Տան պատերն էլ չօգնեցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 20, 2012 8:47
Լոնդոնի «Չելսին» առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող:
Տան պատերն էլ չօգնեցին Մյունխենի «Բավարիային» սեփական հարկի տակ անցկացված եզրափակիչ խաղում հաղթելու «Չելսիին»: Վերջինիս ֆուտբոլիստները «Ալյանս Արենա» մարզադաշտում կայացած վճռական հանդիպումում հետխաղյա 11 մ-նոց հարվածաշարում առավելության հասան մրցակցի նկատմամբ` 4;3:
Խաղի առաջին կեսն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ հիմնական ժամանակում արձանագրվել էր մարտական ոչ-ոքի` 1:1:
«Բավարիան» առավելություն ուներ և 82-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը:
Թվում էր, թե մյունխենցիները կհաղթեն, սակայն 89-րդ րոպեին լոնդոնցիներն այս խաղում առաջին անգամ անկյունային հարվածի հնարավորություն ստացան և Դիդյե Դրոգբան, գնդակի խաղարկումից հետո, խփելով պատասխան գնդակը, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը`1:1: Ուշագրավ է, որ մինչև այդ մրցակիցը 17 անկյունային էր իրացրել և արդյունքի չէր հասել:
Ի դեպ, արդեն լրացուցիչ խաղաժամանակում տանտերերը հիանալի հնարավորություն ստացան հաղթելու: Դրոգբան, Ֆրանկ Ռիբերիի հետ պայքարում, սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մ-ոց տուգանային, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո, դարպասապահ Պետեր Չեխը կասեցրեց գնդակը: Մինչև լրացուցիչ խաղաժամանակի ավարտը 1:1 հաշիվը մնաց անփոփոխ: Իսկ հետխաղյա 11 մ-ոց հարվածաշարի ժամանակ հաջողությունն ուղեկից էր «Չելսիի» խաղացողներին:
Մյունխենցիներից վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը, իսկ Ֆիլիպ Լամը, Մարիո Գոմեսը և Մանուել Նոյերը հստակ իրացրեցին:
Լոնդոնցիներից վրիպեց միայն Խուան Մատան, իսկ Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդը և Էշլի Քոուլը գրավեցին դարպասը:
Թիմերը հանդես եկան այսպիսի կազմերով.
«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Անատոլի Տիմոշյուկ, Ջերոմ Բոատենգ, Դիեգո Կոնտենտո, Բաստիան Շվայնշտայգեր, Թոնի Կրոս, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Իվիցա Օլիչ, 97), Թոմաս Մյուլեր, (Վան Բույտեն, 86) Մարիո Գոմես:
«Չելսի». Պետեր Չեխ, Ժոզե Բոսինգվա, Դավիդ Լուիս, Գարի Կեհիլ, Էշլի Քոուլ, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Սալոմոն Կալու (Ֆերնանդո Տորես, 84), Ռայան Բերտրան, (Ֆլորան Մալուդա, 73) Խուան Մատա, Դիդյե Դրոգբա:






Facebook
Tweet This
Email This Post
