ՅԱՊՈՆՉԻԿ. «ՎԵՐՋԻՆ ԿՆՔԱՀԱՅՐԸ»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 16, 2009 19:46

yaponchikՌուս ամենահեղինակավոր «օրենքով գող» Յապոնչիկի մահը դարձավ լրատվական թիվ մեկ նորությունը:

Ինչպես վայել է «օրենքով գողին», նա չհասավ մինչեւ խոր ծերություն եւ բնական մահով մեռնելու հնարավորություն չունեցավ: Անցած ուրբաթ Յապոնչիկը մահացավ դեռ հուլիսին ստացած հրազենի գնդակից:

Նա այն վերջին «օրենքով գողերից» էր, որ այդ «տիտղոսը» սեփական վաստակով էր ստացել եւ այդպիսով դարձել ռուսական հանցագործ աշխարհի «վերջին կնքահայրը»: Այժմ դա փողով էլ է գնվում:

69-ամյա Վյաչեսլավ Իվանկովը գողական մականունը` «Յապոնչիկ», ստացել է ճապոնացիների աչքերին իր աչքերի նմանությամբ: Մեկ այլ վարկածով ժառանգել է մեկ այլ հանցավոր հեղինակության` Միշկա Յապոնչիկի, անունը:

Գողական կարիերան սկսել է 1960-ականներին «Մոնղոլի»` Գեննադի Կորկովի մոտ, որը դրամաշորթությամբ էր զբաղվում: Իրենց պահանջները չկատարողների կանանց ու աղջիկներին նրա մարդիկ անտառում կախում էին ծառերից: 1964-ին Յապոնչիկն «օրենքով գող» հռչակվեց: 1972-ին հանցախումբը ձերբակալվեց: «Մոնղոլը» ստացավ 14 տարի: Յապոնչիկը ազատվելուց հետո ստեղծեց իր խումբն ու Սովետական միության տարիներին հինգ անգամ դատապարտվել է (1974, 1976, 1982, 1986, 1988 թվերին), կեղծ փաստաթղթերի օգտագործման, զենքի միջոցով կազմակերպված կողոպուտի, բռնության կիրառման, ոստիկանության աշխատակցի կյանքին սպառնալու, զենքի անօրինական օգտագործման եւ դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելու համար: 1992-թվականի մարտին մեկնում է ԱՄՆ եւ1995-ի հունիսի 8-ին վեցերորդ անգամ դատապարտվում ռուս բիզնեսմեններից դրամ շորթելու համար:

2005 թ. ուղարկվում է Ռուսաստան, որտեղ սկսվում է նրա դատավարությունը Թուրքիայի երկու քաղաքացու սպանության եւ երրորդի անհետացման մեջ մեղադրականով: Հուլիսի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանն արդարացրեց Յապոնչիկին: Վկաները, որոնց մեջ նաեւ ոստիկաններ, ասացին, որ առաջին անգամ են տեսնում Յապոնչիկին:

Գողը որոշում է, որ սա իր վերջին դատավարությունն է լինելու եւ փորձում է հեռու մնալ հանցավոր գործերից: Սակայն «օրենքով գողի» համար չի թոշակառուի կյանքը:

Նա կրկին ակտիվացավ. երբ հայտնի դարձավ, որ Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Սոչիում 64 միլիարդ դոլարի շինարարություն է լինելու: Նման խոշոր շինարարություններում քրեականները մեծ մասնաբաժին են ունենում:

Պայքարն ընթանում էր երկու խոշոր խմբավորումների մեջ` «օրենքով գող» Հասանի կամ «Դեդի»` ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի եւ վրացի Օնիանի Տարո խմբավորումների մեջ:

Հակամարտության որպես հաշտարար, դատավոր ընտրում են Յապոնչիկին, որը բացահայտ բռնում է Հասանի կողմը: Օնիանին դրա հետ հաշտվել չէր կարող: Նա դիմեց ամենածայրահեղ քայլի:

2009 թ. հուլիսի 28-ին Յապոնչիկի դեմ կատարվեց մահափորձ: Հանցավոր հեղինակությանը կրակեցին Խորոշեւսկի պողոտայում գտնվող «Тайский слон» ռեստորանից դուրս գալիս: Նշանառուները գտնվում էին ռեստորանի դիմաց կանգնած «Գազել»-ում: Իվանկովին արագ տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատեցին ծայրահեղ ծանր:

Նշանառուն կրակել էր երեք փամփուշտ: Վիրահատության շնորհիվ նրանցից երկուսը հեռացվել է, իսկ մեկը չի հաջողվել հանել: Մարմնում մնացած փամփուշտի ծայրը եղել է փոքրինչ խարտած, ինչի պատճառով գնդակը կենտրոնախույս է դարձել եւ, պտտվելով մարմնում, քայքայել օրգանիզմի տարբեր մասեր:

Մահափորձից հետո Օնիանիի կողմնակից հեղինակությունների մի խումբ անցել է Հասանի կողմը: Օնիանին այս տարվա հունիսից գտնվում է «Мамросская тишина» գաղութում` մի բիզնեսմենի առեւանգելու մեղադրանքով:

Վյաչեսլավ Իվանկովին կթաղեն Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում, որտեղ թաղված է նաեւ նրա մայրը:

Ըստ gazeta.ru-ի, Յապոնչիկի մտերիմներին հաջողվել է գտնել քիլլերին եւ վրեժ լուծել: Մի քանի շաբաթ առաջ էլ, երբ բժիշկները դեռ պայքարում էին Իվանկովի կյանքի համար, 35 «օրենքով գողեր» նամակ են ուղարկել ռուսական գաղութներ եւ ուղղիչ կենտրոններ, որում կոչ են արել Օնիանիին նվաստացնել բոլոր հնարավոր ձեւերով: Ներկայումս ռուսական ոստիկանության գերխնդիրն է` թույլ չտալ, որ Յապոնչիկի մահվան պատճառով Ռուսաստանում սկսվի մեծամասշտաբ գանգստերական պատերազմ:

Վյաչեսլավ Իվանկովի անձնականը

Յապոնչիկի հայրը եղել է հարբեցող, իսկ մայրը հիվանդագին մաքրամոլ: Ասում են, որ մայրը նույնիսկ փողերն է լվացել ու արդուկել:

Իվանկովը սովորել է մարմնամարզության ուսումնարանում: Այնուհետեւ աշխատել է կրկեսում: Պատանի հասակում ավտովթարի հետեւանքով ստացել է գլխուղեղի վնասվածք: Նաեւ կրկեսում փորձերի ժամանակ վայր է ընկել եւ կրկին վնասել գլուխը:

Վյաչեսլավ Իվանկովն ուսումնարանն ավարտելուց հետո` 21 տարեկանում, ամուսնացել է Լիդիա Այվազովնայի հետ: Չնայած մի քանի տարի հետո բաժանվել է (գողը պետք է ամուսնացած չլինի), սակայն ողջ կյանքն ապրել է նրա հետ: Լիդիան շատ նվիրված կին է եղել: Յապոնչիկն էլ նրան է շատ սիրել: Նրանք ունեցել են երկու որդի`Գենադին եւ Էդվարդը: Տղաները գողական աշխարհից հեռու են:yaponchk

Իվանկովն իր կյանքում եղած կանանցից մեկից ունեցել է որդի` Վիկտոր Նիկոֆորովին, որը նույնպես «օրենքով գող» էր: Մահացել է 1992 թ.:

Մահափորձից հետո հիվանդանոցում նրան խնամում էին որդիները, իսկ կինն անդադար նրա մահճակալի մոտ էր:

Իվանկովը լավ գիտեր ռուս գրականություն, անգիր կարող էր արտասանել Եսենինի բոլոր ստեղծագործությունները: Նրա մտերիմներն էին Իոսիֆ Կոբզոնը եւ Ալլա Պուգաչովան:

Յապոնչիկը եւ հայերը

Յապոնչիկը սերտորեն կապված էր հայերի հետ: Նրա մտերիմ ընկերներից է եղել գողական աշխարհում հեղինակություն, հայազգի Սվո Ռաֆը:

Յապոնչիկը մի քանի անգամ եկել է Հայաստան: Նրա վերջին այցելությունները կապված էին իր ընկերների` հանցավոր աշխարհում հայ հեղինակություններ Մուշեղ Ազատյանի (Լենինգրադսկի Միշա) եւ Բենիամին Խաչատրյանի(գյումրեցի Բենո) սպանությունների հետ: Առաջին հերթին Յապոնչիկը հետաքրքրված էր Ազատյանի սպանությամբ, որի երեխաների կնքահայրն էր: Մուշեղ Ազատյանին սպանեցին 2003թ. հունիսին` Երեւանի «Ավիատրանս» հյուրանոցի մոտ: Պաշտոնապես այդ սպանությունը չի բացահայտվել: Ասում են, թե Յապոնչիկը բացահայտել է սպանողին եւ վրեժ լուծել:

Բենիամին Խաչատրյանը զոհվեց 2006-ին ԵրեւանՍոչի Ա-320 ինքնաթիռի կործանման հետեւանքով, սակայն Յապոնչիկը կասկածել է ինքնաթիռի կործանման պաշտոնական վարկածին եւ ինքն է փորձել իմանալ մանրամասներ:

Յապոնչիկը մոտ էր նաեւ Հայաստանի պետական որոշ ղեկավարների ու օլիգարխների հետ եւ բիզնես ուներ այստեղ:

Հեղ.` Մանվել Քեշիշյան

Դիտվել է 8633 անգամ:
Print Friendly

Leave a Reply