Սյունիքում կարկուտի ու սելավի պատճառով երկու տուն է փլվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2012 15:45

Սյունիքում մայիսի 22-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում տեղացած կարկուտը ոչ միայն  աննախադեպ էր իր ուժգնությամբ, այլեւ համայնքներին հասցված վնասի չափերով: Կարկուտից հիմնականում տուժել են Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Կապանի տարածաշրջանի Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի եւ Կապան քաղաքի պտղատու այգիներն ու ցանքատարածությունները: Շվանիձոր գյուղում կարկուտը ոչ մեծ չափերի է եղել, տեւել է ընդամենը 7 րոպե, սակայն անսովոր առատ, ինչի հետեւանքով համարյա ամբողջովին վնասվել են գյուղի նռնենիները, թզենիները եւ այլ պտղատու ծառեր, վնասվել են նաեւ 15 հա բանջարանաբոստանային կուլտուրաների ցանքսեր: Կարկուտին հաջորդած սելավի պատճառով Շվանիձորում փլվել  է 2 տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր: Ջրաբերուկներն ու տիղմը փակել են գյուղի բոլոր ճանապարհներ` այդ թվում նաեւ գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը: «Փլված տներից մեկում բնակվում է 5 հոգանոց ընտանիք, իսկ մյուսում ապրում է դպրոցում անգլերեն դասավանոդող ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավորուհին: Խեղճերի ողջ ունեցվածքն ամբողջովին հայտնվել է ջրի մեջ», – «Արմենպրես»ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Հովհաննես Օհանյանը: Սելավների պատճառով շարքից դուրս է եկել նաեւ Շվանիձորի ոռոգման համակարգը: Գյուղապետի տեղեկացմամբ,  2 ժամ ընդմիջումից հետո վերականգնվել է գյուղի էլեկրասնուցումը, գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի հիմնական ճանապարհը, սակայն դեռեւս վտանգ կա, որ գյուղում էլի տներ կան, որ հնարավոր է փլվեն: «Մեր գյուղն անճանաչելի է կարկուտից ու սելավից հետո: Այն ամբողջովին հայտնվել է ջրի ու տիղմի մեջ», – ասաց գյուղապետը: Մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը մարզի համայնքներում առաջիկա օրերին կճշտի կարկուտի հասցված վնասի չափերը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply