Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է”Վարդատոնին”

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2012 16:21

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է աշուղ Սայաթ – Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված Վարդատոնի միջոցառմանը։ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և”Սայաթ-Նովա” մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում մեծ աշուղի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, այնուհետ միացել Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոցի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի հուշարձան – աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Խորհրդանշական մեկական վարդով հարգանքի տուրք մատուցելով Սայաթ-Նովայի հիշատակին, ներկաները մեկ անգամ ևս փաստել են այն մեծ դերակատարումը, որ ունեցել է մեծ աշուղը հայ երգարվեստի պահպանման ու շարունակման ազգանվեր գործում:
Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914 թվականին` մեծն Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այդուհետ այն դարձել է ավանդական և ամեն տարի մայիսի վերջին Թբիլիսիում նշվել է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:
Միջոցառումների շրջանակում Սայաթ-Նովայի հուշարձան – աղբյուրի մոտ հնչել են մեծն քնարերգուի ստեղծագործությունները` ժողովրդական երգիչ-երգչուհիների և գուսանական-ժողովրդական համույթների կատարմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply