Ռոբերտ Էմմիյան. «Ուրախ կլինեմ, որ ինձանից հետո, հայ երիտասարդներից մեկը գերազանցի իմ սահմանած ռեկորդը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 16, 2009 19:28

Շուրջ մեկ ամիս Հայաստանում էր ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Ռոբերտ Էմմիյանը: 44-ամյա հեռացատկորդը վաղուց հրաժեշտ է տվել մեծ սպորտին, սակայն նրա սահմանած Եվրոպայի ռեկորդը (8 մ 86 սմ) ցայսօր`արդեն 22 տարի, չի հաջողվում գերազանցել ոչ մեկին: Հոկտեմբերի 2-ին հայրենիքից հեռանալուց առաջ, նա սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:

Ռոբերտ, այժմ որտե՞ղ ես, ինչո՞վ ես զբաղվում:

Տեղյակ եք, որ 1992-ից ընտանիքով Ֆրանսիա էի տեղափոխվել եւ մարզչությամբ էի զբաղվում: 2000-ին Կատար էի մեկնել եւ պետք է որպես մարզիչ աշխատեի 6 ամիս: Մարզչական աշխատանքում հաջողություններ ունեցա: Դրանցից ամենանշակալին այն էր, որ իմ սանը` հեռացատկորդ Մոհամեդ Ալ Մոդյակը, դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Դոհայում` 4, 5 տարի մարզչական աշխատանքից հետո, ինձ առաջարկեցին կատարել Կատարի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականի պարտականությունները: Դա նոր ոլորտ էր, գործ ունեի արդեն օլիմպիական 27 մարզաձերի ներկայացուցիչների հետ եւ զգալի աշխատանքային փորձ կուտակեցի: Այսպես շարունակվեց եւս 4, 5 տարի: Ու թեւ առաջարկում էին երկարաձգել աշխատանքային պայմանագիրս, նույնիսկ փաստաթղթերը թարմացնելու ուղղությամբ աշխատանքներ կատարվեցին, սակայն, ի վերջո, գերադասեցի թողնել Կատարը:

Եթե գաղտնիք չէ, դու ո՞ր երկրի քաղաքացի ես:

Հայաստանի: Չեմ էլ փորձել այլ բանի մասին մտածել: Ընտանիքիս անդամները Ֆրանսիայի քաղաքացիներ են: Եւ արտասահմանում, ի տարբերություն նրանց, երբեմն փոքրինչ երկար են նայում փաստաթղթերս, հատկապես հայկական անձնագիրս: Սակայն դրանում արտասովոր ոչ մի բան չկա, երբ ամեն բան նորմալ է:

Իսկ Հայաստանում բնակարան ունե՞ս:

Դավիթաշենում: Մայրս` Ազատուհին, է այնտեղ բնակվում: Երկրաշարժից հետո Գյումրիում ինձ Ավստրիական թաղամասում մի տնակ էին հատկացրել: Այն օթեւան է դարձել քրոջս ընտանիքի համար: Սակայն այդ ամենն էական չէ: Հայաստանում, վրանի տակ էլ կարող եմ ես բնակվել, միայն թե կարողանամ օգտակար լինել իմ ժողովրդին:

Պարտադիր տարին մեկ անգամ դու մի քանի օրով հայրենիք ես գալիս, որպեսզի ֆինանսավորեսանցկացնես Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարը: Գո՞հ ես օրերս կայացած այդ ստուգատեսի կազմակերպումից:

Այո: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային պլանում տեղ գտած այս մրցաշարն անցկացվեց ութերորդ անգամ: Նախկինում այն երկու անգամ կազմակերպվել էր Ծաղկաձորում, երեք անգամ` Վանաձորում եւ երկրորդ անգամ է, որ այն անցկացվում է Գյումրիում: Աստիճանաբար ընդլայնվում է շրջանը: Գնալով ավելանում է այն երկրների թիվը, որոնք ներկայացուցիչներ են գործուղում այս ստուգատեսին: Մասնավորապես, այս մրցումներում իրենց նորամուտը նշեցին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Քենիայի ներկայացուցիչները: Եթե Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող աթլետիկական պայմաններ լինեն, ապա կկարողանանք ամբողջ աշխարհի ուժեղագույն հեռացատկորդներին` առանց ամաչելու, այստեղ մրցումների մասնակցելու հրավիրել: Ցավոք, Երեւանը շարունակում է մնալ եվրոպական միակ երկրի մայրաքաղաքը, որը միջազգային չափանիշներին համապատասխանող աթլետիկայի մարզադաշտ չունի: Իսկ Հայաստանի այս պայմաններում հնարավոր չէ, որ աստղերը բարձր արդյունքներ ցույց տան: Ինչէ, մրցումներն անցան հետաքրքիր եւ լարված պայմաններում: Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ մրցանակակիր դարձավ Արսեն Սարգսյանը`7 մ 63 սմ: Սա փոքր սփոփանք է մեր մարզիկի համար, քանի որ անցյալ տարի այս մրցումներում նա հաղթող էր ճանաչվել: Իրեն չկարողացավ դրսեւորել Հայկանուշ Բեգլարյանը: Իսկ տղամարդկանց եւ կանաց պայքարում ուժեղագույններ ճանաչվեցին ուկրաինացի Ալեքսանդր Սոլդատկինը եւ ֆրանսուհի Վանեսա Գլադոն: Նրանք ցույց տվեցին համապատասխանաբար` 7մ 80 սմ եւ 6 մ 31 սմ արդյունք:

Սակայն այս անգամ փոքրինչ շատ մնացիր Հայաստանում: Ո՞րն է դրա պատճառը:

Բանն այն է, որ հանդիպել եմ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, առաջարկներ եղան, որ որոշակի աշխատանքներ կատարեմ այս մարզաձեւը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ: Նախկինում էլ այս մասին շատ խոսակցություններ էին եղել, սակայն միշտ ինչոր բան խանգարել էր: Այժմ դժվարանում եմ ասել, թե ինչ կարգավիճակով, սակայն գործունություն կծավալեմ Հայաստանում: Կարծում եմ, որ պաշտոնը էական չէ: Կարեւորն այն է, որ արդյունք լինի: Այդ է պատճառը, որ Գյումրիում, Երեւանում պարապմունքներ եմ անցկացրել մի քանի տասնյակ մեր լավագույն պատանի, երիտասարդ մարզիկների հետ, փորձել ծանոթանալ նրանց կարողություններին: Եվ տպավորությունները լավ են: Վարդան անունով շնորհալի մի երիտասարդ հեռացատկորդի հանդիպեցի եւ շատ ուրախացա, երբ իմացա, որ նա 7 մ 80 սմ արդյունքով հաղթող է դարձել աթլետիկայի ոչ զարգացած երկրների Եվրոպայի առաջնությունում: Նույնը կարող եմ ասել նաեւ 14-ամյա Սաթենիկի մասին, ով արդեն հեռացատկում է 6 մ:

Տեսակետ կա, որ հայերն աթլետիկայի մի քանի տասնյակ մրցաձեւերից միայն հեռացատկում կարող են հաջողության հասնել: Դու էլ այդ կարծիքի՞ն ես:

Մենք ավանդույթներ ունենք: Ինձանից առաջ Իգոր ՏերՀովհաննիսյանը եղել է աշխարհի, Եվրոպայի ռեկորդակիր: Քսան տարի նրան էր պատկանում Եվրոպայի ռեկորդը: Ստացվում է, որ Հին աշխարհամասում հեռացատկի ռեկորդը 43 տարի հայերիս ձեռքում է: Ուրախ կլինեմ, որ ինձանից հետո հայ երիտասարդներից մեկը գերազանցի իմ սահմանած ռեկորդը: Հնարավոր չէ, որ մեր ազգում չլինեն նոր ՏերՀովհաննիսյաններ, Էմմիյաններ: Կարեւորն այն է, որ ներկայումս ճանապարհները բաց են, մարզիկները միջազգային մրցումների մասնակցելու մեծ հնարավորություններ ունեն: Ինքս ժամանակին ստիպված եմ եղել դժվարին պայքար մղել ԽՍՀՄ հավաքականում տեղ զբաղեցնելու համար, որպեսզի ինձ թույլատրեն միջազգային ստուգատեսների մասնակցեմ: Իսկ այժմ մերոնք կարող են միանգամից ճանաչման արժանանալ:

Իրատեսակա՞ն է դա:

Այդ մասին նախարար Արմեն Գրիգորյանի հետ եմ զրուցել: Եթե Երեւանի «Հրազդան», Գյումրիի, Վանաձորի մարզադաշտերում պայմաններ ստեղծվեն, ավելի շատ երիտասարդներ կցանկանան զբաղվել աթլետիկայով, մի շարք միջազգային մեկնարկներ կկազմակերպվեն, եւ արդյունքներ էլ կլինեն: Իսկ առայժմ Հայաստանում չկա թեկուզ մեկ բացօթյա ցատկափոս, որում նորմալ ավազ լինի: Միայն Երեւանի «Սպարտակ» մարզասրահում կարելի է այդպիսին գտնել, այն էլ նախատեսված է միայն պարապմունքների համար:

Գյումրիում գործում է Ռոբերտ Էմմիյանի անվան աթլետիկայի դպրոցը: Ի՞նչ վիճակում է այն:

Աշխատում եմ հնարավորինս օգնել: Ամեն անգամ դատարկաձեռն չեմ գալիս, մարզագույք, հանդերձանք եմ բերում: Հետաքրքրվում եմ, ինչի պակաս կա, անմիջապես ուղարկում եմ: Սակայն այսուհետ, փորձելու եմ աշխատանք կատարել ամբողջ Հայաստանում:

Իսկ Փարիզում ո՞ր ուղղությամբ ես կենտրոնացել:

– 5 ամիս է, որ կրկին Փարիզում եմ: Աթլետիկայի Ֆրանսիայի ֆեդերացիայի ղեկավարության առաջարկով, երկու ընկերներիս հետ, ովքեր բարձրակարգ մասնագետներ են, աթլետիկայի նոր կառույց ենք ստեղծել: Կոչվում է «Խրոնո սֆեր»: Դա նրանց համար է, ովքեր աթլետիկայով փորձելու են լուրջ հաջողությունների հասնել: Հիմնականում հեռացատկ, կարճ եւ երկար տարածությունների վազքերն են:

Ձեր ընտանիքի անդամները քանի՞ տարի է Հայաստանուն չեն եղել:

Արդեն 8 տարի է: Կինս Լիդիան է, աղջիկներս են` Զվարթիկը եւ Լորենը: Զվարթիկը 15 տարեկան է, հայկական պարեր է սիրում եւ լավ խմբում է հանդես գալիս: Լորենը նրանից 2 տարով փոքր է, աթլետիկայով է զբաղվում եւ ցատկերում, արագավազքում հուսադրող արդյունքներ է ցույց տալիս:

Իսկ երեխաները հայերեն խոսո՞ւմ են:

Այո, բայց` արեւմտահայերեն:

Դիտվել է 3042 անգամ:
Print Friendly

Leave a Reply