Հետպատերազմյան Աբխազիա. անկախություն, որ կերտվում է ռուսերեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Վահան Դիլանյան | October 17, 2009 13:08
Փողոցներում մարդիկ մի տեսակ լուռ են քայլում, այգում մի տեսակ կամաց են խոսում, հումորի ժամանակ` մի տեսակ դժվար ծիծաղում: Անվստահության զգացում ու մի տեսակ հոգեբանական ճգնաժամ է տիրում Սուխումիում: Կարծես աբխազը դեռեւս չունի կամ չգիտի իր ինքնությունը: Միգուցե աբխազ այն մանուկը, որ վստահորեն մոտեցավ տեսախցիկիս, մոտ ապագայում կիմանա, թե ով է ինքը, որն է իր երկիրը:
«Դուք ռուսական զորքե՞րն եք», -հարցրի աբխազական սահմանապահին: «Եթե ռուս լինեի, այստեղ ի՞նչ էի անում. այստեղ աբխազական բանակն է», -ոչ այնքան վստահ պատասխանեց նա: Դժվար չէր նկատել ռուսական զորքերը, որոնք տեղակայված էին քիչ հեռու վրաններում (մյուս տարի նախատեսվում է վրանները փոխարինել ռազմաբազաների):
Հայ եւ ադրբեջանցի լրագրողների խումբը հատում է վրաց-աբխազական սահմանը եւ գնում Սուխումի «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) ծրագրով: Ու մինչ բազմապիսի հեռախոսազանգերով ուսումնասիրվում էին մեր անձնագրերը, շարունակեցի զրույցս:
«Վստահ եմ, որ լավ նշեցիք Անկախության 1 տարին»:
«Մենք դեռ 1993 թվից անկախ ենք, երբ հաղթեցինք Վրաստանին»:
«Ուղղակի պաշտոնապես` անցյալ տարվանի՞ց», – հարցնում եմ` նկատի ունենալով, որ Ռուսաստանն անցյալ տարի ճանաչեց Աբխազիայի անկախությունը: «Մեզ հետաքրքիր չէ, թե մեզ ճանաչում են, թե ոչ, իսկ մենք նրանց ճանաչո՞ւմ ենք», -ասաց նորանկախ երկրի պետական սահմանը պահող զինվորը:
Անցնում են Գալիի շրջանի բնակիչները` վրացի մենգրելները` խեղճ, հոգնատանջ դեմքերով: «А вы, коммерсанты, спекулянты, или бизнесмены?..», – հարցրեց նրանց մի ուրիշ սահմանապահ: Վրաստանին սահմանակից Գալիում բնակվում են վրացիներ. աբխազները նրանց նկատմամբ էթնիկական զտումներ չեն արել: Պետք է անցնեն երկու-երկու` կալանավորի պես. սակայն առանց երկար քննելու, ի տարբերություն մեզ, որ դեռ սպասում էինք Սուխումիից մեր գործընկերոջ գալուն, որ հաստատեր մեր մուտքի նպատակը: «Մենգրելցիները միակ ժողովուրդն են, որ առաջին անգամից չեն հասկանում», -շարունակեց կիսատ մնացած մեր խոսակցությունը սահմանապահը:
«Իսկ ի՞նչ կլինի, եթե դու գնաս Վրաստան, եւ երբ իմանան, որ դու Աբխազիայից ես», -հարցրի: «Շատ վատ կլինի. կդատեն պետական դավաճանության հոդվածով»: Վրացական կառավարությունը աբխազներին որակում է` որպես անջատողական, հակասահմանադրական տարրեր:
Թբիլիսիից Աբխազիա գնալը բարդ է:
Իսկ եթե մեզ պես այցելուների անձնագրերում աբխազական կնիք դրեցին, ապա այդ անձնագրով հետո Վրաստանում հայտնվելու դեպքում կարող է քեզ ձերբակալեն: Մեր անձնագրերում աբխազները կնիք չդրեցին:
Մինչեւ եկավ մեր գործընկերը, անձնագիրս անցավ գրեթե բոլոր զինվորականների` օգոստոսյան պատերազմից, կոշտացած ձեռքերով:
Վերջապես հատում ենք երկու թշնամի երկրների սահմանը` կիզիչ արեւի տակ, ոտքով անցնելով 400-մետրանոց կամուրջը:
1946թ. կառուցված այդ կամրջով մարդիկ մտնում են Աբխազիա, որ հիշեցնում է Հայրենական պատերազմի փախստականների ներգաղթ: Այս պատկերը գորշ անորոշության մի մթնորոլորտ է ստեղծում, որի մեջ «Բարի գալուստ Աբխազիա՛» ցուցանակը քեզ ինչպես նաեւ այդ «ներգաղթյալներին» որեւէ բարի բան չի ներշնչում:
Եթե սահմանապահների մոտ արդեն զգում էիր պատերազմի հոտը: Գալիի մի դպրոց նյութականացրել էր պատերազմի հետեւանքը. կիսաջարդ պատուհաններ, անկողպեք դուռ, եւ սեւ-սպիտակ համազգեստներով դպրոցականներ, որոնք, սեպտեմբերյան ժպիտները դեմքներին, ասես փորձում էին անտարբեր մնալ ճնշող իրականության նկատմամբ:
Գալիի շուրջ 45 հազար բնակիչները դեռ կրում են Սովետական կարմիր անձնագրեր: Նոր աբխազական անձնագրերը նրանց դեռ չեն բաժանել: Դեկտեմբերին սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները խոստացել են նոր անձնագրեր տալ. «քվեի խնդիր կա»:
Աբխազիայի մերձարեւադարձային կլիման ու բուսականությունը, կարծես, ասում են, որ Նիկարագուան ու Վենեսուելան ճանաչել են Աբխազիան ոչ միայն հակաամերիկյան քայլ անելով, այլեւ որպես իրենց հարազատ բնություն ունեցող երկիր:
Ռուսների մեծ թիվը Սուխումիում
կրկնապատկեց Գալի տանող «գաղթական կամրջի» առաջացրած անորոշությունը, թե «արդյո՞ք սա Աբխազիան է»: Սուխումիում բոլորը խոսում են ռուսերեն: Ռուսերեն են նաեւ փողոցային ցուցատախտակների, գովազդների մեծ մասը: Նույնիսկ աբխազական պայքարի այս տողերը, որ կհանդիպես գրեթե բոլոր աբխազական թերթերում, գրված են ռուսերեն: Աբխազական անկախությունը կերտվում է «ռուսերենով»:
Աբխազիայի բնակչության շուրջ 40 տոկոսը հայեր են, որոնք, բոլորն էլ տանը խոսում են հայերեն: Մոտ 35 հայկական դպրոց կա, որտեղ բոլոր առարկաները հայերեն են անցնում «Չնայած ոմանք երեխաներին ռուսական են տալիս, բայց տանը բոլորը խոսում են հայերեն` համշենի բարբառով, -ասում է 1915թ. Տրապիզոնից գաղթած ընտանիքի ավագ որդի Գրիգոր Բահարյանը:
Շատ հայեր արբանյակային անտենա են դրել եւ նայում են 3 հայկական ալիք` Հ1, Շանթ, USA-Armenia: «Ռուսասանում ազգանունդ պիտի փոխես, որ գործ ճարես, Վրաստանում արդեն բոլորը փոխել են, իսկ էստեղ այդպես չի. բոլորը «յան»-ով են», -ասում է Գրիգորը:

Սահմանապահների մոտ արածող կովերի պատկերը շարունակվում է Գալիի ամբողջ շրջանով, կովերը ինչպես Հնդկաստանում` «սրբերի» պես, փողոցներում հանգիստ շրջում են, ինչպես նաեւ Գալիի դպրոցներից մեկի մոտ` դասասենյակների ջարդած պատուհանների հարեւանությամբ:
Հայերը զբաղվում են «ցիտրուսավոդստվոյով»` մանդարինի, լիմոնի առեւտրով, նաեւ` թեյի խոտի ու բոլորի պես կով են պահում: (Ասում են, թե Սուխումում ցիտրուսի բիզնեսի զգալի մասը հայերն են տնօրինում):
1992-93թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ հայկական 2 բատալյոն էր կռվում աբխազների կողմից. «Վրացիները սկսեցին հայերին կողոպտել, բոլորի մեքենաներն էլ տարան իրանց հետ, -բացատրում է Գրիգորը, թե ինչու հայերն անցան աբխազների կողմը, – հաց չէին տալիս, ասում էին, թող Ելցինը ձեզ հաց տա: Իմ տունը վրացիք են վառել, հետո մի աբխազ հարեւան ունեինք, իր 2-րդ տունը ժամանակավոր տվեց ինձ, մինչեւ ես նորը ստացա»:
Մինչ խոսում էինք, մի ռուս տղա մոտեցավ ու բենզին խնդրեց Գրիգորից, որը չմերժեց: «Կրիզիս ա, ոչ մի տեղ բենզին չկա. 5 ժամ բենզինի очеред եմ կանգնել, -ասաց Գրիգորը, -Ռուսաստանից բերել են 3 օր առաջ, բայց ինչի՞ չեն տալիս, չգիտես. մաֆիան ա»:
Վրաստանն անցյալ տարվա օգոստոսյան պատերազմից հետո կանգնեցնում է թուրքական ապրանքներ տանող նավերը դեպի Սուխումի: Այս օգոստոսի 17-ին 2800 տոննա վառելիք տանող թուրքական նավը կանգնեցվել էր, իսկ թուրք ու ադրբեջանցի նավապետները ձերբակալվել էին:

Բենզինի խնդիրը Սուխումիում դարձել է «բազմավտո» հերթերի պատճառ: Սուխումիի մի քանի բենզալցակայաններում մարդիկ օրերով հերթ են կանգնում: Նույնիսկ տուրիստները հաճախ բենզին չգտնելու պատճառով, օրերով ստիպված են լինում մնալ Սուխումիում:
Բենզինի հերթերի նկատմամբ, թերեւս, անտարբեր են իշխանությունները, որոնք ակտիվորեն աշխատում են միջազգային ճանաչման գործընթացի ու դեռեւս չսկսված նախագահական ընտրարշավի գործերով (ընտրությունները դեկտեմբերին են):
Մինչ Աբխազիայի կառավարությունը զբաղվում է ճանաչման գործընթացով («Աշխատում ենք Վենեսուելայի, Իրանի, Սիրիայի, Չինաստանի ու նաեւ Թուրքիայի ուղղություններով, -ասաց Արտաքին գործերի նախարար Շամբան»), եւ մինչ ընդդիմադիր կուսակցությունները վերջերս հրաժարական տված փոխնախագահ Ռաուլ Խաջիմբայի ղեկավարությամբ պատրաստվում են ընտրություններին, պատերազմից ավերված շենքերը լուռ կանգնած են` նոր անորոշություն սփռելով տրոպիկանման բնության մեջ:
Թանկ հյուրանոցը, ուր մենք անցկացրինք չորս օրերը, չցրեց այն մռայլ անորոշությունը, որ համակում է կամուրջը տանող ճանապարհին ու «բարի ճանապարհ» մակագրությունն էլ ավելի է խորացնում այդ իրականության մռայլությունը:
«Մեր երկու դեպքերը իրավական հիմքեր ունեն», -ասաց Աբխազիայի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան, -ի տարբերություն Կոսովոյի դեպքի, թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Աբխազիան ինքնորոշման իրավունք են իրականացրել 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ օրենքի հիման վրա:
Սովետական այս օրենքը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետա-իրավական կարգավիճակը` ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
«Իսկ իրականում ճանաչման համար ոչ իրավաբանական, ոչ էլ պատմական հիմքերը նշանակություն չունեն. ով ուժեղ է, այսինքն` հաղթում է եւ կարողանում է պահպանել հաղթանակը, նա է ճիշտը», -ասաց Շամբան:
Ճանաչման սահմանին. Աբխազիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մասին
Իսկ արդյո՞ք Աբխազիան պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Շամբան պատասխանեց. «Աբխազիան եւ Ռուսաստանը ռազմավարական բարձր հարաբերություններ ունեն, իսկ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Մենք առանց Ռուսաստանի հետ կոնսուլտացիայի, չենք կարող ճանաչել ԼՂ-ն: Ռուսաստանը չի խառնվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին այնպես, ինչպես Աբխազիայի դեպքում, քանի որ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Հայաստանն էլ մեզ չի ճանաչում, չնայած հասկանում ենք նրա այդ պահվածքը, որ չվատթարացնի այլ երկրների հետ հարաբերությունները: Երբ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերություններ կարգավորվեն, Հայաստանն ավելի ինքնուրույն քաղաքականություն կվարի, ընդհանրապես, եւ հուսով եմ Աբխազիայի դեպքում` մասնավորապես»:






Facebook
Tweet This
Email This Post
