Հադրութի մոտ մայիսի 17-ին գյումրեցի զինվոր է մահացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2012 21:10

Մայիսի 20-ին Գյումրիում Նորավան թաղամասի իր` 140/008 իր տնակից հարազատները թաղեցին 19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանին, ով բանակ էր զորակոչվել 2011-ի դեկտեմբրի 28-ին:

Ըստ հարազատների պատմածների, զինվորը մահացել է ԼՂՀ Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում` ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով.«Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն զոհվել է այդ նռնակի պայթյունից»:

Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին եւ ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի նշման, անորոշ է:

Մեռելատուն էին այցելել Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակիցները: Թաղման թափորը ձգվում էր մոտ մեկ կիլոմետր:

Չնայած լրագրողների համառ որոնումներին, պարզվեց, որ այս մահվան մասին որեւէ պաշտոնական տեղեկություն դեռ չի տարածվել, թեպետ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

Լեւոն Բարսեղյան

 

asparez.am

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply