Բժիշկ-բուսաբույժի խորհուրդներն ու բաղադրատոմսերը`գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 16, 2009 19:16
Աշոտյան

Աշոտյանը խորհուրդներ է տալիս Ամերիկայում գտնվող իր հիվանդներից մեկին:

Աշնանը երեւանյան գեղեցկության սրահները լեփլեցուն են. կանայք շտապում են կարգի բերել արեւի ճառագայթներից հոգնած մաշկը: Առաջարկվող բազմազան ու թանկարժեք ծառայությունները երբեմն մի ողջ կարողություն են խլում կանանց ամսական բյուջեից, եւ հաճախ, արդյունքները գոհացուցիչ չեն. ամռան ընթացքում արեւահարված, ջրազրկված մաշկը ենթարկվում է փորձությունների` այս անգամ կոսմետիկ միջոցների «հարձակման» միջոցով:

Ժամանակն է ընտրել մաշկի խնամքի լավագույն միջոցը` բնական խնամքը: Օգտվեք աշնան ընձեռած հնարավորությունից` վիտամիններ ամբարեք օրգանիզմում: Որպեսզի ձմռանը մաշկը դիմակայի ցրտին, պահպանի առաձգականությունը եւ լինի թարմ ու գեղեցիկ, շատ կերեք մրգեր, բանջարեղեն եւ, իհարկե, սնուցեք մաշկը բնական դիմակներով:

Բժշկական գիտությունների թեկնածու, բուսաբույժ Աշոտ Աշոտյանն առողջությունն ու արտաքին տեսքը պահպանելու համար հայ կանանց խորհուրդ է տալիս օգտվել հայաստանյան հարուստ բնությունից, քանի որ ժամանակակից աշխարհն արդեն գիտակցել է, որ քիմիական դեղամիջոցները վտանգավոր են ու գնալով ավելի մեծ տեղ է տալիս բուսաբուժությանը:

Բժիշկն առաջարկում է բնականբուսական դիմակներ չոր, յուղոտ մաշկի համար, ինչպես նաեւ սնուցող դիմակներ:

Բժիշկը կանանց խորհուրդ է տալիս պահպանել հոգեկան խաղաղ վիճակ, հետեւել արտաքին տեսքին եւ որ ամենակարեւորն է` սիրել, քանի որ սերն առողջության գրավականն է:

Այսուհետ մեր էջում պարբերաբար կներկայացնենք Աշոտ Աշոտյանի խորհուրդներն ու բաղադրատոմսերը կանանց հուզող շատ ու շատ խնդիրների վերաբերյալ:

Դիմակներ յուղոտ մաշկի համար

Բաղադրությունը.

30գ երիցուկ, 20գ դաղձ, 20գ սալիցիլաթթու, 1լ գինի:

Պատրաստման եղանակը.

Երիցուկը, դաղձը, սալիցիլաթթուն եւ գինին խառնել, 2 օր բերանը փակ ամանում պահել սենյակային ջերմաստիճանում:

Օգտագործման եղանակը.

Որոշ ժամանակ ամեն օր քնելուց առաջ քսել դեմքին:

Բաղադրությունը.

1 կիտրոն, 1 ձվի սպիտակուց:

Պատրաստման եղանակը.

Կիտրոնը քամել, կորիզները հեռացնել, ձվի սպիտակուցը հարել մինչեւ փրփրի, խառնել կիտրոնի հյութին, կրակի վրա թեթեւակի տաքացնել, թողնել սառչի:

Օգտագործման եղանակը.

Դիմակը քսել դեմքին, թողնել մի քանի րոպե, ապա խնամքով մաքրել:

Դիմակներ չոր մաշկի համար

Հատկապես չոր մաշկ ունեցողները եղանակները ցրտելուն պես պետք է հատուկ խնամեն մաշկը, հակառակ դեպքում` այն էլ ավելի կչորանա, կջրազրկվի ու կթոշնի:

Բաղադրությունը. 100 գ ալոե, 1, 5լ ջուր

Պատրաստման եղանակը.

100 գ ալոեի (3 տարեկանից ոչ պակաս) տերեւները կտրատել, լցնել խոր ափսեի մեջ, պահել սառնարանում 5-10 օր, այնուհետեւ լվանալ սառը ջրով, լցնել 1, 5լ ջրի մեջ, դնել թույլ կրակի վրա մինչեւ եռա, անջատել, 5 րոպե թողնել, ապա թուրմը քամել, լցնել շշի մեջ:

Օգտագործման եղանակը.

Օրը 2-3 անգամ քսել դեմքին, կես ժամ հետո գոլ ջրով լվանալ: Շատ օգտակար է չոր, թոշնած մաշկի համար: Օգտագործել մեկ ամիս: Թուրմը պահել սառնարանում:

Բաղադրությունը` 1 թեյի գդալ(թ/գ) մեղր, 1 թ/գ գլիցերին, 1 ճ/գ օղի, 1/3 բաժակ ջուր:0914bea_8

Պատրաստման եղանակը.

Մեղրն ու գլիցերինը լավ խառնել, ավելացնել ջուրը, ապա `օղին:

Օգտագործման եղանակը.

Խյուսը քսել մաշկին, թողնել 15-20 րոպե, ապա հեռացնել բամբակով: Կարելի է նաեւ լվանալ:

Սնուցող, թարմացնող դիմակներ

Բաղադրությունը.

1 ճաշի գդալ (ճ/գ) թարմ թթվասեր, 1 ճ/գ կաթնաշոռ, 1 թ/գ կերակրի աղ:

Պատրաստման եղանակը.

Թթվասերը, կաթնաշոռն ու աղը լավ խառնել` մինչեւ ստացվի համասեռ զանգված:

Օգտագործման եղանակը.

Դիմակը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, լվանալ տաք, ապա սառը ջրով: Օգտագործել շաբաթը 1-2 անգամ` 4-ից 6 շաբաթ տեւողությամբ:

Բաղադրությունը.

1 ձվի դեղնուց, 0, 5 թ/գ մեղր, 5 կաթիլ ձիթապտղի յուղ, 10 կաթիլ կիտրոնի հյութ, 1 թ/գ վարսակի ալյուր:

Պատրաստման եղանակը.

Ձուն, մեղրը, ձիթապտուղը, կիտրոնի հյութն ու վարսակի ալյուրը լավ հարել` մինչեւ ստացվի համասեռ զանգված:

Օգտագործման եղանակը.

Դիմակը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, մաքրել սառը ջրով, ապա սառը թրջոցներ դնել դեմքին:

Բաղադրությունը.

2 ճ/գ կավի փոշի, 15 կաթիլ կիտրոնի հյութ, 30գ սպիրտ

Պատրաստման եղանակը.

Կավը, կիտրոնի հյութն ու սպիրտը լավ խառնել, մինչեւ ստացվի համասեռ զանգված:

Օգտագործման եղանակը.

Քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, լվացվել սառը ջրով:

Դիտվել է 19915 անգամ:
Print Friendly

Leave a Reply