեւանքով գյուղում շուտով մարդ չի մնա, իսկ 300 գլուխ անասունից կմնա ընդամենը 100-ը:

Մանվել Ղարիբյանն ասում է, որ ինքը ստիպված է լինում անընդհատ հանդարտեցնել բորբոքված գյուղացիներին, որ հանկարծ խռովություններ չսկսվեն, չնայած համոզված է, որ սկսվելու դեպքում էլ ոչինչ չեն կարող փոխել, քանի որ «բզի գլխին բռունցքով խփելն» անիմաստ է:

Մակար Հախվերդյանի տան վրայով է անցնում հայ-վրացական սահմանը:

Հայկական եւ ադրբեջանական մասերից բաղկացած դպրոցի տնօրեն Լեւոն Ղարիբյանն էլ ասում է, որ ճիշտ կլիներ սահմանին 500 մետր չեզոք գոտի լինի մինչեւ բնակելի տարածքին հասնելը, իսկ Խոժոռնու դեպքում, նույնիսկ, 100 մետր հեռավորություն չկա:

Խոժոռնեցիների համար էական չէ` իրենք վրացական հողում են, թե` հայկական: Նրանց ուզածը մեկն է` ապրել հանգիստ ու, որ իրենց չխոչընդոտեն առանց այն էլ դժվարությամբ ձեռք բերվող, ապրուստը վաստակել:

Անտառներում հասած մոշն ու մյուս հատապտուղները, որ Խոժոռնեցիների հիմնական ապրուստի միջոցներից են, սպասում են գյուղացիներին, մինչդեռ նրանք վախենում են գնալ ու քաղել: Նրանք վախեցած էին նաեւ լրագրողներից, խուսափում են որեւէ անծանոթ մարդու մոտ արտահայտվել: Ասում են, որ մեկ-երկու անգամ եկել-գրել են «սահմանի» վեճի մասին ու արդյունքում` իրենք ավելի են տուժել ու «վերջին լրագրողական հրապարակումից հետո էլ ձերբակալվել են անտառապահները»:

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply