ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանն ընդամենը փորձում է հանրային կարծիք ձևավորել
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2012 15:24
“Այն, որ ՀՀԿ-ն կարող է միայնակ կոալիցիա ձևավորել, կասկած չի հարուցում”,- այսօր լրագրողների հե հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքներ արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները միանձնյա կառավարություն ձևավորելու, բայց, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, ելնելով որոշակի տակտիկական նկատառումներից, ՀՀկ-ն ցանկանում է այդ կոալիցիան ձևավորել:
Սաֆարյանը հիշեցրեց հանրապետության տարբեր շրջաններ նախագահ Սարգսյանի կատարած այցերի և դրանց ընթացքում արված հայտարարությունների ու խոստումների մասին, և նշեց, որ նախագահը տնտեսության մեջ կարևորել է արդյունաբերության խնդիրը:
Խոսելով կառավարության ձևավորման մասին` Սաֆարյանը շեշտեց, որ կառավարությունը պետք է ձևավորվի քաղաքացիական համաձայնության և ազգային համերաշխության հենքի վրա և պետք է կազմված լինի միայն մասնագետներից, որից կշահի թե’ տնտեսությունը, թե’ քաղաքական դաշտը:
Սաֆարյանը նաև հայտարարեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ նախընտրական շրջանում տրված խոստումներն անպայման իրականացվեն: “Անկախ”-ի այն հարցին, թե ինչպես պետք է հետամուտ լինեն և ինչ լծակներով, ՀԱՄԿԿ նախագահը պատասխանեց. “Մենք այդքան շատ լծակներ չունենք, որ անմիջապես ազդենք կառավարության գործունեության վրա, մեր լծակներն ընդամենը հանրային կարծիք ձևավորելու մեջ է”: Իսկ թե ինչպես պետք է ձևավորեն այդ հանրային կարծիքը և արդյոք դա բավարար է` ստիպելու պետական ապարատին ու կառավարությանը արդյունավետ լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները, Վ. Սաֆարյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
