Արա Մարջանյան. «Հայաստանի շուրջ չափազանց լուրջ գործընթացներ են ընթանում»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2012 15:30
Ներկայումս Հարավային Կովկասն ինտենսիվ տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի թատերաբեմ է, որը վարվում է թե’ տարածաշրջանի բուն երկրների, թե’ դրանից դուրս գտնվող տերությունների կողմից: Այս պատերազմի հատկանշական առանձնահատկությունը ժողովրդագրական-վիճակագրական տվյալների համակարգային խեղաթյուրումն ու խեղաթյուրված տեղեկատվության լայն տարածումն է մեդիա դաշտում:
Այս թեմայով, և մասնավորապես, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանական Հանրապետության վարած քաղաքականության մասին այսօր Փաստարկ ակումբում լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Արա Մարջանյանը:
Բանախոսը նշեց, որ Հայաստանից դուրս և Հայաստանի շուրջ չափազանց բարդ և չափազանց լուրջ գործընթացներ են ընթանում, ինչը պարտադրող իրավիճակ է Հայաստանի համար. “Հայաստանի թե’ մտավորականները, թե’ քաղաքական ու ռազմական գործիչները պետք է լինեն շատ աչալուրջ, որովհետև պրոցեսները ոչ միայն բարդ են, այլև ընթանում են շատ արագ և արագացող տեմպերով: Այստեղ շատ մեծ է նաև լրագրողների դերակատարումը այս գործընթացները ճիշտ և ադեկվատ լուսաբանելու գործում”:
Համաձայն Մարջանյանի բերած տեղեկատվության` տասնամյակներ ի վեր պաշտոնական Բաքուն հետևողականորեն խեղաթյուրում է Ադրբեջանական Հանրապետության բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տվյալները` արհեստականորեն բարձրացնելով այն, ինչը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ այդ ինֆորմացիան ընկալողներ վրա: Բանախոսը ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի` որպես հանրապետություն, պաշտոնական անվանման վրա, այն է` Ադրբեջանական, այլ ոչ թե Ադրբեջանի Հանրապետություն, ինչը ևս հանդիսանում է տեղեկատվական պատերազմի տարր և իր մեջ պարունակում է աշխարհաքաղաքական հայտի իմաստ:
Իսկ մեր այն հարցին, թե արդյո±ք տեղեկատվական պատերազմներում Ադրբեջանն ավելի շահեկան դիրքում է, Արա Մարջանյանը նշեց, որ այո’, Ադրբեջանը տեղեկատվական պատերազմներում իր վարած քաղաքականությունից ավելի շատ դիվիդենտներ է ստանում, որովհետև, ըստ բանախոսի` պարզվում է, որ մի շարք միջազգային կառույցներ, որոնք օգտվում են տվյալ երկրի պաշտոնական վիճակագրական ինֆորմացիայից, առանձնապես մտահոգված չեն այդ վիճակագրության հավաստիությամբ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
