2012 թ.` կտրուկ բարեփոխումների տարի հրշեջ-փրկարարների համար

Պաշտոնական, Օրվա լուր | | May 22, 2012 17:25

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է Փրկարար ծառայության ղեկավար կազմի ու հրշեջ մասերի պետերի հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամփոփել հրշեջ մասերում կատարած շրջայցերի արդյունքները:

Այցելելով մարզերի ու մայրաքաղաքի բոլոր հրշեջ մասեր` ԱԻ նախարարն անձամբ է ծանոթացել դրանց աշխատանքային ու շենքային պայմաններին և խնդիրներին: Հրշեջ մասերի գերակշիռ մասը նախարարությունը ժառանգել է անմխիթար վիճակում` թե գույքի, թե շենքային պայմանների առումով:
– 2012 թ. բեկումնային է լինելու մեր հրշեջ մասերի համար,- ասաց ԱԻ նախարար Ա. Երիցյանը,- տրված են անհրաժեշտ հանձնարարականներ, մենք միջոցներ կհատկացնենք հրշեջ մասերի տարածքը բարեկարգելու, շենքերում վերանորոգում կատարելու, անձնակազմի հանգստի սենյակներն ու ճաշարանները պատշաճ տեսքի բերելու, անհրաժեշտ գույքով ու պարագաներով (մահճակալներ, ծածկոցներ և այլն) ապահովելու համար:Այս ամեն հետ մեկտեղ պիտի առավել խստացվի կարգապահությունը:

Հանձնարարականները կատարելու համար նախարար Ա. Երիցյանը 6 ամիս ժամանակ տվեց ու նշեց, որ մարզային վարչությունների պետերն անձամբ են պատասխանատու հրշեջ-փրկարարների աշխատանքի ու հանգստի պայմանների, հրշեջ մասերի վիճակի համար, իսկ հրշեջ մասերի հրամանատարների համար սահմանվեց խրախուսական սանդղակ. առաջին հնգյակում հայտնվածները կպարգևատրվեն «ամենայն խստությամբ», իսկ վերջին հնգյակում հայտնված հետնապահները պարզապես կհեռացվեն համակարգից:

– Արտակարգ իրավիճակների նախարարության վարկանիշը բավական բարձր է, և մենք պիտի անենք ամեն հնարավորը, որ մեր հրշեջ-փրկարարներն ունենան աշխատանքի արժանավայել պայմաններ: Ես թույլ չեմ տա, որ նրանցից մեկի մատը փուշ մտնի: Մենք կանգնած ենք ձեր կողքին ու պիտի միասին շարժվենք առաջ,- համոզմունք հայտնեց ԱԻ նախարարը:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply