Զոլաքարի հնավայրում գտնվել են պղնձե դրամներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | մայիսի 21, 2012 13:04

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում օրեր առաջ դպրոցի պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանի կողմից հողամշակման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերված բազմաշերտ հնավայրից գտնվել է նաեւ երկու մետաղադրամ: Գտածոյի մասին Օնիկ Հովսեփյանն անմիջապես տեղեկացրել է «Արմենպրես»-ին:

Մետաղադրամներից մեկը հատվել է 1911 թվականին, Ռուսասկան կայսրությունում եւ կրում է ռուսատառ գրություն: Երկրորդ պղնձե դրամը  պարսկական արձանագրություն ունի: Դրանք հավանաբար որպես զարդ են ծառայել, քանի որ եզրերին անցք ունեն: Գտնված դրամները փաստում են Զոլաքարում ոչ հեռավոր անցյալում հաստատված ինչպես պարսկականեւ  ռուսական տիրապետության շրջանում  դրամաշրջանառության մասին: Գտնված դրամները կհանգրվանեն Գեղարքունիքի մարզի հնագիտական թանգարաններից մեկում:

«Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ ուսուցչի` հնավայրի հայտանեբրումից հետո դեպքի վայրում ուսումնասիրություն է կատարել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, ով ունի հնագիտական աշխատանքի հարուստ փորձ եւ համագործակցում է հայ-իտալական հնագիտական արշավախմբի հետ: Հազեյանը հաստատել էր հայտնաբերված հնավայրի հետքերի պատմագիտական արժեքը եւ հավելել, որ այն իրենից ներկայացնում է բազմաշերտ նորահայտ հուշարձան, քանի որ գտնված խեցեղենը բնորոշ է ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ միջնադարյան կամ ուշ միջնադարյան ժամանակաշրջանին: Թոնրի կառուցվածքը, որը գտնվում է հողի մակերեսից երեք մետր խորության վրա եւ հյուսիսային պատի տակ է բացվում ակը, հիշեցնում է միջնադարյան ժամանակները: Մշակույթի նախարարության ներկայացուցիչը առանձնացրել է վեց քառակուսի մետր պահպանման տարածք, որտեղ Օնիկ Հովսեփյանին ցուցում է տվել չիրականացնել հողամշակման աշխատանքներ, մինչեւ որ այն կենթարկվի հնագիտական ուսումնասիրության: Գտածոյի մասին արդեն տեղյակ է պահվել Գեղարքունիքի մարզում մոտ երկու տասնամյակ հնագիտական ուսումնասիրություններ կատարող հայ-իտալական միացյալ արշավախմբի հայկական կողմի ղեկավար, հնագետ Սիմոն Հմայակյանին: Ամենայն հավանականությամբ, Զոլաքարի նորահայտ հուշարձան-հնավայրը հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախմբի կողմից կուսումնասիրվի այս տարվա հունիս- հուլիս ամիսների ընթացքում:

Դիտվել է 919 անգամ:

Leave a Reply