Շրջանառության մեջ կմտնեն նոր անձնագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 15:57

Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտնելու նոր տեսակի անձնագրեր, դրանք կենսաչափական անձնագրերն են և նույնականացման քարտեր:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
“Հունիսի 1-ին ՀՀ ոստիկանությունը ավարտին է հասցնում համապետական նշանակության բացառիկ ծրագիր, որի դրական արդյունքները շատ կարճ ժամկետում իրենց վրա կզգան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Խոսքը վերաբերում է նոր սերնդի էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթերի ներդրման համակարգին: Կառավարության վարած հետևողական և նպատակասլաց քաղաքականության արդյունքում հունիսի 1-ից համակարգը կսկսի շահագործվել”:
Քոչարյանի հավաստմամաբ` այս երկու տեսակի անձնագրերի ձեռք բերումը պարտադիր չէ, այլ կամովին է, ըստ ցանկության, միայն պետք է նշել, որ բիոմետրիկ անձնագրերը վիզա ստանալու բեռն ավելի կթեթևացնեն և մերժումների թիվն այս դեպքում ավելի քիչ կլինի: Սա ակնհայտ առավելություն է հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր շատ են ճամփորդում:
Բիոմետրիկ անձնագրերը արտաքինից շատ նման են մեր ներկա գործող անձնագրերին, սակայն հիմնական տարբերությունն այն է, որ այն իր վերջին էջում պարունակում է չիպ կամ էլեկտրոնային կրիչ, որտեղ զետեղված կլինեն քաղաքացու կենսաչափական տվյալները, ինչպես նաև բիոմետրիկ անձնագրում կլինի անձնագրի տիրոջ մատնահետքը:
Նույնականացման ID քարտերը, չնայած որ նախատեսված չեն ճամփորդությունների համար և չեն պարունակում կիենսաչափական տվյալներ և մատնահետք, բայց դրանք ևս համարվում են քաղաքացիությունն ու ինքնությունը հաստատող փաստաթղթեր և կարող են լիարժեք փոխարինել ներկայիս անձնագրերին և սոցիալական քարտերին, ինչպես նաև կարող են էապես բարելավել հանրային ծառայությունների որակը և իջեցնել կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացման քարտերի շնորհիվ պետական մարմինների հետ շփվել ուղղակի ինտերնետի միջոցով` առանց ֆիզիկապես ներկա գտնվելու այս կամ այն հիմնարկում կամ պաշտոնատար անձի մոտ:
Ոստիկանության գնդապետը նաև նշեց, որ նոր անձնագրեր ունենալով քաղաքացին չի հանձնում իր հին անձնագիրը և ցանկության դեպքում կարող է օգտագործել որքան ցանկանա: Նույնականացման` ID քարտ կամ կենսաչափական տվյալներով` բիոմետրիկ անձնագիր ունենալու համար պետության կողմից սահմանվել են տարբեր չափի պետական տուրքեր: Ըստ Քոչարյանի` ID քարտ ձեռք բերելու համար քաղաքացին պետք է վճարի 3000 դրամ, իսկ բիոմետրիկ անձնագիր` 25.000 դրամ:

Դիտվել է 3305 անգամ:
Print Friendly

Leave a Reply