Համագործակցությունը սերտանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 17:12

Մայիսի 21-ին Երևանի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ/ԱՌՆԱՊ հիմնադրամի նախաձեռնած հանդիպում-խորհրդակցությունը:

Հրավիրված էին ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման իրականացվելիք ծրագրի (DiPECHO II) երկրորդ փուլի շահակից կառույցներից` Հայկական Կարմիր Խաչի ընկերություն (ՀԿԽԸ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՕՔՍՖԱՄ (Մեծ Բրիտանիա) և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպություններ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Ն. Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը, «Ապավեն համայնքներին» ՀԿ և ՄԱԶԾ ներկայացուցիչներ:

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը ներկայացրեց ԱՌՆ ազգային պլատֆորմի հաջողությունները միջազգային ասպարեզում և ապագա ծրագրերը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, ՀԿԽԸ և Օքսֆամի ներկայացուցիչները խոսեցին DIPECHO II ծրագրի շրջանակներում իրենց կառույցների անելիքների մասին: Այնուհետև քննարկվեցին ԱՌՆԱՊ-ի դերն ու անելիքները` մասնակից կառույցների միջև սերտ համագործակցության ապահովման, սպասվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման ու ընդհանուր գաղափարներն առաջ տանելուն օժանդակելու հարցերում:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամը քննարկման կներկայացնի DIPECHO II ծրագրի շահակից կառույցների միջև կնքվելիք հուշագրի նախագիծը:

Մասնակից կառույցների ներկայացուցիչները բարձր գնահատեցին պետության կողմից ԱՌՆ քաղաքական կամքի դրսևորումը, ԱՌՆ ռազմավարության ստեղծումը, և Արտակարգ իրավիճակների նախարարության կարևոր դերը` ոլորտում իրականացվող աշխատանքներում:

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply