Երկարաճիտք կոշիկներ`այնքան երկար, որ, ասես, վերջ չունի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 16, 2009 19:06

over-the-knee-boots-2010-3Այս տարվա երկարաճիտք կոշիկների նորաձեւությունը, կարծես, համահունչ է մոտեցող ցուրտ ուշ աշնանն ու ձմռանը: Նորաձեւ են ծնկից վերեւ երկարաճիտք կոշիկները, որոնք բնորոշվում են որպես մինչեւ ականջների ծայրը հասնող կամ վերջ չունեցող:

Մեր հասարակությունում նմանատիպ կոշիկները նույնացվում են մարմնավաճառ կանանց հետ, քանի որ մարմնավաճառները մեծ մասամբ ուշադրություն գրավելու համար կրում են դրանք:

Սակայն ժամանակն է կոտրել այդ կարծրատիպը եւ հետեւել աշխարհի առաջատար նորաձեւության տների առաջարկին:

Նմանատիպ երկարաճիտք կոշիկներ առաջարկում են Chanel-ը, Louis Vuitton-ը Stella McCartney-ն, Emilio Pucci-ն, Jimmy Choo-ն եւ ուրիշներ:

Այնպես որ, դասական կոշիկներ նախընտրողների համար նոր, ավելի համարձակ ոճ ընտրելու լավագույն ժամանակն է:

Սակայն, եթե պատրաստ չեք կամ ձեր ճաշակով չի նմանատիպ երկարաճիտք կոշիկներ կրելը, ապա նորաձեւությունն առաջարկում է եւս մեկ միտում` «ժոկեյական» ոճը: Սա հանգիստ ու հարմարավետ ոճի սիրահարների համար է: Առաջին հետաքրքիր հավաքածուն է առաջարկում Ջոն Գալյանոն: Տափակ կրունկներ, մինչեւ ծունկը հասնող երկարաճիտք կոշիկներ` անգույն եւ փայլուն բնական կաշվի համադրությամբ եւ մետաղյա ու կաշվե ճարմանդներով (пряжка):

«Կովբոյական» ոճը, ինչպես միշտ, այս տարի եւս շատ նորաձեւ է: «Կովբոյական» ոճի երկարաճիտք կոշիկներ արտադրող առաջատար ընկերություններն, ինչպիսիք են` Ջասթինը, Տոնի Լիման, Լյուքեիսը, առաջարկում են այդ ոճի հազարավոր կոշիկներ` 200-500 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Prada-ի ցուցադրությունները միշտ քննարկումների լայն ալիք են բարձրացնում, եւ վերջին ցուցադրությունը եւս բացառություն չէր. աշնանային նորաձեւ երկարաճիտք կոշիկներ` հասարակ կյանքի եւ բնության խորհրդանիշերով: Prada-ի նոր հավաքածուի համար հիմք են ծառայել հասարակ ռեզինե ձկնորսական երկարաճիտք կոշիկները, որոնց վրա ամրացված կաշվե փոքրիկ գոտիները միանում են գոտկատեղի կամ ոտքի վրա գտնվող գոտուն:

Սեզոնի գլխավոր միտումներից են նաեւ ուղիղ ճտքերը եւ քիթը վեր ցցած ձեւը:

Նորաձեւ հումք.

Լաքապատ կոշիկները դուրս են մղվել նորաձեւությունից: Նոր սեզոնում գլխավոր հումքը բնական կաշին է, զամշը եւ փայլուն ատլասը:

Նորաձեւ գույն.

Առաջին հերթին` սեւը, որը դիզայներները կոչել են սեզոնի գույն, սեւի հետ նաեւ` մոխրագույնը, շագանակագույնը: Սակայն նորաձեւության մեջ են ոչ միայն տխուր երանգները. իշխող գույներ են նաեւ մանուշակագույնը, կարմիրը, կանաչն ու կապույտը:

Դիտվել է 2370 անգամ:
Print Friendly

Leave a Reply