Բաց նամակ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2012 16:12

«Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբը և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ են հղել բնապահպանության նախարար Արամ  Հարությունյանին և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` վերջիններիս ուշադրությունը հրավիրելով երեկ համացանցում տարածված լուսանկարների և դրանց բարձրացրած խնդրի վրա:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են “Dalarik river, Armenia” եւ որտեղ ներկայացված են ինչ որ օբյեկտի կառուցման մանրամասներ /լուսանկարները ներկայացված են հետեւյալ հասցեներով https://www.facebook.com/media/set/?set=oa.415564445130772&type=1 եւ https://www.facebook.com/photo.php?fbid=439302889414287&set=o.130454790308407&type=1&theater/: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկի մասին, այսինքն չի բացառվում, որ շինարարությունն իրականացվում է հատուկ պահպանվող տարածքում:

Լուսանկարներից պարզ երեւում է որ.

Ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ որ փայտե կառույց եւ գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է,

Վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով,

Վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:

Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի եւ ափերի ավիրում, հետեւաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս:

Հետևաբար, ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

Արդյո՞ք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքում,

Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը,

Արդյո՞ք այդ շինարարությունն իրականացնողն ունի համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու եւ տարածքը ցանկապատելու համար:

Միևնույն ժամանակ նախարարություններից պահանջում ենք անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ տվյալ հատվածում իրականացվող շինարարությունը դադարեցնելու, բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ»:

 

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply