Միաձայն որոշվեց` «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոն կառուցելն անթույլատրելի է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 19:48

Այսօր՝ մայիսի 21-ին, Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում քննարկվեց «Հրազդան» մարզադաշտի հարցը:

Մասնագետները մեկ անգամ ևս հիշեցրին, որ մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից տարածքում (որը ծառայում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, տարհանման և առաջնահերթ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակներին) առևտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ Մշակույթի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, ճարտարապետներ, ինչպես նաև մարզադաշտի գլխավոր տնօրեն Գագիկ Ժամհարյանը: Ավելի ուշ քննարկմանը միացավ նաև  ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս նույնպես դեմ է  տարածքում առևտրի կենտրոնի կառուցմանը, սակայն միաժամանակ չի մոռանում  սեփականատիրոջ՝ Աշոտ Աղաբաբյանի ջանքերը՝ մարզադաշտը տարիներ շարունակ պահպանելու գործում. «Այդ առևտրի կենտրոնի կառուցումը նաև մարզադաշտը պահելու նպատակ ունի, սակայն դա կառուցելով սեփականատերը չի կարողանալու ծախսերը հոգալ,-ասաց նա:

Նրա խոսքով, մարզադաշտի հարակից տարածքում կա ևս մի առևտրի կենտրոն, որը գրեթե դատարկ է, և բիզնեսը չի արդարացնում: «Բիզնես չի լինելու, որ մարզադաշտը պահպանվի,-ասաց նա-մի ավելի մեծ, խոշոր քարե կույտ է լինելու, որ խանգարելու է: Իսկ ընդհանրապես, ինձ քիչ է հետաքրքրում, թե որտեղ կկառուցեն  իրենց բիզնես կենտրոնը: Համապատասխան մարմինները կորոշեն, որ էվակուացիային չի խանգարում, մարզադաշտի տարածքին և տեսքին չի կպնում, խնդիր չկա, որտեղ ուզում են, թող կառուցեն: Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ մարզադաշտը նորից մտցնեն Մշակութային արժեքների պահպանման ցանկի մեջ, դրանով էս ամբողջ խոսակցությունը կվերջանա»:

Ենթահանձնաժողովի անդամ Գուրգեն Մուշեղյանը, ով նաև մարզադաշտի ճարտարապետներից մեկն է, նշեց, որ մարզադաշտի հատակագծում կան հստակ քաղաքաշինական նորմեր, և արտակարգ իրավիճակների դեպքում առևտրի կենտրոնը կխոչընդոտի տարհանման աշխատանքներին: «Մարդիկ երեք հարկ իրար վրա պետք է կանգնեն, որ կարողանան անցնել,-ասաց նա,-այս սպորտային հրապարակները այն տարհանման տարածքներն են, որտեղ պետք է մարդիկ հավաքվեն, տուժողներին ցուցաբերվի օգնություն, օդային տրանսպորտ իջնի և այլն»:

Ճարտարապետը համոզված է, որ քաղաքապետարանի կողմից այդ տարածքը «Հրազդան» մարզադաշտի անբաժանելի մաս չհամարելու և խառը կառուցապատման գոտու կարգավիճակն ընդհանուր օգտագործման տարածքի չվերափոխելու դեպքում վտանգը միշտ կախված է լինելու. «Այսօր կառուցվում է առևտրի կենտրոն, վաղը կարող է կառուցվել հյուրանոց կամ կազինո, այսինքն այստեղ գերիշխողը առևտրային խնդիրներն են»,-նկատեց նա:

Աշոտն Աղաբաբյանի ներկայացուցիչը՝ Գագիկ Ժամհարյանը, հայտնեց, որ իրենք նույնպես կասկածի տակ չեն դնում մարզադաշտի ազգային, հասարակական նշանակությունը՝ հիշեցնելով, որ սեփականատերը ամսական հսկայական գումարներ է ծախսում մարզադաշտի պահպանման համար, որոնք գոյանում են տոնավաճառի հասույթից: «Սակայն մենք նախատեսում ենք ստեղծել ժամանակակից առևտրի կենտրոն այն վայրում, որը չի խոչընդոտի ընդունված չափորոշիչներին,-ավելացրեց նա:

Երբ Ժամհարյանը փորձեց հիշեցնել Հայաստան-Թուրքիա խաղը՝ նշելով, որ այդ ժամանակ իրենց թույլատրվել է խաղն անցկացնել 18 000-անոց հանդիսատեսով, Ռուբեն Հայրապետյանը վրդովվեց. «18 000-ը և 54 000-ը նմա՞ն են իրար,-ասաց նա՝ իր հերթին հիշեցնելով, որ մարզադաշտը մինչև 54 000 հանդիսատես է նախատեսում:- Մենք պետք է հաշվի առնենք էքստրեմալ իրավիճակները, կարողանալո՞ւ ենք էվակուացնել 54 000 մարդ՝ ոգևորված և ագրեսիվ: Դե պարզ է, Թուրքիայի խաղի ժամանակ պարտվեցինք, գլուխներս կախ հանգիստ դուրս եկանք»:

Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես անթույլատրելի է համարել առևտրի կենտրոնի կառուցումն այդ տարածքո հիմնավորելով, որ մարզադաշտին կից տարածքի գործառնական նշանակությունը փոխելով, այդ տարածքում արդեն իսկ կառուցված ոչ կապիտալ շինությունների և առևտրի կենտրոնի կառուցմամբ՝ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին հայտարարեց, որ տարածքը պետք է մնա անձեռնմխելի: «Մենք ճիշտ ուղու վրա ենք,-ասաց նա,-այդ մարզադաշտը պետք է հետ վերադարձվի քաղաքացիներին՝ որպես հասարակական արժեք»:

Հանձնաժողովը միաձայն որոշեց դիմել ՀՀ վարչապետին՝ չեղյալ համարելու Երևանի քաղաքապետարանի կողմից «Հրազդան» մարզադաշտի մաս կազմող օտարված տարածքի գործառնական նշանակության վերաբերյալ որոշումը՝ սպորտային գոտուց խառը կառուցապատման գոտու վերածելու վերաբերյալ, չեղյալ համարել նաև առևտրի կենտրոնի կառուցման որոշումը, «Հրազդան» մարզադաշտը ներառել պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում և սկզբնական նախագծին համապատասխան՝ մարզադաշտին կից անբողջ տարածքը հայտարարել սպորտային և հանգստի գոտի:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply