Զոլյանը պահակ, իսկ Աշոտյանը սերժա՞նտ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 22, 2012 14:43


“Դա քաղաքական հարց չէ, դա քաղաքացիական հարց է, և այսօր այն իր լուծումը պիտի գտնի իրավական դաշտում, որից արդեն ոմանք սարսափում են”,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ իր` ռեկտորի պաշտոնից հեռացման գործի առնչությամբ հայտարարեց ԵՊԼՀ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա կարծիքով ԿԳ նախարարը ինքն է ցանկություն հայտնել այս հարցը իրավական դաշտում լուծելու համար, և իրենք երեք հայցադիմում ենք ներկայացրել դատարաններ` բողոքարկելով նախարարի որոշումները: Զոլյանը հայտնեց նաև, որ վարչական դատարանը չի ընդունել իր հայցադիմումը` կապված Աշոտյանի` իրեն նկատողություն տալու հետ:
Նախկին ռեկոտրը գտնում է, որ համալսարանն այսօր փաստացի կազմալուծված է և չի գործում, ուստի, համալսարանի հետ կապված ցանկացած ամեն մի մանր հարց, մինչև անգամ այն, թե ում մոտ պետք է լինեն լսարանի բանալիները, որոշում է անձամբ ԿԳ նախարարը. “Բրյուսովում ոստիկանական և զորանոցային ռեժիմ է սահմանված, իսկ ԿԳ նախարարն էլ իրեն սերժանտի պես է պահում և ուզում է, որ ես իր համար պահակ լինեմ”:
Լրագրողների այն հարցին, թե ինչու նա չի զիջել իր աշխատասենյակը, երբ արդեն եղել է նախարարի պաշտոնական հրամանն իրեն հեռացնելու մասին, Զոլյանը պատասխանեց, որ ՊՕԱԿ-ների մասին օրենքում կա մի կետ, որով ՊՕԱԿ-ի ղեկավարը պարտավոր է չկատարել անօրինական հրամանները, և սա, ըստ նախկին ռեկտորի, հենց այդ դեպքերից է, ուստի ինքը չի ենթարկվել հրամանին ու չի ազատել իր աշխատասենյակը: Իսկ այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչը ստիպեց նրան, այնուամենայնիվ, ազատել իր կաբինետը, Զոլյանն ասաց, որ համալսարանի շենքը կա, ուսանողները կան, բայց համալսարան չկա, այն փաստացի կազմալուծված է, ինքը, գտնելով, որ այլևս անելիք չունի այդտեղ, որոշել է ինքնակամ հեռանալ:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply