Քննարկել են առաջիկա բերքահավաքի հետ կապված հարցերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 22, 2012 11:15

Աշնանացան և գարնանացան մշակաբույսերի առաջիկա բերքահավաքի հետ կապված հարցերն են  քննարկվել  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ  երեկ  հրավիրած խորհրդակցությունում:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները և շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցեցել են  բերքահավաքի նախապատրաստության և դաշտերում տիրող իրավիճակի մասին: Գյուղնախարար Ա.Խաչատրյանի փոխանցմամբ` հանրապետությունում այս տարվա բերքի տակ կատարվել է 61 հազար հեկտար հացահատիկի աշնան ցանք` 7 հազար հեկտարով ավելի, քան նախորդ տարի էր: Գարնանացանը շարունակվում է, և այժմ գլխավոր խնդիրն է` հաջողությամբ ավարտել այդ կամպանիան ևս և պատրաստ լինել աճող բերքի անկորուստ հավաքմանը` նշել է նա:

Վարչապետ Ա.Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է բերքահավաքի նախապատրաստության երեք հիմնական խնդիրների  վրա. առկա գյուղտեխնիկան բերել սարքին վիճակի, ձեռնարկել հակահրդեհային անհրաժեշտ միջոցներ արտերը կրակից զերծ պահելու համար, ծրագրել բերքի մթերման և իրացման անելիքները: Վարչապետը հայտարարել է, որ պարենային հացահատիկի գինը չի նվազի անցյալ տարվա ցուցանիշից, նախնական հաշվարկով` այն ցածր չի լինի 130 դրամից (1կգ հացահատիկի դիմաց):

Իրենց ղեկավարած կառույցների կողմից կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությամբ հանդես են եկել  ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը: Վարչապետը հանձնարարել է  հացահատիկային և դաշտային վնասատուների դեմ միջոցառումներում ներգրավել սեփականատեր և վարձակալ հողագործներին, իսկ բերքահավաքի ժամանակ տեխնիկան առաջնահերթության կարգով տրամադրել, նախ, սեփականատերերին:

Ամփոփելով խորհրդակցությունը` ԼՂՀ կառավարության ղեկավարը շեշտել է, որ հարկ է, միաժամանակ, նախապատրաստվել նաև գալիք աշնանացանին: Անհրաժեշտ է ճիշտ պլանավորել ցանքաշրջանառությունը և հետևել ագրոկանոններին` պահանջել է նա: Վարչապետը իրավասու օղակներին ցուցում  է տվել  բերքահավաքի նախապատրաստության շրջանակներում հնարավորություններ ստեղծել խոտհարքներից առավելագույնս օգտվելու համար: Պետք է ճանապարհներ հարթել այդ տարածքները մատչելի դարձնելու նպատակով: Ա.Հարությունյանի խոսքով` հանրապետությունում անասնագլխաքանակն ավելացել է, ուստի խոտահավաքը ևս պետք է իրականացնել արդյունավետ ու կազմակերպված:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցությունում քննարկված հարցերի կապակցությամբ վարչապետը շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգել է  երեքօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply