Երևանում մեկնարկել է հոմեոպաթիայի խնդիրներին նվիրված համաժողովը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2012 16:55
Այսօր մեկնարկել է հոմեոպաթիայի խնդիրներին նվիրված միջազգային քառօրյա համաժողովը, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:
«Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիայի» նախագահ Մարիամ Ղարաբաղցյանը նշել է, որ նման համաժողովներ ասոցիացիան կազմակերպում է երեք տարին մեկ անգամ, համաժողովի նպատակն է աշխարահի լավագույն հոմեոպաթ-բժիշկներին հրավիրել Հայաստան, հայ մասնագետներին հնարավորություն ընձեռել լսելու աշխարհի խոշոր մասնագետների զեկույցները, որոնք կբարելավեն հայ մասնագետների բժշկական գիտելիքները:
«Հոմեոպաթիա բուժամեթոդն աշխարհում գոյություն ունի 200 տարուց ավելի, իսկ Հայաստանում 19 տարի, բուժումն իրականացվում է բնական մեթոդներով` դեղաբույսեր, հանքային աղեր, կենդանիներ»,- հաղորդել է Մարիամ Ղարաբաղցյանը: Ըստ նրա, նմանօրինակ դեղորայքը չունի կողմնակի ազդեցություն:
Ասոցիացիայի նախագահը նշել է նաև, որ Հայաստանում հոմեոպաթիկ բժշկությանը վստահում են և առաջընթացն այն է, որ գրեթե բոլոր հիվանդանոցներում այսօր կան մասնագետներ:
Նշենք, որ հոմեոպաթիան ստեղծել է հանրահռչակ գերմանացի բժիշկ-դեղագործ Սամուել Հանեմանը: Հայաստանում բուժամեթոդը սկսել է կիրառվել 1993 թվականից, երբ Հայաստան է եկել և հայ բժիշկներին հոմեոպաթիա դասավանդել գերմանացի հայտնի հոմեոպաթ Սաբինե Ցիմերմանը:
Հոմեոպաթիան բժշկական մասնագիտություն է, որը բուժում է միայն բնական դեղերով: Այդ դեղորայքը պատրաստվում է բույսերից, կենդանական ծագման նյութերից, հանքային աղերից և այլն: Հոմեոպաթիկ բուժման ենթարկվում են բոլոր թերապևտիկ հիվանդությունները: Այս մեթոդով բուժման ամենամեծ առավելությունը դեղորայքի ոչ վնասակար լինելն է, քանի որ հոմեոպաթիկ դեղերը չունեն կողմնակի ազդեցություններ: Դեղորայքի պատրաստման համար օգտագործվում են դեղի սկզբնանյութի միկրոդոզաներ:






Facebook
Tweet This
Email This Post
