«Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոն չի կառուցվի, սակայն կվերականգնվի՞ մարզադաշտի կարգավիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 22, 2012 19:13

«Հրազդան» մարզադաշտի հարցը հասավ Հանրային խորհուրդ: Մայիսի 21-ին ՀԽ Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը կազմակերպեց քննարկում` մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից տարածքում առևտրի կենտրոնի կառուցման և մարզադաշտը ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու հարցի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, ճարտարապետներ, ինչպես նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու մարզադաշտի գլխավոր տնօրեն Գագիկ Ժամհարյանը:

Մասնագետները մեկ անգամ ևս հիշեցրին, որ մարզադաշտի հարակից տարածքում, որը ծառայում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, տարհանման և առաջնահերթ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակներին, առևտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է: «Մինչև քաղաքապետարանը այդ տարածքը չհամարի Հրազդան մարզադաշտի անբաժանելի մաս և չփոփոխի խառը կառուցապատման գոտու կարգավիճակը ընդհանուր օգտագործման տարածքի, վտանգը միշտ կախված է լինելու,-հայտարարեց մարզադաշտի նախագծի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը,-եթե այսօր կառուցվում է առևտրի կենտրոն, վաղը կարող է կառուցվել հյուրանոց կամ կազինո, քանի որ գերիշխողը առևտրային խնդիրներն են»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեսակետն այս հարցում նույնպես հայտնի է` ոչ մի թիզ հող առևտրի կենտրոնի կառուցման համար: Ռուբեն Հայրապետյանի այս տեսակետը բխում է մասնագիտակա՞ն եզրակացությունից, թե՞ պարզապես պատրվակ է` սեփականատիրոջը` ՀՀԿ անդամ Աշոտն Աղաբաբյանին «խեղճացնելու» և մարզադաշտի իրավունքները լիարժեք տնօրինելու, էական չէ. Էականն այն է, որ նրա տեսակետն այս անգամ համընկնում է մասնագետների և հանրության կարծիքի հետ: Այո, տվյալ վայրում անթույլատրելի է առևտրի կենտրոնի կառուցումը, և դա քննարկման ենթակա չէ: Այս տեսակետը կիսեց նաև Գագիկ Ժամհարյանը` մարզադաշտի գլխավոր տնօրենը: Հավանաբար, դա էր պատճառը, որ ի տարբերություն տվյալ խնդրի վերաբերյալ  հնչեցրած նախկին գնահատականների, այս անգամ Ռուբեն Հայրապետյանն ավելի մեղմ էր ՀՀԿ-ական գործընկերոջ հանդեպ. ավելին, նա, անգամ, հորդորեց չմոռանալ, որ Աղաբաբյանը տարիներ շարունակ պահել-պահպանել է մարզադաշտը, և որ հակառակ դեպքում «այն աղբի կվերածվեր»: Ակնհայտ է, որ նրանք փոխհամաձայնության են եկել առևտրի կենտրոնը մեկ այլ վայրում կառուցելու հարցում: Սակայն ինչպես նշեց հենց ինքը` Ռուբեն Հայրապետյանը, խնդիրն ամենևին էլ տվյալ առևտրի կենտրոնի կառուցումը չէ, այլ այն, որ մարզադաշտը դուրս է մնացել Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից, և որ պետք է կրկին մտնի այդ ցուցակի մեջ. «Դրանով էս ամբողջ խոսակցությունը կփակվի»,-համոզված է Հայրապետյանը,-ամեն մեկն այլևս չմտածի, որ կարող է բիզնեսով պահել մարզադաշտը: Դա կլինեմ ես, թե Աղաբաբյան Աշոտը, կարևոր չէ: Անձերի խնդիր չի, ժողովուրդ ջան: Ես էլ լինեմ, չեմ կարալու պահեմ»,-անկեղծացավ նա:

Մարզադաշտը Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում մտցնելու հարցում, սակայն, Աղաբաբյանի և Ռուբեն Հայրապետյանի ցանկությունները հակադրվում են: Դա է վկայում նաև «Հրազդան» մարզադաշտի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանի հետ զրույցը: Հարցին, թե կո՞ղմ եք, որ մարզադաշտը կրկին վերականգնի իր պատմական-մշակութային հուշարձանի կարգավիճակը, Սարգսյանը կոնկրետ պատասխան չտվեց. «Անկախ ամեն ինչից` մենք աչքի լույսի պես ենք պահում մարզադաշտը` դրան վերաբերվելով որպես մշակութային հուշարձանի»,-մանևրեց նա:

Ի դեպ, Սարգսյանը հաստատեց, որ տվյալ տարածքում առևտրի կենտրոնի կառուցման հարցը փակված է. «Նոր նախագիծ էլ դեռ չկա,-ասաց նա,-երբ որոշվի, որ կառուցվելու է, համապատասխան մարմինների հետ կքննարկվի նաև տեղի հարցը: Համենայնդեպս, դա պետք է կառուցվի, որպեսզի դրանով մարզադաշտի ծախսերը հոգանք»:

Իսկ այն, որ Ռուբեն Հայրապետյանը կասկածի տակ է դրել առևտրի կենտրոնի միջոցով մարզադաշտի ծախսերը հոգալու հնարավորությունը («դա բիզնես չի լինելու, որ մարզադաշտը պահպանվի, մի խոշոր քարե կույտ է լինելու, որ հա´մ իրեն ձեռնտու չի լինելու, հա´մ խանգարելու է մարզադաշտին». նշել էր նա քննարկման ժամանակ), Թամարա Սարգսյանին զարմացրեց. «Ռուբեն Հայրապետյանն այդպիսի բա՞ն է ասել,-հարցրեց նա,-այո, ընդհանրապես առևտրի կենտրոնը հազիվ հոգալու է մարզադաշտի ծախսերը, մեծ շահույթ չի ունենալու, բայց տա Աստված, որ Հայաստանում ամեն ինչ այնքան լավ լինի, որ բիզնեսն էլ հաջող լինի»:

Փաստորեն, առևտրի կենտրոնի կառուցման հարցը կարծես թե լուծվում է, քանի որ մարզադաշտի սեփականատերը, տեղի տալով հասարակական ճնշումներին, հրաժարվել է տարհանման գոտում նման շինության կառուցումից: Սակայն «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը շարունակում է մտահոգել հանրությանը, քանի որ գլխավոր խնդիրը` կարգավիճակի հարցը, լուծված չէ: Իսկ խնդիրն ի հայտ չէր գա, եթե «Հրազդան» մարզադաշտը դուրս չմնար պահպանվող հուշարձանների ցանկից:

Քննարկման ժամանակ ենթահանձնաժողովի նախագահը շեշտը դրեց հենց այդ հանգամանքի վրա: Ուստի  միաձայն որոշվեց դիմել ՀՀ վարչապետին, որպեսզի նախ չեղյալ համարվի Երևանի քաղաքապետարանի կողմից «Հրազդան» մարզադաշտի մաս կազմող օտարված տարածքի գործառնական նշանակության վերաբերյալ որոշումը՝ սպորտային գոտուց խառը կառուցապատման գոտու վերածելու վերաբերյալ, ապա չեղյալ համարվի քաղաքապետարանի` առևտրի կենտրոնի կառուցման որոշումը, որից հետո «Հրազդան» մարզադաշտը ներառվի Պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում և սկզբնական նախագծին համապատասխան՝ մարզադաշտին կից տարածքը հայտարարվի սպորտային և հանգստի գոտի:

Հիշեցնենք, որ մարզադաշտի սեփականատերը, 1990-ականներին տարհանման գոտում ստեղծելով տոնավաճառը, նպատակ ուներ վարձավճարներից ստացված եկամուտներով ժամանակավորապես հոգալ մարզադաշտի ծախսերը: Անցավ 20 տարի, և ժամանակավոր խնդիրը, կարծես թե դարձավ մշտական: Սեփականատերն էլ որոշեց ժամանակին համընթաց քայլել և հնաոճ ու իրեն սպառած տոնավաճառը դարձնել ժամանակակից առևտրի կենտրոն: Որոշումը բուռն քննարկման և քննադատությունների տեղիք տվեց` կանխելով սեփականատիրոջ նախաձեռնությունը:

Թե որտեղ կկառուցվի նոր առևտրի կենտրոնը, հայտնի չէ: Ինչպես նշեց Ռուբեն Հայրապետյանը. «Ընդհանրապես, ինձ քիչ է հետաքրքրում, թե որտեղ կկառուցվի: Համապատասխան մարմինները կորոշեն, որ էվակուացիային չի խանգարում, մարզադաշտի տարածքին ու տեսքին չի կպնում, խնդիր չկա, որտեղ ուզում են, թող կառուցեն…»:

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply