Դատական հայց՝ ընդդեմ նորելուկ «Orange Armenia»-ի. գրպանվել է միջնորդ ընկերության հասանելիք վարձավճարը

Օրվա լուր | | October 16, 2009 19:45

2009թ. սեպտեմբերին «Իմոբիլյարե» անշարժ գույքի գործակալությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Orange Armenia»-ի և Հյուսիսային պողոտայի կենտրոնում 780 քմ տարածքի սեփականատիրոջ` Վարդան Վարդանյանի:

«Իմոբիլյարե» անշարժ գույքի գործակալությունը դեռևս 2008թ. դեկտեմբերից սկսել է աշխատել  «Orange Armenia» ընկերության  հետ`վարձակալությամբ տարածքներ գտնելու համար:

2009թ. փետրվարին «Orange Armenia» ընկերության հետ եղել է համագործակցության բանավոր պայմանավորվածություն, որի հիման վրա «Իմոբիլյարե»-ն 4 ամիս շարունակ փնտրել է տարածքներ` ընկերության առևտրային կենտրոնների համար:

«Հյուսիսային պողոտայի կենտրոնում մենք գտանք 780 քմ տարածք: Պայամանագիրը պետք է ստորագրվեր երեք կողմերի միջև` «Իմոբիլյարե»-ի, «Orange Armenia» -ի և տարածքի սեփականատիրոջ միջև: Մեր գործակալությանը պետք է տրվեր վարձակալության մի ամսվա գումարը` 18.500 դոլար»,-պատմում է «Իմոբիլյարե» ընկերության իրավաբան Նաիրա Խաչատրյանը:

Պայմանագիրը կնքվել է օգոստոս ամսվա վերջին, բայց առանց «Իմոբիլյարե»-ի գիտության:

«Պայմանագրի կնքվելու մասին ես իմացա պատահականորեն,-պատմում է «Իմոբիլյարե»-ի տնօրեն Քրիստինա Հարությունյանը,- մինչ պայմանագրի կնքելը մենք գործ էինք ունեցել սեփականատիրոջ լիազորված անձի` Սուրենի հետ, սակայն նա անհետացել էր, պայմանագիրը կնքվել է նոր հայտնված, մեզ անծանոթ սեփականատիրոջ` Վարդան Վարդանյանի հետ»:

2009թ. սեպտեմբերին «Իմոբիլյարե»-ն հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Orange Armenia»-ի և տարածքի սեփականատիրոջ` Վարդան Վարդանյանի:

«Վարդանյանը ցանկություն չունի պարզել, թե ինչ է տեղի ունեցել իր լիազորված անձի` Սուրենի հետ, որին չենք կարողանում ոչ մի կերպ գտնել:«Orange Armenia»-ի գլխավոր տնօրենը պատրաստ է աջակցել մեզ՝ պարզելու այս խառնիճաղանջ պատմությունը, սակայն նրա աշխատակիցները խանգարում են նրան»,-ասում է իրավաբան Խաչատրյանը:

«Orange Armenia»-ի գլխավոր տնօրենը դատական նիստից առաջ առաջարկել է «Իմոբիլյարե»-ի իրավաբանին հետաձգել նիստը և լուծել խնդիրը բանակցությունների ճանապարհով: Սակայն դատական նիստը հետաձգելու պահին «Orange Armenia»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ մի բանակցություններ էլ չեն ընթանում և խնդրել է անցկացնել արագացված դատաքննություն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում:

«Իմոբիլյարե»-ի տնօրենին «Orange Armenia»-ի ներկայացուցիչները առաջարկել են 12.000 դոլար` գործը փակելու համար, այնուհետև`  6000 դոլար, ինչին չեն համաձայնել:

Այսօրվա մամուլի ասուլիսին հրավիրված են եղել բոլոր հեռուստաընկերությունները, սակայն նրանցից ոչ մեկը ներկա չէր. «հեռուստաընկերություններն ասացին, որ իրենք չեն կարող գալ, որովհետև պայմանագիր ունեն «Orange Armenia»-ի հետ»,-ասում է «Իմոբիլյարե»-ի տնօրենը:

Դիտվել է 2082 անգամ:
Print Friendly

Leave a Reply