«Ղարաբաղ 2014». Հայ և ադրբեջանցի փորձագետները կանխատեսումներ են անում ԼՂ հարցի շորջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2009 19:35

Այսօր տեղի ունեցավ «Ղարաբաղ 2014» ձեռնարկի շնորհանդեսը, որում 3 հայ (Մանվել Սարգսյան, Միքայել Զոլյան, Կարեն Բեքարյան) և 3 ադրբեջանցի (Ռաշադ Շիրինով, Թաբիբ Հուսեյնով, Շահին Աբասով) փորձագետներ առաջարկում են Ղարաբաղի հարցի լուծման հնարավոր սցենարներ և հեռանկարներ` այս տարվանից մինչև 2014-ի համար: Ձեռնարկի ստեղծումը նախաձեռնել է բրիտանական «Հաշտեցման պաշարներ» ծրագիրը:

«Հաշտեցման պաշարների» կովկասյան ծրագրերի մենեջեր Լորենս Տրոյն ասում է, որ շնորհանդեսի համընկնումը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետ պատահականություն է:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ Մինսկի խմբի որդեգրած փոխզիջումային քաղաքականությունը, որով արդեն 15 տարի առաջնորդվում են 2 կողմերը, արդյունավետ չէ և չի գործում: Այն փորձ է անում վերադառնալ 1991-ի ստատուս քվոյին, մինչդեռ «Ղարաբաղի հարցը ներկայումս ունի միայն մեկ լուծում` պետք է միայն ճանաչել Ղարաբաղը, և խնդիրը կփակվի»:

Սարգսյանն ասում է, որ ներկայիս մոտեցմամբ խնդիրը չի լուծվի, քանի որ Ադրբեջանը երբեք ոչ կոմպրոմիսի կգնա, ոչ էլ խնդիրը կընդունի, քանի որ դա կնշանակի հրաժարում Ղարաբաղից: «Բոլոր հնարավոր փոփոխությունները պետք է կախված լինեն միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններից»: Ըստ այդմ, Սարգսյանի կարծիքով՝ քիչ է հավանական, բայց հնարավոր տարբերակ է, որ միջազգային մակարդակով կողմերը գան որոշակի համաձայնության և այն պարտադրեն Ղարաբաղի հակամարտության կողմ երկրներին: Մյուս տարբերակը, ըստ Սարգսյանի, այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ Ադրբեջանը կսկսի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, և Ղարաբաղի հարցի լուծումը մեծապես կարող է կախված լինել այդ երկու երկրների հարաբերություններից. «Ադրբեջանը, օրինակ, կարող է առաջարկել կոնֆլիկտային տարածքներում տեղակայել ռուսական զորքեր»: Սարգսյանն ասում է, որ ներկա աշխարհում հզոր զենք է նաև միակողմանի ճանաչումը, ինչը ևս կիրառելի տարբերակ է Ղարաբաղի պարագայում:

Միքայել  Զոլյանի կարծիքով էլ՝ նախևառաջ փոփոխություններ պետք է տեղի ունենան երկու երկրների հանրությունում, որպեսզի մարդիկ ձգտեն խաղաղության և պատրաստ լինեն հակամարտության լուծմանը:

Սարգսյանն ասում է, որ ադրբեջանցի փորձագետները, գուցե ելնելով իրենց երկրում ստեղծված մթնոլորտից, մի քիչ սպեկուլյատիվ մոտեցում են ցուցաբերել. «Խոսել են ապագայի մասին` հիմք ընդունելով, որ կողմերի միջև ինչ- որ համաձայնագիր կկնքվի, և դրա հիմքի վրա են փորձել կանխատեսումներ անել: Նրանց հոդվածներն այդպիսով շատ արհեստական են դարձել, ավելի նեղ»:

Ադրբեջանցի փորձագետներից Շահին Աբասովը ներկայացրել է խնդրի հնարավոր լուծման 5 սցենար: Նա հնարավոր տարբերակ է համարում այն, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կոմպրոմիսի կգան, և Ղարաբաղը Ադրբեջանի կազմում կլինի լայն ինքնավարությամբ, ինչպիսին ունի, օրինակ, մեծ բրիտանական Շոտլանդիան: Նրա կարծիքով` հնարավոր տարբերակ է, որ կողմերը որևէ համաձայնության չգան, և ներկայիս փակուղային վիճակը շարունակվի:

Հուսեյնովն առաջարկել է հնարավոր 4 տարբերակ, որոնցում արծարծվում են Լաչինի միջանցքի և հանրաքվեի հարցերը: Իսկ Շիրինովն առաջարկում է 2 տարբերակ` Ադրբեջանը հաշտարարի դերում, ինչը նա «խաղաղ տարբերակ» է կոչում և 2-րդը` «սառը պատերազմ»:

Դիտվել է 2174 անգամ:
Print Friendly

Leave a Reply