Կայացել է ԿԳ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 22, 2012 12:00

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը”: Բացելով նիստը՝ նախարարը կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ երկու տարի առաջ Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկած ծրագիրը տարեվերջին մոտենում է իր ավարտին, և կոլեգիայի անդամներին առաջարկել է ծանոթանալ ծրագրի ընթացքին՝ հորդորելով այն մեկտեղել դինամիկ և օգտակար քննարկման հետ: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի միջանկյալ գնահատականը ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը կտրամադրվի ինչպես կոլեգիայի անդամներին, այնպես էլ հասարակության լայն զանգվածներին և շահառուներին: Նախարարը տեղեկացրել է նաև, որ կոլեգիայի նիստին հրավիրվել են այն հաստատությունների ղեկավարները, որտեղ ծրագիրն ունի առանձին, խոշոր ու կարևոր ենթաբաղադրիչ:
Կոլեգիայի անդամներին “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի ընթացքի և հետագա անելիքների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացրել “Կրթական ծրագրերի կենտրոն” /ԾԻԳ/ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Բանաձևելով ծրագրի հիմնական նպատակը` Հայաստանի կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները` ապահովելով հասարակության սոցիալ-տնտեսական պահանջներին համապատասխան հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության որակի աճ, ԾԻԳ-ի տնօրենը նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքն է 31.26 մլն ԱՄՆ դոլար: Տիկին Ղազարյանն ընդգծել է, որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից` հանրակրթության ոլորտի բարեփոխումներ և աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին` Բոլոնիայի գործընթացի շրջանակում: Ըստ ԾԻԳ-ի տնօրենի` հանրակրթության ոլորտի բարելավման հիմնական ուղղություններից մեկի` դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման շրջանակում, 2010-2011 թվականներին ՀՀ համայնքներում իրականացվել են մի շարք նախադպրոցական միկրոծրագրեր: <Քայլ առ քայլ>> ԲՀ-ի կողմից վերապատրաստվել է 124 համայնքի շուրջ 300 դաստիարակ. 2012 թվականի նոյեմբերին նախատեսվում է վերապատրաստել ևս 200 մանկավարժ: Ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման նպատակով մշակվել են հանրակրթական առարկաների գծով ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և վերապատրաստումների իրականացման կարգը, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը: Համապատասխան ծրագրով 2011թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերապատրաստվել է ատեստավորման ենթական շուրջ 6 հազար ուսուցիչ` տարբեր առարկաների գծով: Հանրակրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու նպատակով ծրագրի շրջանակում մշակվել են համապատասխան մոդուլներ` ուղղված դպրոցների տնօրենների կառավարման հմտությունների զարգացմանը: Ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՀՀ 1360 պետական դպրոցների վարչական և կառավարչական գործառույթների իրականացման համար տրամադրվել են համակարգչային սարքավորումներ, իսկ մոտ ապագայում Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին կփոխկապակցվի ևս 459 հանրակրթական ուսումնական հաստատություն: Ավագ դպրոցների բարեփոխումների աջակցության շրջանակում 81 ավագ դպրոցներում 2010-2011թվականներին ստեղծվել են ռեսուրս կենտրոններ, որոնք համալրվել են անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով: Ծրագրի երկրորդ բաղադրիչի` բարձրագույն կրթության բարեփոխումների աջակցության շրջանակում, իրականացվել են բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի ստեղծման, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) ներդրման, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի կատարելագործման և մանկավարժական կրթության բարեփոխումների իրականացման աշխատանքներ: Մասնավորապես, 2011թվականին Որակի ներբուհական համակարգի ներդրման և կատարելագործման նպատակով ՀՀ 10 պետական բուհերի տրամադրվել են համապատասխան դրամաշնորհներ. երկրորդ փուլին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ևս 9 պետական և 5 ոչ պետական բուհերի: Բացի այդ, 2011-2012 թվականին ՈԱԱԿ-ի կողմից իրականացվել է ՀՊՄՀ և ԵՊՃՇՀ փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրում. այս տարի նախատեսվում է իրականացվել ևս 3 պետական (ԵՊԿ,ՀՊԱՀ, ԵՊԼՀ ) և 2 (Գլաձոր համալսարան, Հյուսիսային համալսարան) ոչ պետական բուհերի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրում: Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ուսումնասիրվել է ՄԿԿՏՀ միջազգային փորձը և իրականացվել է կարիքների նախնական գնահատում: Մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգը: 2011 թվականից բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխման նպատակով Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի կողմից համապատասխան աջակցություն է տրամադրվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին:
Ծրագրի ընթացքի վերաբերյալ բանախոսին իրենց հարցերն են ուղղել կոլեգիայի անդամները, մասնավորապես, Անահիտ Բախշյանին հետաքրքրել է, թե տեխնիկական վերազինումից զատ որակական և բովանդակային ինչպիսի փոփոխություններ են կրել ծրագրին մասնակից ուսումնական հաստատությունները՝ հատկապես ավագ դպրոցում կրթության որակի բարձրացման, առանձին ավագ դպրոցների ցանցի կայացման և զարգացման տեսանկյունից: Տիկին Բախշյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմներին՝ նիստին ներկա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին առաջարկելով առավել մանրամասն ներկայացնել ծրագրին մասնակից բուհի խնդիրները և անելիքները: Ի պատասխան՝ բուհի ռեկտորը պարզաբանել է եվրոպական կրթական գնահատման համակարգի անցմանը մանկավարժական համալսարանի մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրականացվել է հսկայական աշխատանք՝ մշակվել են համապատասխան փաստաթղթեր, ճշգրտվել են ուսանողների մանկավարժական պրակտիկայի անցկացման մեխանիզմները:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին առավալապես հետաքրքրել է միջազգային փորձագետների ներգրավվածության խնդիրը և վերջիններիս ներկայացրած փորձի տեղայնացումն ու կիրառումը հայկական իրականության մեջ: Իրենց հուզող հարցերն են բարձրացրել նաև կոլեգիայի անդամ հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագրի շրջանակում իրականացվող կրթական ծառայությունների ֆինանսական բաշխվածության և հեռավոր գյուղական համայնքների դպրոցներում համացանցի մատչելիության խնդիրներին: Քննարկումների ընթացքում կարծիք է հնչել նաև, որ կրթական համակարգում իրականացվող քաղաքականության արդյունքում ձևավորված գործիքակազմը, համապատասխան գրադարանային համալիրը, էլեկտրոնային շտեմարաններն ու, առհասարակ, տեղեկատվական տեխնոլոգիաները որքանով են պահանջված տեղերում:
“Կրթության որակ և համապատասխանություն” վարկային երկրորդ ծրագրի ընթացքի վերաբերյալ կոլեգիայի անդամներին որոշակի պարզաբանումներ է ներկայացրել նաև Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է վերոնշյալ ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ի կարողությունների զարգացման և համապատասխան չափորոշիչների մշակման, ինչպես նաև բուհերի ինքնավերլուծությանը, կարողությունների գնահատմանն ու համապատասխան փորձաքննությանն ուղղված բովանդակային խնդիրներին: Նա հավելել է, որ նախատեսվում է որակի ներքին ապահովման համակարգի ներդրում մի շարք բուհերում և համապատասխան որակի ապահովման ձեռնարկի հրատարակում, ուր զետեղված կլինի բուհի որակի ապահովման գործընթացների նկարագիրը: Բացի այդ, 2014 թվականին ՈԱԱԿ-ն ունի բացառիկ հնարավորություն՝ դառնալու եվրոպական հավատարմագրման ցանցի լիիրավ անդամ, որն էլ իր հերթին ենթադրում է, որ նշված ժամանակահատվածում հայաստանյան հավատարմագրման գործընթացը կհամապատասխանի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափանիշներին:
Ամփոփելով նիստի արդյունքները և շնորհակալություն հայտնելով կոլեգիայի անդամներին՝ արդյունավետ աշխատանքի համար, նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական համակարգի բովանդակային փոփոխությունները, որպես կանոն, արդյունք են նախևառաջ տեխնիկական հագեցվածության, ինստիտուցիոնալ և մեթոդական փոփոխությունների: “Շատ հաճախ առանձին կրթական ծրագիր իրականացնելով՝ մենք ակնկալում ենք համակարգային փոփոխություններ, սակայն դա այդպես չէ: Կամաց-կամաց է ճեղքը պատուհան դառնում, և միանգամից չի փլվում պատնեշը՝ հնի ու նորի: Իրականում բուհական հավատարմագրման անցումային այս շրջանը մեծագույն մարտահրավեր է վերջիններիս համար՝ հասարակությանն ապացուցելու իրենց մատուցած կրթական ծառայությունների որակը: Ակնհայտ է, որ իրավական, կառուցվածքային միջավայրը փոխվում է, սակայն կրթության որակի ապահովման տեսանկյունից հայաստանյան բուհերը դեռևս հսկայական աշխատանք ունեն կատարելու: Մեր բանաձևը շատ պարզ է՝ հինգ տարվա մեջ ունենալ միջազգային հավատարմագրված հինգ բուհ կամ կրթական ծրագիր”,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով նաև, որ հունիսի վերջին Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որը, ըստ Արմեն Աշոտյանի, մեծ պատիվ, բայց միաժամանակ մեծ պատասխանատվություն է Հայաստանի կրթական ոլորտի համար, որը, համակարգելով բարեփոխումները, պարտավորվում է էլ ավելի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին և տեղում բարձրացնել բարեփոխումների իրականացման մակարդակը:
Կոլեգիայի ավարտին ընդունվել է որոշում՝ համաձայն որի ի գիտություն է ընդունվել Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրենի ներկայացրած զեկույցը և առաջարկ է հնչել կոլեգիայի նախագահին՝ Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի գնահատման միջանկյալ զեկույցը տրամադրել նաև կոլեգիայի անդամներին:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply