Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2012 17:07


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Ուլիխանյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, տեղական ինքնակառավարման համակարգում ունենալով համապատասխան փորձ, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Նոր Նորք վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
“Առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում և մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply