ՀՅԴ հանրահավաք. «Վախեցեք այն օրվանից, որ մեզ կարգելեն նաև Ցեղասպանության հուշահամալիր բարձրանալ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2009 20:03

hanrahavaq1«Հայաստանում բարձրացել է հզոր ալիք, որը կսրբի Արձանագրությունները ու եթե  իրենք (իշխանությունները) չսրբագրեն, ստորագրողին էլ կսրբեն»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` քիչ առաջ ավարտված ՀՅԴ հանրահավաքի ժամանակ:

Հանրահավաքին  ելույթ ունեցավ նաև «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ում խոսքով` այս Արձանագրությունների ստորագրմանը հաջորդելու է Ղարաբաղի խնդրի լուծումը:

«Վավերացրեք  կամ մի վավերացրեք, Գյուլի կնոջ եփած ճաշը կերեք, Դավութօղլու սուրճը խմեք, բայց չմտածեք, որ չի գալու ժամանակը, երբ տերիտորիալ պահանջներ չենք ներկայացնելու 1,5 միլիոն զոհերի դիմաց»,-ասաց նա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հանրահավաքն արգելելուն, ասաց.«Վախեցեք այն օրվանից, որ մեզ կարգելեն նաև Ցեղասպանության հուշահամալիր բարձրանալ»:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանն էլ անդրադարձավ Հ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե իրենք 3 միլիոնի առաջ են պատասխանատու. «իրենք ոչ թե 3, այլ 9 միլիոնի առաջ են պատասխանատու: Եվ թող հայաստանաբնակ 3 միլիոնին չխաբեն` ասելով, որ 15 տոկոս տնտեսական աճ կունենանք»,- ասաց նա:

Մանուկյանն ասաց նաև, որ ընդդեմ Արձանագրությունների բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Թբիլիսիում` Հայաստանի դեսպանատան շենքի դիմաց: Նա տեղեկացրեց, որ 12 կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանն են միացել նաև 2 նոր կուսակցություն`«Նժդեհյան Ցեղակրոն» և «Հայկանդուխտ» կուսակցությունները։

Մանուկյանի հավաստմամբ` հաջորդ շաբաթվա ընթացքում ևս մի քանի քաղաքական ուժ կմիանա իրենց:

«Գոյամարտ» կուսակցության ղեկավար Սերգեյ Ղազարյանն էլ կոչ արեց խորհրդարանում Արձանագրությունների վավերացման օրը հավաքվել ԱԺ շենքի դիմաց և կողմ քվեարկած պատգամավորներին դիմավորել որպես դավաճաններ:

Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան նաև «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, և այլք:

ՀՅԴ-ն իր հանդիպումներն առաջիկայում կշարունակի  նաև մարզերում:

Դիտվել է 2664 անգամ:
Print Friendly

Leave a Reply